3 x Հ ԿԱՄՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՐԲԻՏՐԱԺԻ ԽՈՍՔԸ

Download

Վերջին հարյուրամյակում միջազգային ներդրումների պատմությունը կարելի է բաժանել 2 փուլի՝ 1945-1989 թվականներ, երբ օտերարերկրյա ներդրողների համար նախատեսված էին գործունեության նվազագույն իրավունքներ, և 1989 թվականից մեր օրեր, երբ վերջիններիս համար ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ սահմանված են մի շարք իրավունքներ և երաշխիքներ[1]:

Համանման երաշխիքներից հատկապես կարևորվում է օտարերկրյա ներդրողի սեփականության պաշտպանությունը պետության հնարավոր կամայական բռնազավթումներից: Պետության կողմից օտարերկրյա ներդրողի գույքի և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազգայնացման դեպքում առաջինս պարտավոր է տրամադրել անմիջական, համարժեք և արդյունավետ փոխհատուցում: Սակայն առկա են դեպքեր, երբ վերոնշյալ գործողությունների կատարման համար պետությունը պարտավոր չէ փոխհատուցում տրամադրել: Մասնավորապես, երբ օտարերկրյա ներդրողի սեփականության իրավունքի խախտման համար հիմք հանդիսացած և պետության կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են օրենքին համապատասխան, եղել են անհրաժեշտ, համաչափ և ոչ խտրական, ուղղված են եղել հասարակության բարեկեցությունը, այդ թվում՝ շրջակա միջավայրի անվտանգությունը ապահովելուն[2]:     

Վերջին ժամանակաշրջանում հատկապես զարգացող պետություններում հանքարդյունաբերության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցող բացասական ազդեցության հարցերի քննարկումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Այդ մասին է վկայում միջազգային դատարաններում և արբիտրաժային տրիբունալներում քննվող գործերի քանակական և որակական աճը:

Միջազգային ներդրումների վերաբերյալ միջազգային ատյանների կողմից կայացված մի շարք որոշումներում ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ միջազգային ներդրողն ունի ինչպես նեգատիվ (չխախտել այլոց հիմնական իրավունքները և ազատությունները), այնպես էլ՝ պոզիտիվ պարտականություններ, ինչն իրենից ենթադրում է այնպիսի միջոցառումների ձեռնարկում, որոնք կապահովեն տեղի հանրության հիմնական իրավունքների իրացումը: Բացի այդ, օտարերկրյա ներդրողը պետք է իր ողջ գործունեությունը կազմակերպի հնարավորինս «թափանցիկ»՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով սոցիալական հաղորդակցության և հասարակության հետ կապերի ամրապնդման ծրագրեր[3]: Ստորև կներկայացվեն ուշադրության արժանի վերջին շրջանի առավել հայտնի դատական գործեր, որոնք ուղղորդիչ նշանակություն են ձեռք բերել համանման վեճեր քննող մարմինների համար:

 

«ԲԵԱՐ ԿՐԻԿ»-ն (BEAR CREEK) ընդդեմ Պերուի

«ԲԵԱՐ ԿՐԻԿ» ընկերությունը (սույն բաժնում՝ նաև Ընկերություն)՝ որպես օտարերկրյա ներդրող, հանքարդյունաբերական գործունեություն էր ծավալում Պերուի (սույն բաժնում՝ նաև Պետություն) Սանտա Անա հանքավայրում, ինչն առաջացրել էր տեղի բնիկների դժգոհությունը: Վերջիններս պնդում էին, որ հանքի գործունեությունը էական բացասական ազդեցություն էր թողնում տեղի հողերի և ջրի որակի վրա: Հանքի շահագործման դեմ տեղի բնակչության բացահայտ ընդվզումները սկսվեցին 2008 թվականի մայիսին և առավել մեծ թափով շարունակվեցին մինչև 2011 թվականի մայիսը, երբ Պերուի իշխանությունները ստիպված եղան Ընկերությանը տրված հանքարդյունաբերության լիցենզիայի գործողությունը դադադրեցնել:

