ՁԱՅՆԱԳՐԵԼ, ԹԵ՞ ՈՉ. ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԲԱԽՄԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Download

Անձի մասնավոր կյանքի գաղտնիության և անձեռնմխելիության իրավունքը նրա հիմնարար իրավունքներից է, որն իր ամրագրումն է ստացել ոչ միայն բազմաթիվ պետությունների օրենսդրությամբ, այլև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերում[1]։ Ընդհանուր առմամբ, անձի մասնավոր կյանքի առձեռնմխելիությունն ունի համընդգրկուն բովանդակություն և, ի թիվս այլնի, ներառում է հաղորդակցության գաղտնիությունը և հանրային իշխանության անիրավաչափ ու կամայական միջամտությունների բացառումը։

Այդուամենայնիվ, խնդրո առարկա իրավունքը բացարձակ բնույթ չի կրում և օրենսդրորեն սահմանված պայմանների (հիմքերի) առկայության դեպքում ենթակա է սահմանափակման[2]։ Այդ պարագայում կարևորվում է հանրային իշխանության իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց՝ այլոց իրավունքներին (տվյալ դեպքում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելության ու գաղտնիության իրավունքին) միջամտության հստակ սահմանների ու կարգի ուրվագծումը։

Խնդիրը հատկապես ցայտուն է դատավարական հարաբերությունների շրջանակում (ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով վարույթում) և մասնավորապես քննարկվող իրավունքի սահմանափակման ու դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների (ապացույցների) թույլատրելիության (իրավաչափության) համատեքստում։

Մասնավոր կյանքին միջամտության դրսևորման ձևերը տարբեր են, սակայն տարբեր գործերով վարույթներում գործնականում առավել տարածված են հաղորդակցության (նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, էլեկտրոնային տեքստային ու ձայնային նամակներ և այլն) գաղտնիությանը միջամտող գործողությունները։ Ընդ որում՝ կախված նրանից, թե այդ միջամտությունները իրականացվում են պետական իշխանության կամ մասնավոր անձի կողմից, օրենսդրական կառուցակարգերը տարբերվում են։

Նկատի ունենալով, որ դատական պրակտիկայում բավականին հաճախ են հանդիպում դեպքեր, երբ տեղի է ունենում մասնավոր անձի կողմից իր և այլոց հետ հաղորդակցության գաղտնի ձայնագրառում (նաև՝ տեսաձայնագրառում), հարկ է պարզել այդպիսի գործողությունների ու դրանց արդյունքում ձեռք բերվող տվյալների՝ ապացույցների զամբյուղում ընդգրկելու հնարավորությունն ու ապացուցողական նշանակությունը։

Նախ, հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը անդրադարձել է հեռախոսային խոսակցությունների գաղտնիության կարգավորմանը և արտահայտել իրավական դիրքորոշում, ըստ որի նախատեսվում է այդ իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման՝ ա) օրենքով սահմանված դեպքերում, բ) օրենքով սահմանված կարգով, գ) դատարանի որոշմամբ: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ իրավունքի սահմանափակման օրինականության նկատմամբ դատական վերահսկողության պահանջը նպատակ է հետապնդում կանխել հնարավոր չարաշահումները և պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից[3]։

Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանը հստակեցրել է քննարկվող իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ պայմանները՝ միաժամանակ դրա իրավաչափության ապահովման համար նախատեսելով դատական վերահսկողության լրացուցիչ երաշխիք։ Նշված իրավադրույթները դատական պրակտիկայում սկսեցին իրացվել և օրենքի միատեսակ կիրառության սահմանադրական գործառույթով պայմանավորված վերլուծվեցին նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից։ Վերջինիս կողմից վերահաստատվեց անձնական (մասնավոր) կյանքի նկատմամբ հարգանքի գաղափարը և ընդգծվեց, որ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքն անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից[4]։

Այնուհետև, մեկ այլ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվեց մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության արդյունքում ձեռք բերված տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը։ Այդ գործի փաստերի համաձայն՝ տուժողի ամուսինը գաղտնի (առանց ամբաստանյալի իմացության և համաձայնության) ձայնագրել էր տուժողի և ամբաստանյանի հեռախոսային խոսակցությունը և այն լազերային սկավառակով հանձնել վարույթն իրականացնող մարմնին։ ՀՀ Վճռաբեկ դատարանը անթույլատրելի էր համարել ստացված տվյալների՝ որպես ապացույց օգտագործումը, հիմանավորելով, որ՝

  • քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացված և տուժողի ամուսնու կողմից կատարված՝ տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրառումը պարունակող լազերային սկավառակը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ,
  • տուժողի և ամբաստանյալի խոսակցությունների լսման և ձայնագրառման միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել,
  • նշված փաստական տվյալը ձեռք է բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ անձանց հաղորդակցվելու ձայնագրառման քրեադատավարական կարգի էական խախտմամբ,
  • նշված ձայնագրառման փորձաքննության եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ դրա հիմքում ընկած փաստական տվյալը` լազերային սկավառակի բովանդակությունը կազմող տեղեկատվությունը, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին[5]։

Այսպիսով, ներպետական դատական պրակտիկայում մինչև վերջերս (2019թ.) ընդունված մոտեցումն այն էր, որ մասնավոր անձի կողմից այլ անձի հետ ունեցած հաղորդակցությունը գաղտնի (առանց նրա գիտության, համաձայնության և/կամ թույլտվության) ձայնագրելը համարվում էր ոչ իրավաչափ գործողություն, իսկ ստացված փաստական տվյալները (այդ թվում՝ դրանցից բխողները)՝ անթույլատրելի ապացույց։

Ներկայացված իրավական դիրքորոշումը, սակայն, բավականին խնդրահարույց էր և մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության ու դրա արդյունքում ձեռք բերված տվյալների օգտագործման բացարձակ արգելքը քննադատվել է բազմաթիվ դատավարագետների կողմից[6]։ Հիմնական փաստարկն այն էր/է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված իրավունքի սահմանափակման իրավապայմանները (օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ) վերաբերելի ու կիրառելի են հանրային իշխանության (քրեական հետապնդման) իրավասու մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նկատմամբ, բայց ոչ մասնավոր անձանց նկատմամբ։

Ավելին, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կատարված իրավավերլուծությունները, և մասնավորապես վերը քննարկված բացարձակ արգելքը չեն բխում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ «ՄԻԵԴ») նախադեպային իրավունքից։ Ընդհանուր առմամբ, չկա այնպիսի սկզբունք, որով արգելվում է անթույլատրելի ապացույցների (մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների) օգտագործումը վարույթի շրջանակներում։ ՄԻԵԴ-ը կոնկրետ գործեր քննելիս հաշվի է առնում խնդրո առարկա գործի բոլոր հանգամանքները, չի անդրադառնում ներպետական իրավունքով այս կամ այն ապացույցի թույլատրելիության հարցին, այլ դիտարկում է վարույթը իր ամբողջության մեջ (as a whole) և դրան համապատասխան էլ որոշում` տվյալ գործի քննությունը արդարացի է, թե ոչ[7]։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ «ՄԻԵԿ») 8-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը ինքնին ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում չէ, նույնիսկ եթե խոսքը միակ կամ բացառիկ ապացույցի մասին է, եթե անձը հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնել այդպիսի ապացույցի վերաբերյալ և վարույթը եղել է արդարացի[8]։ ՄԻԵԴ-ը ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքին, թե արդյոք անձը հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնել ապացույցի վերաբերյալ և վիճարկել դրա թույլատրելիությունը, ինչպես նաև դա եղել է ապացուցման միակ միջոցը, թե ոչ[9]։

ՄԻԵԴ-ը թեև սկզբունքորեն թույլատրելի է համարում մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները, սակայն մտահոգություն է հայտնում այն դեպքերում, երբ անձի դատապարտումը հիմնվում է բացառապես այդպիսի անօրինական ապացույցների վրա (թեև ծանր հանցագործությունների դեպքում այդ ապացույցները կարող են հաշվի առնվել)[10]։

Այսինքն՝ ամփոփելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, հարկ է արձանագրել, որ ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցները, per se, չեն խախտում անձի արդար դատաքննության իրավունքը, եթե անձը հնարավորություն է ունեցել վիճարկելու այդ ապացույցը և իր դիրքորոշումը հայտնելու դրա վերաբերյալ։ Միաժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել նրան, թե անձին դատապարտելիս այդ ապացույցը եղել է միակը կամ վճռորոշը, թե ոչ՝  վերջին դեպքում առաջադրելով ավելի խիստ պահանջներ։

