COVID 19-Ն ԸՆԴԴԵՄ «FORCE MAJEURE»-Ի

Download

Ներածություն

Ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ: Օրենսդրության մեջ այն գործածվում է «անհաղթահարելի ուժ» եզրույթով:
Ֆորս մաժորի ընդհանուր կանոնի համաձայն` կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե իրենց պարտավորությունները չեն կարողացել կատարել իրենց կամքից անկախ հանգամանքների պայմաններում։

 

Օրենսդրական կարգավորումներ եվ դատական պրակտիկա

ՀՀ քաղաքացիական օրեսդրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվությունից ազատվում է, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն համարվում, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «անհաղթահարելի ուժ» եզրույթն, ըստ էության, մանրամասն ներկայացված չէ և օգտագործվել է միայն 13 դրույթներում [1]։

Անդրադառնալով «անհաղթահարելի ուժ» եզրույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով:

Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը։[2]

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդրի կողմից նման տարբերակված մոտեցում դրսևորելը արդարացված է, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և հետևաբար ենթադրվում է, որ նման դեպքերում բացասական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի հենց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը:[3] Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք` որպես գույքային հարաբերություններում սեփական ռիսկով գործող, գործարարության համապատասխան ոլորտում մասնագիտացված սուբյեկտներ, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում անկախ մեղքի առկայությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտավորությունը խախտած կողմը ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։

COVID 19-ն ընդեմ «Force Majeure»-ի

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` (…) արտակարգ իրավիճակները[4]: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ արտակարգ իրավիճակ է համարվում նաև համաճարակը։ [5]

ՀՀ կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ին հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնա­վիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության[6] գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա[7] որակելու հանգամանքը, ընդունել է թիվ N 298 -Ն որոշումը՝ ՀՀ-ում  արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Միաժամանակ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքով պետության համար նախատեսվում է հնարավորություն սահմանափակելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպիսն է, օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքը[8]։

Հաշվի առնելով վերգրյալը՝ փորձենք ներկայացնել արտակարգ դրության հետևանքով անհաղթահարելի ուժի ազդեցությունը պարտավորությունների կատարման նկատմամբ։

Ցավոք, թե՛ Քաղաքացիական օրենսգիրքը և թե՛ հայկական դատական պրակտիկան մեզ հնարավորություն չեն տալիս լավ պատկերացում կազմել անհաղթահարելի ուժի, կամ արտակարգ և անկանխելի հանգամանքների մասին[9]: Ի տարբերություն հայկական օրենսդրության, օրինակ՝ ֆրանսիական քաղաքացիական օրենսգրքի 1218 հոդվածը սահմանում է, որ «Ֆորս մաժորը տեղի է ունենում պայմանագրային հարաբերություններում, երբ դեպքը տեղի է ունեցել պարտապանի վերահսկողությունից դուրս, որը չէր կարելի խելամտորեն կանխատեսել պայմանագրի կնքման պահին, և որի հետևանքներից հնարավոր չէ խուսափել՝ կիրառելով անհրաժեշտ միջոցներ, և որը սահմանափակում է պարտապանի կողմից պարտավորության կատարումը: Եթե իրավիճակը ժամանակավոր է, պարտավորության կատարումը կասեցվում է, բացառությամբ այն դեպքի, երբ հետաձգումը արդարացնում է պայմանագրի դադարեցումը: Եթե դժվարությունը մշտական է, ապա պայմանագիրը ինքնաբերաբար դադարեցվում է, և կողմերը ազատվում են իրենց պարտավորություններից համաձայն Հոդված 1351-ի և 1351-1-ի:» Սա նշանակում է, որ դեպքը կամ իրավիճակը պետք է լինեն պայմանագրի կնքման պահին, լինեն անկանխարգելելի և անկանխատեսելի: Պատմականորեն ֆրանսիական դատարանները մի շարք համաճարակների (H1N1, Դենգ, Չիքունգույա) պարագայում հակվածություն չեն ունեցել դրանք դիտարկել ֆորս մաժորային իրավիճակներ[10]:      

Գալով COVID-19 համաճարակը կամ Հայաստանում արտակարգ դրությունը ֆորս մաժոր համարելուն, կարծում ենք, որ ոչ թե դրանք պետք է համարվեն ֆորս մաժոր, այլ այն հետևանքները, որոնք առաջացել են կոնկրետ պարտապանի համար համաճարակից կամ արտակարգ դրությունից, ինչպիսիք են սահմանների փակումը, մեկուսացումները, տեղաշարժերի սահմանափակումը, աշխատակազմի զգալի մասի աշխատանքի չներկայանալը և այլն:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  1. Ուսումնասիրել պայմանագիրը և վստահանալ, որ այն ունի անհաղթահարելի ուժի հետ կապված դրույթ: Եթե այո, ապա
  2. Ուսումասիրել այդ դրույթը ու վստահանալ, որ այն ներառում է համաճարակը կամ արտակարդ դրությունը: Եթե այո,
  3. Ապա վստահանալ, որ պայմանագիրը կնքվել է մինչև համաճարակի տարածումը (անպայմանորեն ոչ միայն Հայաստանում)։ Իհարկե, դժվար է ֆիքսել կոնկրետ այն պահը, թե երբ է համաճարակը տարածվել:
  4. Քննարկել, թե արդյո՞ք համաճարակից կամ արտակարգ դրություն հայտարարելուց բխած պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները իրականում սահմանափակել են պարտավորության պատշաճ կատարումը և միևնույն ժամանակ պարտապանը չուներ այլ խելամիտ հնարավորություն կանխարգելելու բացասական հետևանքները կամ ձեռք առնելու միջոցներ` կատարելու համար իր պարտավորությունը։
  5. Դիմել ու ստանալ պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Մեր թիմն ունի երկար տարիների փորձառություն խրթին պայմանագրային հարաբերությունները հարթելու գործում: Այնպես որ, դիմեք մեզ՝ ստանալու համար պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն ու պաշտպանություն:

 

[1] Տես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ, 372-րդ, 417-րդ, 492-րդ, 828-րդ, 849-րդ, 852-րդ, 864-րդ, 865-րդ, 1071-րդ, 1072-րդ, 1091-րդ հոդվածները։

[2] Տե'ս, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը

[3] Տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընդդեմ «Վլադ Հակոբյանի անվան Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի թիվ ԵէԴ/0888/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը

[4] Տես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածի երկրորդ մասը։

[5] Տես, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի առաջին մասը։

[6] ՀՀ հանդիսանում է ԱՀԿ անդամ 1992 թվականից։

[7] Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «պանդեմիան» համաճարակ է, որը բնութագրվում է երկրի ամբողջ տարածքում, սահմանակից պետությունների տարածքում, իսկ երբեմն նաև տարածվելով աշխարհի բոլոր մայցամաքներում։

[8] Տես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը։

[9] Իրականում ցեղասպանություն, երկրաշարժ ու պատերազմ տեսած ազգի համար այս վիճակը բավակն տարօրինակ է:

[10] Ընթերցողին չծանրաբեռնելու նկատառմամբ մանրամասն չենք անդրադառնում այս դատական որուշումներին: