ՏՈւԺԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Download

Պայմանագրային պարտավորությունների բարեխիղճ իրականացման և պարտապան կողմի հնարավոր չարաշահումների զսպման նպատակներից ելնելով պայմանագրի կողմերը սահմանում են պատասխանատվության այնպիսի հնարավոր միջոցներ, որոնց առկայությունը ստիպում է պարտապան կողմին հետամուտ լինել և ձեռնարկել համապատասխան գործողություններ իր կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման համար։ Ի թիվս ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորությունների ապահովման այլ միջոցների, առանձնահատուկ կիրառություն և տարածում ունի տուժանքի (տուգանք, տույժ) (այսուհետ միասին՝ «Տուժանք») ինստիտուտը, որը կիրառվում է բացառապես պարտապանի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում վերջինիցս որոշակի դրամական գումար պահանջելու և/կամ գանձելու միջոցով։

 

Ի՞ՆՉ Է ՏՈՒԺԱՆՔԸ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածը տուժանք (տուգանք, տույժ) է համարում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Վերոգրյալ սահմանումից հետևում է, որ տուժանքը (տուգանք, տույժ) իրենից ներկայացնում է պայմանագրով հստակ որոշված դրամական գումար, որը կարող է սահմանվել ինչպես պայմանագրով, այնպես էլ օրենքով[1]։ Ընդ որում, տուժանքի առավելությունը դրսևորվում է նրանում, որ պարտատերը տուժանք վճարելու պահանջ ներկայացնելիս պարտավոր չէ ապացուցել, որ ինքը կրել է վնասներ։ Ստացվում է, որ զուտ պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման փաստը բավարար և անհրաժեշտ պայման է պարտատիրոջ կողմից պարտապանին պահանջ ներկայացնելու համար: Խնդրո առարկա պարագայում պարտատերը չի կրում իր պահանջի հիմքում ընկած վնասի (իրական վնասի և բաց թողնված օգուտի) տարրերի (այն է՝ վնասի, հակաիրավական վարքագիծ, վնաս պատճառողի մեղքի առկայություն, հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապ) առկայությունն ապացուցելու պարտականություն։ Այս իրավիճակում պարտատերը պարտավոր է վկայակոչել միայն պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման փաստը (պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում վճարում չկատարելը, ժամանակին ապրանքի մատակարարում չիրականացնելը և այլն)։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք առկա է տարբերություն տույժ, տուժանք և տուգանք հասկացությունների միջև, ապա պետք է արձանագրել, որ օրենսդրության տեսանկյունից դրանց միջև որևէ հստակ տարբերություն առկա չէ։ Հիմնական տարբերություններն ի հայտ են գալիս դրանց գործնական կիրառության արդյունքում։

Այպես՝ Տույժը, որպես կանոն, կիրառվում է որոշակի ժամկետի ավարտից հետո պարտավորության (ինչպես դրամային, այնպես էլ ոչ դրամային) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագաներում յուչաքանչյուր կետանցված օրվա համար որոշակի տոկոսադրույքի չափով՝ օրական տույժ հաշվարկելով (օրինակ՝ որոշակի ժամկետում գումարը սահմանված ժամկետում չտալու դեպքում այդ գումարի 0,1%-ի չափով չափով տույժ հաշվարկելու միջոցով)։

Տուժանքը և տուգանքն իրենց հերթին կիրառվում են պարտավորության (ինչպես դրամային, այնպես էլ ոչ դրամային) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում՝ ֆիքսված (դրամական) գումար (օրինակ՝ գույքը վարձակալության չհանձնելու դեպքում 100,000 ՀՀ դրամի չափով և այլն) կամ որոշակի տոկոսադրույքի չափով հատուցում պահանջելով ևս (օրինակ՝ ապրանքը չմատակարարելու պարագայում ապրանքի գնի 15%-ի չափով տուժանք և այլն)։

 