Այսպիսով, 2012թ․ մինչև 2019թ․ ՀՀ ներպետական օրենսդրությամբ (նախադեպային իրավունքով) սահմանվել էր բացարձակ արգելք մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության ու դրա արդյունքում ձեռք բերված տվյալների օգտագործման առնչությամբ։ Սակայն դա որոշակիորեն հակասում էր ՄԻԵԴ նախադեպային իրավունքին։ Իսկ ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, լինելով ՄԻԵԿ շարունակությունը, հետևաբար և պարտադիր այն վավերացնող պետությունների համար, անհրաժեշտ էր իմպլեմենտացնել և կիրառել դատական պրակտիկայում։

Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ պրակտիկան (մասնավորապես Schenk v. Switzerland, Turquin c. France, Van Vondel v. The Netherlands, Nechiporuk and Yonkalo v. Ukraine գործերը) վերանայել է քննարկվող հարցի կապակցությամբ իր դիրքորոշումները և Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ թիվ ԼԴ/0002/01/18 գործով[11] սահմանել այն հակակշռող գործոնները, որոնք իրավակիրառողները պետք է գնահատեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրության` որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունն ըստ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների որոշելիս։ Մասնավորապես՝

  • հեռախոսային խոսակցության ձայնագրառման իրականացման պայմանները,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառմամբ անձի իրավունքների նկատմամբ իրականացված միջամտության բնույթը,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառման նպատակը,
  • հանրային և մասնավոր շահերի հարաբերակցությունը,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառման շարժառիթները,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառման սուբյեկտը,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառումը քրեական վարույթի ընթացքում:

Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանը այսուհետ հնարավոր է համարում մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունն ու դրա արդյունքում ձեռք բերված տվյալների օգտագործումը՝ հաշվի առնելով վերոշարադրյալ չափանիշներն ու կոնկրետ գործի փաստական հանգամանքները։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում այդպիսի ապացույցներ ձեռք բերելիս ու գնահատելիս դատարանները պետք է ղեկավարվեն սահմանված կանոններով և ըստ այդմ որոշեն այս կամ այն ապացույցի թույլատրելիությունն ու ապացուցողական արժեքը տվյալ վարույթի շրջանակներում։

Բացի վերոնշյալից, ՀՀ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ հեռախոսային խոսակցության ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելիս արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը պահանջում է, որ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես անձի մեղադրանքը հիմնավորող ապացույց օգտագործելու դեպքում, վերջինիս համար պետք է երաշխավորված լինի այդ ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու, ձայնագրառողին հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորությունը։

Ավելին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մատնանշել է, որ դրանք որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեն ձայնագրության կատարման օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները, մասնավորապես այն, թե`

  • արդյո՞ք ձայնագրությունը կատարվել է քրեական հետապնդման մարմինների իրազեկվածությամբ, տրամադրված տեխնիկական միջոցներով, պաշտոնական քննության շրջանակներում,
  • անձը, ում հետ ունեցած հեռախոսային խոսակցությունը ձայնագրառվել է, ողջամտորեն ունե՞ր կամ կարո՞ղ էր ունենալ իր մասնավոր կյանքի գաղտնիության լեգիտիմ ակնկալիք,
  • արդյո՞ք հեռախոսային խոսակցության ձայնագրառմամբ անձի իրավունքների նկատմամբ իրականացվել է միջամտություն,
  • հեռախոսային խոսակցության ձայնագրառմամբ անձի ո՞ր իրավունքների նկատմամբ է իրականացվել միջամտություն,
  • արդյո՞ք ձայնագրառման կատարումը հետապնդել է իրավաչափ նպատակ,
  • արդյո՞ք հետապնդվող նպատակը եղել է առավել ծանրակշիռ և գերակայել է արդյո՞ք անձի իրավունքների նկատմամբ օրենքով կանոնակարգված ընթացակարգերի կիրառմամբ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությանը,
  • արդյո՞ք բացակայել է այլընտրանքային` անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը,
  • արդյո՞ք անձը գործել է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ,
  • արդյո՞ք ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի, թե երրորդ անձի կողմից,
  • արդյո՞ք ձայնագրառումը կատարվել է մինչև քրեական վարույթ սկսելը, թե դրանից հետո:

