ՀՀ ֆինանսական կազմակերպությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների սանկցիաների կիրառման ուղղակի ռիսկի ներքո են

2023 թվականի դեկտեմբերի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի կողմից ստորագրվել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիոն ռեժիմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հրաման, որով Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությանը (Office of Foreign Assets Control (OFAC)) իրավասություն է վերապահել ուղղակի պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ։ Նոր ռեժիմի շրջանակներում գործարկվում է երկրորդական պատժամիջոցների (secondary sanctions) գաղափարը, որի շրջանակներում պատժամիջոցներ կիրառվում են նաև այն կազմակերպությունների և անձանց վրա, որոնք, չգործելով առաջնային սանկցիայի սուբյեկտ պետության իրավական ռեժիմի ներքո, իրականացնում են այնպիսի գործունեություն, որը արգելված է առաջնային սանկցիայով։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները ևս, այսուհետ,   պատժամիջոցների կիրառման ուղղակի ռիսկի ներքո են՝ սույն ակնարկում քննարկել ենք նոր սանկցիոն ռեժիմի բովանդակությունը և դրանով նախատեսվող պատժամիջոցների տեսակները։

 

Ո՞ր դեպքերում կարող է հայաստանյան ֆինանսական կազմակերպության

նկատմամբ պատժամիջոց կիրառվել։

 

Ըստ նոր սանկցիոն ռեժիմի՝ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) իրավասու է պատժամիջոց կիրառել օտարերկրյա ֆինանսական կազմակերպության նկատմամբ, եթե՝

 

  • կազմակերպությունը EO 14024 գործադիր հրամանի հիման վրա (դրա շրջանակներում)  Ռուսաստանի Դաշնության տնտեսության որոշ ոլորտներում (տեխնոլոգիայի, արտադրության, տիեզերաբանության (aerospace)) գործունեություն իրականացնելու համար սանկցավորված (SDN ցուցակներում ընդգրկված) անձի (իրավաբանական և ֆիզիկական) անունից կամ վերջինիս համար իրականացրել է որևէ նշանակալից գործարք կամ նպաստել որևէ նշանակալից գործարքի իրականացմանը,

 

  • կազմակերպությունը իրականացրել է որևէ նշանակալից գործարք կամ նպաստել որևէ նշանակալից գործարքի իրականացմանը կամ մատուցել է որևէ ծառայություն՝ կապված  Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական բազայի հետ։ Սույն կետի իմաստով սանկցիոն ռեժիմի խախտում է համարվում նաև կազմակերպության կողմից այնպիսի գործարքների իրականացումը, կամ դրանց իրականացման աջակցումը, կամ դրանց հետ կապված որևէ ծառայության մատուցումը  որի հետևանքով Ռուսաստանի Դաշնությանն են վաճառվել կամ Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխվել, առաքվել որոշ տեսակի ռազմական տեխնիկա («Արգելված ապրանքներ»[1]) ։  

 

Ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել։

 

Եթե Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) եզրահանգի, որ օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից իրականացվել է հիշատակված գործողություններից որևէ մեկը, վերջինս կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը (կամ մի քանիսը)՝

 

  • արգելել կազմակերպությանը ունենալ կամ բացել թղթակցային (միջնորդ) հաշիվներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ այդպիսի հաշիվներ ունենալու համար խստացված ռեժիմ (պայմաններ) սահմանել,

 

  • արգելափակել (block) կազմակերպության այն գույքը կամ գույքային իրավունքները («Գույք»), որոնք գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կփոխանցվեն Ամերիկայի միացյալ նահանգներ կամ կհայտնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու/ընկերության/ֆինասական կազմակերպության իրավասության ներքո։ Այդպիսի Գույքը չի կարող փոխանցվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հանվել, առգրավվել կամ այլ կերպ վաճառվել:

 

Ո՞ւմ նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցները։

 

ԱՄՆ Նախագահի նոր հրամանը ուղղակի ձևակերպում է պարունակում, որ նոր ռեժիմը կիրառելի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ։ Նույն հրամանը նաև սահմանում է օտարերկրյա ֆինանսական կազմակերպություն հասկացությունը, մասնավորապես այդպիսին որակելով ամերիկյան ծագում չունեցող այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են հետևյալ գործունեության տեսակներից որևէ մեկով՝

 

  • ավանդների ընդունում, տրամադրում, ներդրում,
  • վարկերի և փոխառությունների տրամադրում, փոխանցում,
  • արտարժույթի փոխանակում և առուվաճառք,
  • արժեթղթերի, ֆյուչերսների, օպցիոնների առուվաճառք (ներառյալ՝ որպես պրինցիպալ կամ գործակալ)։

 

Հրամանը նաև սահմանում է, որ այդպիսի կազմակերպություններ են համարվում մասնավորապես՝

 

  • դեպոզիտարիաները,
  • բանկերը,
  • վարկային կազմակերպությունները,
  • տրաստային (հավատարմագրային) ընկերությունները,
  • ապահովագրական կազմակերպությունները,
  • ներդրումային ընկերությունները,
  • արտարժույթի առուվաճառք (փոխանակում) իրականացնող ընկերությունները,
  • թանկարժեք մետաղների, զարդերի և քարերի դիլինգով զբաղվող կազմակերպությունները,
  • ինչպես նաև հիշատակված ընկերությունների հոլդինգային և դուստր ընկերությունները, և հիշատակված ընկերությունների հետ փոխկապակցված անձինք։

 

Ծանուցում - Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն, դրանք ճիշտ են հրապարակման օրվա դրությամբ, սակայն հետագայում կարող են փոխվել, որի դեպքում սույն ակնարկը փոխելու որևե պարտավորություն մենք չենք ստանձնում:

 

 

[1]Արգելված ապրանքների ցանկը՝ հղումով։

 

          

Varoujan Avedikian

Managing Partner, Attorney-at-law

[email protected]

varoujan-avedikian

 

 

Gohar Tovmasyan 

Senior Associate, Attorney-at-law

[email protected] 

gohar-tovmasyan