ԿԱ՞ ՏՈՒԺԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈԻՅՆ ՉԱՓ

2017թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքի ընդունմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրվեցին Տուժանքի առավելագույն չափեր, ինչը պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող կողմերին պարտավորեցրեց իրենց միջև կնքվելիք պայմանագրերով ամրագրվելիք Տուժանքները ձևակերպելիս անվերապահորեն հաշվի առնել օրենսդրությամբ թույլատրված սահմանաչափերը։

Այսպես՝ 372-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Առաջին հայացքից ոչ հստակ երևացող այս նորմի էության բացահայտման նպատակով անհրաժեշտ է բացահայտել, թե այն ինչպիսի պայմաններում է կիրառվում։ Մասնավորապես՝ քննարկվող հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ այն գերազանցապես կիրառելի է տույժերի նախատեսման և կիրառման կապակցությամբ, քանի որ մատնանշված կարգավորումը օգտագործում է «տարեկան առավելագույն չափ», «ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» հասկացություններ, որոնք բնութագրական են միայն յուչաքանչյուր կետանցված օրվա համար որոշակի տոկոսադրույքի չափով օրական տույժերին։

Քննարկվող կարգավորման գործնական կիրառության միատեսակության ապահովման համար անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ է իրենից ենթադրում «տուժանքի տարեկան առավելագույն չափ» և «ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» հասկացությունները։

Անդրադառնալով «ՀՀ կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային դրույքի քառապատիկ» հասկացությանը, պետք է նշել, որ այն որոշվում է հետևյալ կերպ.

ԿԲ-ի կողմից սահմանած բանկայի տոկոսի հաշվարկային դրույքաչափը կազմում է 12%, ուստիև, դրա քառապատիկը կկազմի.

 

12*4=48

 

Այնուհետև, «տուժանքի տարեկան առավելագույն չափ» հասկացության բացահայտման և դրանով պայմանավորված տույժի թույլատրելիության սահմանների ընդգծման համար անհրաժեշտ է ստացված թիվը, այն է՝ 48-ը, բաժանել տարվա օրերի ընդհանուր քանակի վրա (365/366), այսինքն՝

 

48/365=0,13%

 

Արդյունքում ստացվում է, որ տուժանքի օրական չափը, ըստ էության, չի կարող գերազանցել 0,13%-ի սահմանաչափը, եթե, իհարկե, այլ բան նախատեսված չէ օրենքով[2]։

 

Եթե տույժի հետ կապված կարգավորումների հիմնական տրամաբանությունը պարզ է և ակնհայտ, ապա հարց է առաջանում, թե ինչպես է որոշվում տուժանքի կամ տուգանքի առավելագույն չափերի հետ կապված հարցերի լուծումը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունն իր հերթին արձանագրում է, որ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Ստացվում է, որ ընդհանուր առմամբ տուժանքի կամ տուգանքի դեպքում տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի չգերազանցման արգելքն պահանջում է հաշվի առնել պարտապանի՝ տուժանք կամ տուգանք կիրառման պահին պարտքի հիմնական գումարի չափը և միայն նման դեպքում կիրառել համապատասխան տուգանք կամ տուժանք։ Այնուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ քննարկվող նախադասությունը օգտագործում է «տուժանք» ընդհանուր հասկացությունը, ինչը ենթադրում է, որ տուժանք և տուգանք հասկացության հետ մեկտեղ դրանում ներառվում է նաև պարտատիրոջ կողմից կիրառված տույժերի հանրագումարը։

Վերոգրյալ կարգավորումների հիմնական տրամաբանությունից հետևում է, որ օրենսդրությամբ ամրագրված դրույթներն պայմանագրով պարտատերից պահանջում են ոչ միայն ձեռնպահ մնալ առավելագույն սահմանաչափերը գերազանցելուց, այլև համապատասխան համակարգի կիրառմամբ ունենալ հստակ պատկերացում պարտապանի նկատմամբ կիրառված Տուժանքների հանրագումարի վերաբերյալ։

 

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Տուժանքի՝ ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն սահմանաչափերի խախտումը հանգեցնում է Տուժանքի վերաբերյալ համաձայնության առոչնչության (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի երկրորդ մաս), ինչն էլ հանգեցնելու է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված անհիմն հարստացման համապատասխան դրույթների կիրառմանը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդված)։ Այլ կերպ ասած, պարտապանն իրավունք կունենա իր կողմից որպես «Տուժանք» վճարված գումարները ետ պահանջել համապատասխան պարտատերից՝ նույն օրենսգրքի 411-րդ հոդվածով երաշխավորված տոկոսների հետ միասին։

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԵՐԸ

Տուժանքի՝ վերը մատնանշված կարգավորումների կապակցությամբ ծագում են որոշակի օրենսդրական բացեր և խնդիրներ, որոնք հանգում են հետևյալին.

  • Նախ, առկա կարգավորումներից պարզ չէ, թե արդյոք վերը նկարագրված սահմանափակումները կիրառվում են ոչ դրամային պարտավորությունների (օրինակ՝ որոշակի փաստաթուղթ չտրամադրելու արդյունքում կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար տուժանքի կիրառման պարագաներում) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերի կապակցությամբ։ Խնդիրն այն է, որ քննարկվող հոդվածի շարադրանքը և կառուցվածքը այնպիսին է, որ գերազանցապես կիրառելի է դրամային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերի վրա, քանի որ «տուժանքի տարեկան առավելագույն չափ», «տվյալ պահին առկա հիմնական պարտքի գումար» և այլ նմանատիպ հասկացությունները գերազանցապես կիրառելի են դրամային պարտավորությունների չկատարման դեպքերի կապակցությամբ։ Թերևս դրա մասին է վկայում նաև քննարկվող փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի հիմնավորումը, որտեղ շեշտադրումը գերազանցապես դրվել է սպառողական կրեդիտավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրամայականի վրա և համեմատականներ են անցկացվել համապատասխան փոխառության պայմանագրով՝ օրենսդրությամբ սահմանված տոկոսների գծով առկա չափերի առավելագույն շեմերի վերաբերյալ[3]։
  • Երկրորդ, քննարկվող կարգավորումներով անտեսվել են այն դեպքերը, երբ, որպես պարտատեր և պարտապան հանդես են գալիս ձեռնարկատիրությամբ զբաղվող արհեստավարժ սուբյեկտներ, որոնք իրենց ձեռնարկատիրական վնասների, կորուստների և ծախսերի ծածկելու կամ նվազեցնելու նպատակով պայմանագրերով սահմանում է պատասխանատվության առավել խիստ միջոցներ (խնդիրը առավել քան իրատեսական է հատկապես շինարարական ոլորտում կնքվող պայմանագրերում ներառվող Տուժանքների չափերի հետ կապված)։ Այդ իսկ նպատակով առավել արդյունավետ կլիներ, եթե վերոգրյալ սահմանափակումները չկիրառվեին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև ձևավորված հարաբերությունների նկատմամբ, այլ կերպ ասած՝ բացառապես այն դեպքերում, եթե պայմանագրի երկու կողմում հանդես են գալիս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ,
  • Երրորդ, որոշակի տարակարծություն է առաջացնում նաև «հիմնական պարտք» հասկացությունը։ Խնդիրն այն է, որ քաղաքացիական օրենսդրությամբ կան այնպիսի պայմանագրերի տեսակներ, որոնց նկատմամբ «պարտք» հասկացությունը իր էությամբ կիրառելի չէ (օրինակ՝ համատեղ գործունեության պայմանագիրը, որի մասնակիցները ներդնում են որոշակի գումարի որևէ նպատակի իրացման համար, և այդ պայմանագրի կողմերը, որպես կանոն, միմյանց հանդեպ «պարտք» չունեն և այլն)։ Բացի այդ, «հիմնական պարտք» հասկացության բացահայտումն առավել բարդ և հակասական է այն դեպքերում, երբ այս կամ այն պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տուժանք է նախատեսված տվյալ պարտավորության գծով պարտատիրոջ համար (օրինակ՝ վարձատուի կողմից վարձակալված գույքը սահմանված ժամկետում վարձակալության չհանձնելու իրավիճակը)։ Ակնհայտ է, որ «հիմնական պարտքը» չգերազանցելու սահմանափակումը կոչված է հիմնապես կարգավորելու տվյալ պայմանագրով պարտապան հանդես եկող անձի նկատմամբ տուժանքի առավելագույն չափը, և ոչ թե սահմանափակելու «հիմնական պարտք» չունեցող պարտատիրոջ նկատմամբ տուժանքի առավելագույն շեմը։ Այլ կերպ ասած, վարձակալության հետ կապված բերված օրինակում գործնականում անհնար է որոշել վարձատուի «հիմնական պարտքի» առկայությունը, քանի որ քննարկվող հասկացությունը վերաբերելի է մյուս կողմի՝ վարձակալի նկատմամբ, որն ունի վարձատուին որոշակի ժամկետում վարձավճար (հիմնական պարտք) տալու պարտավորություն[4]։