Ներդումային Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնը[4] (այսուհետ՝ նաև Կենտրոն) սույն գործով կայացված որոշմամբ հայտնեց, որ թեև Պետությունը, այս հարցի կապակցությամբ իմանալով հանրության լայն շրջանակների դժգոհության մասին, կարող էր վաղօրոք առավել ողջամիտ և համաչափ միջոցներ կիրառել, սակայն սա օտարերկրյա ներդրողին չէր ազատում հասարակության կողմից իր գործունեության վերաբերյալ «լիցենզիա» (social license) ստանալու պարտականությունից, քանզի տեղի բնակչության հետ հարաբերությունների կարգավորումը էական նշանակություն ուներ Ընկերության կողմից նախատեսվող ծրագրերի ձևավորման և զարգացման համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իր հետագա գործունեության համար Ընկերությունը դեռ պետք է որոշ լիցենզիաներ ձեռք բերեր: Այսինքն, թեև Ընկերույթունը իր պայմանագրային պարտավորությունները կատարելիս որևէ խախտում թույլ չէր տվել, սակայն առաջինս ձախողել էր իր հետագա գործունեությունն իրականացնելու համար հասարակության աջակցության ստանալը ապահովելու գործընթացը, ինչն էլ քիչ հավանական էր դարձնում հետագայում պետական թույտվություններից զատ «հանրության լիցենզիան» ստանալու հնարավորությունը: Արդյունքում Կենտրոնը Ընկերության կողմից պահանջվող 522.2 միլիոն դոլլար փոխհատուցման գումարի փոխարեն սահմանեց միայն 18.2 միլիոն դոլլար[5]:

 

«ՍԱՈՒԹ ԱՄԵՐԻԿԱՆ ՍԻԼՎԵՐ»-ն (SOUTH AMERICA SILVER) ընդդեմ Բոլիվիայի

Սույն գործով 2018 թվականի նոյեմբերին միջազգային Արբիտրաժային մշտական դատարանի[6] կողմից կայացված որոշմամբ ևս մեկ անգամ ընդգծվեծ նմանատիպ գործերը քննելիս հասարակական և առավելապես շրջակի միջավայրի հետ կապված խնդիրները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Շահագործման ենթակա հանքի հարակից տարածքների բնակչությունը «ՍԱՈՒԹ ԱՄԵՐԻԿԱՆ ՍԻԼՎԵՐ» ընկերությանը (սույն բաժնում՝ նաև Ընկերություն) մեղադրում էր մի շարք հակաօրինական գործողությունների և իր գործունեությամբ շրջակա միջավայրի վրա անդառնալի բացասական ազդեցություն ունենալու մեջ: Մասնավորապես, առաջիններս պնդում էին, որ Ընկերությունը հասարակության տարբեր խմբերի միջև ուղղակիորեն հրահրում էր կոնֆլիկտներ, որոնք նպատակաուղղված էին նաև հակաօրինական ճանապարհով հանքի արդյունահանման գործընթացը շարունակելուն: Արդյունքում Ընկերության և բնակիչների միջև շարունակվող լարվածությունը հանգեցրեց անկառավարելի բռնությունների, որոնք ոտնձգում էին անգամ անձանց կյանքի և անձնական անձեռնմխելիության դեմ: Սպանությունների և մարմնական վնասվածքների դեպքերի կտրուկ աճի հետևանքով Բոլիվիայի կառավարությունը ստիպված եղավ հանրության պահանջով դադարեցնել Ընկերության կողմից հանքի արդյունահանման նպատակով իրականացվող հետազոտական աշխատանքները:

Արբիտրաժային մշտական դատարանը, ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը իր գործունեությամբ առաջ էր քաշել և շարունակաբար գրգռել էր տեղի հասարակության զայրույթը, գտել էր, որ Բոլիվիայի իշխանությունների գործողությունները օրինական էին, քանի որ դրանք ուղղված էին հասարակական պահանջները բավարարելուն և ծառայում էր հանրության կարիքներին: Այս գործով Բոլիվիայի կառավարության կողմից թույլ տրված միակ խախտումն ըստ Արբիտրաժային մշտական դատարանի Ընկերությանը համարժեք փոխհատուցում չտրամադրելն էր: Պահանջվող 385.7 միլիոն դոլլար գումարի փոխարեն որպես փոխհատուցում սահմանվեց 18.7 միլիոն դոլլար, և միաժամանակ բացառվեց հանքի հետագա արդյունահանման արդյունքում ստացման ենթակա հնարավոր բացթողնված օգուտների վճարումը[7]:

 

«ՓԱՍԻՖԻԿ ՎԱՅԼԴԿԱՏ ՐԻՍԸՐՍԻՍ»-ն (PACIFIC WILDCAT RESOURCES) ընդդեմ Քենիայի

Ներդումային Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնը 2018 թվականի հոկտեմբերին կայացրեց որոշում ըստ դիմումի՝ կանադական հանքարդյունաբերական ընկերության (սույն բաժնում՝ նաև Ընկերություն) ընդդեմ Քենիայի իշխանությունների: Գործը ներկայացվել էր Անգլիայի և Քենիայի միջև 2015 թվականին կնքված ներդրումների վերաբերյալ երկկողմանի պայմանագրի ներքո` կապված այն հանգամանքով, որ Նայրոբիում հանքանյութի արդյունահանման ծրագիրը իրականացվում էր այնպիսի տարածքում, որը Քենիայի օրենսդրությամբ պաշտպանվում էր որպես բնության հուշարձան:

Դիմումատու Ընկերությունը հղում էր կատարում նախկին նախագահի կառավարությունից ստացված և երկարաձգված ընդերքաբանական հետազոտության, ինչպես նաև՝ ընդերքօգտագործման լիցենզիաներին՝ ստացված մի քանի տարի անց՝ նախքան համապետական ընտրությունների անցկացումը: Ընդերքօգտագործման լիցենզիայի գործողությունը հետագայում նոր կառավարության կողմից կասեցվել էր, քանզի վերջիններս մեղադրում էին Ընկերությանը այն կաշառք տալու ճանապարհով ստանալու մեջ, ինչը, սակայն, չհաստատվեց ապացույցների ոչ բավարար լինելու հետևանքով:

Այս գործով կայացված որոշմամբ Կենտրոնը ընդգծեց, որ սույն իրավահարաբերության նկատմամբ Քենիայի կիրառելի օրենսդրության համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ցանկացած ծրագրի իրագործման համար լիցենզիա տրամադրելիս հարկավոր է իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուսումնասիրություն, ուստի նման պայմաններում Քենիայի համապատասխան պետական մարմինը չէր կարող կիրառվող օրենսդրության ներքո ընդերքօգտագործման իրավազոր լիցենզիա տրամադրել առանց վերոնշյալ ուսումնասիրության կատարման: Կենտրոնը նկատեց նաև, որ Ընկերությունը, Քենիայում առկա «բյուրոկրատական քաշքշուքների» հետևանքով կորցնելով «համբերությունը», այս հարցի կարգավորման համար ձգտել էր հասնել նախկին նախագահ Մվաի Կիբակիի աշխատակազմի միջամտությանը՝ այդ նպատակով ներգրավելով միջնորդական ծառայություններ: Ըստ գործող կառավարության պնդման՝ սրանով դիմումատուն նպատակ էր ունեցել շրջանցել իրավական խոչընդոտները և հանքարդյունահանման լիցենզիան ստանալ հակաօրինական ճանապարհով, մինչդեռ  Ներդումային Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնի հռչակագրով ու Անգլիայի և Քենիայի միջև կնքված պայմանագրով պաշտպանվում են միայն կիրառելի օրենքի պահանջներին համապատասխան կատարված միջազգային ներդրումները:

Կենտրոնը եզրակացրեց, որ ցանկացած գործունեություն իրականացնելու համար որևէ լիցենզիա կամ թույլտվություն ստանալիս կատարված միջազգային ներդրումների պաշտպանության համար հարկավոր է, որ այդ գործընթացը կազմակերպված լինի ներդրումներն ընդունող պետության օրենսդրությանը համապատասխան: Այնինչ, սույն գործով վիճարկվող իրավունքները բխում էին ոչ իրավական հիմք ունեցող փաստաթղթից, և հետևաբար դիմումատուն չէր կարող ակնկալել դրանց պաշտպանությունը:

 

[1] Տե՛ս 2008թ.-ին առևտրի և զարգացման վերաբերյալ կայացած ՄԱԿ-ի համաժողովի արձանագրությունը  https://unctad.org/en/Docs/iteiit20073_en.pdf

[2] Տե՛ս օրինակ Ներդումային Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնի կողմից «ԹՈԹԱԼ Ս.Ա.»-ն ընդդեմ Արգենտինայի No. ARB/04/1 գործով 27.11.2013թ. կայացված որոշումը http://icsidfiles.worldbank.org/icsid/ICSIDBLOBS/OnlineAwards/C30/DC7836_En.pdf

[3] Տե՛ս Ներդումային Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնի կողմից «ՈՒՐԲԱՍԵՐ»-ը և «ԿԱԲԲ»-ն ընդդեմ Արգենտինայի No. ARB/07/26 գործով 08.12.2016թ. կայացված որոշումը https://investmentpolicy.unctad.org/investment-dispute-settlement/cases/263/urbaser-and-cabb-v-argentina

[4] Կենտրոնը (անգլերեն՝ International Centre for Settlement of Investment Disputes) ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից է, որի նպատակը միջազգային ներդրումային վեճերում դատական գործընթացների և կողմերի հաշտության իրավական հնարավորությունների ապահովումն է:

[5] Տե՛ս https://investmentpolicy.unctad.org/investment-dispute-settlement/cases/589/bear-creek-mining-v-peru

[6] Արբիտրաժային մշտական դատարանը (անգլերեն՝ Permanent Court of Arbitration) միջկառավարական մարմին է, որն ապահովում է միջազգային վեճերի լուժումը արբիտրաժային և այլ հաշտարար ծառայությունների միջոցով:

[7] Տե՛ս https://pca-cpa.org/en/cases/54/