ՆՇԱՆԱԿՎԱԾ Է ՀԱՆՐԱՔՎԵ. Ի՞ՆՉ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ

Download

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2020 թ. փետրվարի 6-ին Ազգային ժողովի որոշմամբ  հանրաքվեի է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (այսուհետ` Նախագիծ) և ՀՀ նախագահի հրամանագրով հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին:

Նախագծի  1-ին հոդվածի առաջին մասով նախատեսվում է, որ հանրաքվեի դրված ակտի ընդունման դեպքում մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է, այլ կերպ ասած Սահմանադրական դատարանի գործող կազմի 9-ը դատավորներից 7-ի լիազորությունները դադարում են:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հանրաքվե բառը ծագում է լատիներեն «refero» բառից, որը նշանակում է վերադարձնել, կազմված է «fero»՝ «բերել» արմատից ու «re-» նախդիրից, որն այստեղ նշանակում է «հետ»։ Հանրաքվեն` որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացում, սկզբնավորվել է  Շվեյցարիայի Գրուբունդեն մարզում դեռևս 16-րդ դարից։

Այս ինստիտուտը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը այդ իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Նախագծի 1-ին հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտի ընդունման դեպքում Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարելու են՝

  • ՀՀ Կառավարությունը,
  • ՀՀ նախագահը,
  • Դատավորների ընդհանուր ժողովը:

Առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվելու են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով՝ հանրաքվեի ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսյա ժամկետում:

 

Ինչ վերաբերում է հանրաքվեի դրված ակտի ընդունմանը, ապա ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Հայաստանում, 2018 թվականի տվյալներով[1], քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեի դրված ակտն ընդունվի հարկավոր է մոտ 650 հազար կողմ ձայն կամ «Այո» վավեր քվեաթերթիկ։

Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ առաջին նախնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ «ԿԸՀ») հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով  պաշտոնապես հրապարակում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո[2]:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը[3]՝

  • հանրաքվեի դրված ակտի ընդունման մասին.
  • հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
  • հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին.
  • հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին[4]:

Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի լուծումը վերապահված է Սահմանադրական դատարանին, որին այդ հարցով իրավասու է  դիմել միայն  Ազգային ժողովի խմբակցությունը[5]՝ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:

 

Ժամանակագրական առումով ունենք հետևյալ պատկերը՝

  1. ապրիլի 5՝ հանրաքվեի անցկացման օր,
  2. ապրիլի 12՝ ԿԸՀ-ի՝ արդյունքների մասին որոշման կայացման օր
  3. ապրիլի 17-ը, մինչև ժամը 18:00-ը Ազգային ժողովի խմբակցությունը ԿԸՀ-ի կողմից կայացված որոշումը կարող է բողոքարկել Սահմանադրական դատարան
  4. Սահմանադրական դատարանը, տվյալ դեպքում, պարտավոր է վեճի կապակցությամաբ որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից 50 օրվա ընթացքում, որը ՍԴ աշխատակարգային որոշմամբ կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով: 

Քննելով առկա վեճը, Սահմանադրական դատարանը կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնում է ուժի մեջ, կամ անվավեր է ճանաչում  հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարում է ընդունված կամ անվավեր է ճանաչում հանրաքվեի արդյունքները:


ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն Սահմանադրության փոփոխություններն օրինական ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  1. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է ՀՀ պաշտոնական տեղեկագրում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը հրապարակվելուց հետո 8-րդ օրը[6], եթե այդ որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան։

Տվյալ դեպքում պաշտոնական հրապարակումը կիրականացվի ապրիլի 20-ին և Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 21-ին։

  1. Այն դեպքում, երբ ԿԸՀ-ի՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարան, ապա հանրաքվեով ընդունված իրավական ակտի պաշտոնական տեղեկագրում հրապարակումն իրականացվում է Սահմանդրական դատարանի՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում։ [7]

Այս դեպքում Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վերոնշյալ ժամկետում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

[1] ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ N-22-90204 գրություն

[2] «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս:

[3] «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մաս:

[4] «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս:

[5] «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մաս։

[6] «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս։

[7] «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մաս։