  • Չորրորդ, տարակարծության տեղիք է տալիս նաև հիմնական պարտքի գումարի «տվյալ պահին առկա լինելու» բառակապակցությունը։ Այսպես՝ ասվածի կապակցությամբ պատկերացնենք մի իրավիճակ, որտեղ հաճախորդն ունի 100,000 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորություն: Որոշակի չափով վարկային մարումներ կատարելու արդյունքում հաճախորդի վարկային պարտավորությունը հավասարվում է 90,000 ՀՀ դրամի, սակայն դրանից սկսած հաճախորդը չի իրականացնում իր պարտավորությունները՝ թույլ տալով կետանց, որի ընթացքում հաշվեգրվում են համապատասխան տույժեր՝ տոկոսների տեսքով, օրինակ՝ 80,000 ՀՀ դրամի չափով: Սակայն որոշակի ժամանակահատվածում հաճախորդը վերոգրյալ տույժերը և մայր գումարը վճարելու (կետանցը վերացնելու) միջոցով հետագայում կետանց է թույլ տալիս այն ժամանակ, երբ իր վարկային պարտավորության չափը հավասարվում է 10,000 ՀՀ դրամի: Հարցն այս իրավիճակում կայանում է հետևյալում, թե արդյոք այս դեպքում ֆինանսական կազմակերպությունը զրկված է 10,000 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորությունը խախտելու դեպքում համապատասխան տույժ հաշվարկելու և գանձելու հնարավորությունից՝ այն պատճառով, որ ՀՀ Քաղ. օր. 372-րդ հոդվածով սահմանված պայմանագրով որոշված բոլոր տուժանքները (90,000 ՀՀ դրամի մասով կետանց թույլ տալու ժամանակ) արդեն իսկ հաշվարկվել և գանձվել է նախկին եղած վարկային պարտավորությունների խախտման արդյունքում: Արդյո՞ք այս դեպքում ֆինանսական կազմակերպությունը չի կարող պահանջել տույժի վճարում 10,000 ՀՀ դրամի կապակցությամբ առկա կետանցի մասով այն պատճառով, որ ՀՀ Քաղ. օր. քննարկվող հոդվածներում սահմանվում է, որ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը (նախկինում վճարված 80,000 ՀՀ դրամը) արդեն գերազանցում է տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը (տվյալ իրավիճակում 10,000 ՀՀ դրամը): Անշուշտ, օրենսդրական այս հարցի կապակցությամբ ևս առկա են որոշակի տարընկալումներ։

 

[1] Որպես օրինական տուժանքի է համարվում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված և հօգուտ սպառողի գանձվող տուգանքն այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը խախտում է սպառողի իրավունքները և օրինական շահերը։

[2] Օրինակ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝  եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Այս կանոնը, ըստ էության, իրենից ներկայացնում է բացառություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված տույժի առավելագույն չափի կարգավորումներից։

 

[3] Առավել մանրամասն տես՝ http://www.parliament.am/draft_docs6/K-184_himnavorum.pdf։

[4] Խնդիրն այլ կլիներ, եթե գործող «հիմնական պարտք» արտահայտության փոխարեն օգտագործվեր «պայմանագրի գին» հասկացությունը, որը ինչ-որ չափով կլուծեր խնդրո առարկա օրենսդրական բացը։