Միաժամանակ, քրեական վարույթի ընդհանուր առմամբ արդարացիությունը գնահատելու առումով պետք է հաշվի առնվի այն, թե`

  • արդյո՞ք ամբաստանյալը հնարավորություն է ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկելու ձայնագրառողին,
  • արդյո՞ք ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցն է, թե դրա բովանդակությունը կարելի է նաև հաստատել ապացուցողական զամբյուղում ներառված այլ ապացույցներով։

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավավերլուծությունները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը, ի վերջո, արձանագրել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված այլ փաստաթուղթ, և ենթարկվել իրավական գնահատման` ըստ անհրաժեշտության նաև հիմք հանդիսանալով քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար։

Ի դեպ, նկատենք, որ քննարկվող որոշումը վերաբերում է քրեական վարույթին (քրեադատավարական հարաբերություններին), այդուամենայնիվ, կարծում ենք, որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքն ու սույն որոշման իրավական դիրքորոշումները, mutatis mutandis, կիրառելի են նաև քաղաքացիական գործերով վարույթներում։ Սակայն հարկ է շեշտադրել, որ ի տարբերություն քրեական դատավարության, առաջինի դեպքում գործում է տնօրինաչականության սկզբունքը և վարույթի կողմերը մասնավոր անձինք են ու հետապնդում են մասնավոր (անձնական) շահեր՝ ի տարբերություն քրեական դատավարությանը բնորոշ հանրային շահերի։

Մյուս կողմից, ի տարբերություն քրեական վարույթների, քաղաքացիական գործերով քրեական հետապնդման մարմիններն ու պաշտոնատար անձին հանդես չեն գալիս որպես դատավարության կողմ և նրանց վարքագիծը կանխորոշող կանոնները կիրառելի չեն քաղաքացիաիրավական հարաբերություններում։ Այլ կերպ, ներկայացված (և ոչ միայն) հատկանիշներով (մասնավոր շահերի առկայություն (հանրային շահի երկրորդում կամ բացակայություն) և քրեական հետապնդման մարմինների ու պատշոնատար անձանց բացակայություն) քրեական ու քաղաքացիական վարույթները տարբերվում են։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, թվարկելով ապացույցների տեսակները, նշում է նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները (նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)։ Ըստ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից: Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։

Նկատի ունենալով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները քրեադատավարական ոլորտից զատ գործնականում կարող են, mutatis mutandis, կիրառվել նաև քաղաքացիադատավարական հարաբերությունների տիրույթում։

 

[1] 1948 Universal Declaration of Human Rights, Article 12, https://www.un.org/en/universal-declaration-human-rights/, 1950 European Convention on Human Rights, Article 8, https://www.echr.coe.int/Documents/Convention_ENG.pdf, 1966 International Covenant on Civil and Political Rights, Article 17, https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/ccpr.aspx:

[2]  Սահմանափակման հիմքերը հետևյալն են՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով սահմանափակումներ։

[3] Տե´ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման 5-րդ կետը, http://concourt.am/armenian/decisions/common/2010/pdf/sdv-926.pdf:

[4] Տե´ս Վահագն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 որոշման 13-րդ կետը, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78333։

[5] Տե´ս Մելինե Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0081/01/ 11 որոշման 30-րդ կետը, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=80800:

[6] Հովհաննիսյան Գոռ, Ղամբարյան Արթուր, Սարգսյան Ալվինա, Մասնավոր անձի կատարած գաղտնի տեսագրության կամ ձայնագրության օգտագործման թույլատրելիությունը քրեական և քաղաքացիական դատավարությունում, Երևան, 2017, http://ghambaryan.am/wp-content/uploads/2016/03/Videoaudioreording.pdf, Սուջյան Տաթևիկ, Անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հիմնախնդիրը քրեական դատավարությունում, Երևան, 2018, http://www.ysu.am/files/20Tatevik_Sujyan.pdf։

[7] Case of Schenk v. Switzerland, Application no. 10862/84, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57572:

[8] Case of Jalloh v. Germany, Application no. 54810/00, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-76307, Case of Khan v. The United Kingdom, Application no. 35394/97, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58841:

[9] Case of Bykov v. Russia, Application no. 4378/02, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91704։

[10] Case of Schenk v. Switzerland, Application no. 10862/84, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57572:

[11] http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=13229323905402293: