ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ՝ ՈՐՊԵՍ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Հայաստանի Հանրապետությունն էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջովին կարգավորվող կառուցվածքից անցում է կատարել շուկայի ազատականացված կառուցվածքի՝ աստիճանաբար ներդնելով մրցակցային շուկայի բաղադրիչներ:

2022 թվականի հունվարի 5-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժոողովի 25.12.2019 թվականի թիվ 516-Ն-519-Ն, 359-Ն և 523-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում (այսուհետ նաև՝ «Շուկայի կանոն»), ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, որոնցով ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից ՀՀ աստիճանական անցում է կատարում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։

 

Նոր կարգավորումների ներդրման, դրանով պայմանավորված՝ Էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և այլ երկրների հետ էլեկտրական էներգիայի առևտրի խթանման ուղղությամբ ՀՀ կողմից դեռևս 2016 թվականից սկսած արդեն իսկ կատարվել են առաջին քայլերը։ Այդ մասին են վկայում այն հանգամանքները, երբ տարանջատվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (այսուհետ նաև՝ «ՀԷՑ» և/կամ «Բաշխող») տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով նախատեսված մատակարարման և բաշխման գործառույթները՝ վերանայելով ՀԷՑ-ի կողմից վերջնական սպառողներին էլեկտրական էներգիայի վաճառքի բացառիկ իրավունքը, սահմանվել են էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման սակագները, հաստատվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները և այլն։

 

Ստորև ներկայացվում է էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի կարգավորումների համառոտ վերլուծությունը.

 

ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Արդեն իսկ այսօրվա կարգավորումների, ինչպես նաև համապատասխան գործիքների ներդրման նպատակը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մշտական ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է։

 

note

Էլեկտրաէներգետիկական շուկայի առաջարկվող կառուցվածքը միտված է ապահովելու նոր մասնակիցների մուտքը շուկա, ինչպիսիք են՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը (այսուհետ նաև՝ «Երաշխավորված մատակարար») և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ նաև՝ «Մատակարար»), էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք ու Շուկայի օպերատորի կողմից կանոնների համաձայն որակավորված ճանաչված սպառողները (այսուհետ նաև՝ «Որակավորված սպառողները»), էլեկտրական էներգիա արտադրողները (այսուհետ նաև՝ «Արտադրողները») և այլն։ Նոր կարգավորումների շրջանակներում նշված մասնակիցներն ավելի ընդարձակ դերակատարում կստանձնեն շուկայում էլեկտրական էներգիայի առուվաճառքի իրականացման համար՝ այդպիսով բարելավելով շուկայի լիկվիդայնությունը և ավելի մեծ ընտրության հնարավորություններ ընձեռելով ու ծառայություններ առաջարկելով ինչպես գնորդներին, այնպես էլ վաճառողներին, և Արտադրողներն, իրենց հերթին, հնարավորություն կունենան օգտագործելու վերջիններիս շուկայական դիրքը՝ հաշվի առնելով առաջարկի և պահանջարկի նոր կառուցվածքը:

 

 

ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Այսպես, նոր կարգավորումներով.

 

  • սահմանվել են ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ շուկայի մասնակիցներին խմբերի տարանջատման բաղադրիչները, վերջիններիս ներկայացվող պահանջները, սպառողների կողմից մատակարարին (այդ թվում՝ երաշխավորված մատակարարին) ընտրելու (փոփոխելու) կարգը,
  • նոր խմբագրությամբ  են շարադրվել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը։ Միաժամանակ, եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 01-ը գրավոր չի դիմել ՀԷՑ՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան,
  • սահմանվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, ամրագրվել են շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող, արտադրող, գործունեության կանոնները, նախատեսվել են սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունների խմբերը,
  • էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության թափանցիկության և մրցակցային պայմանների ապահովման համար առավել հստակեցվել են ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները,
  • նախատեսվել են անցումային կարգավորումներ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր ազատականացված մոդելին անցումը սահուն և աստիճանաբար կատարելու նպատակով։

 

ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Նախատեսվում է ներկայիս կառուցվածքից անցում կատարել ավելի ազատական կառուցվածքի, որի ներքո էլեկտրական էներգիայի մանրածախ և մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձանց, Մատակարարներին և Որակավորված սպառողներին կտրամադրվի հատուկ ձևաչափով էլեկտրաէներգետիկական շուկա մուտքի իրավունք:

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ «Օրենք»), «ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 519-Ն որոշմամբ, ինչպես նաև՝ «ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 516-Ն որոշմամբ նախատեսվում է ներկայիս կառուցվածքից անցում կատարել ավելի ազատական կառուցվածքի, որի ներքո էլեկտրական էներգիայի մանրածախ և մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձանց, Մատակարարներին և Որակավորված սպառողներին կտրամադրվի էլեկտրաէներգետիկական շուկա մուտքի իրավունք:

 

 

Օրենքը տարանջատում է բաշխման և մատակարարման գործառույթները՝ առաջին յոթ տարիների ընթացքում Երաշխավորված մատակարարի գործառույթը ամբողջությամբ կարգավորվող ռեժիմի ներքո պատվիրակելով Բաշխողին:

 

Ընդհանուր առմամբ, այն կառույցները, որոնք պարտականություններ և դերակատարում ունեն էլեկտրաէներգետիկական շուկայում, բնութագրվում են որպես շուկայի մասնակիցներ և շուկային ծառայություններ մատուցողներ։

Մասնավորապես՝

  1. շուկայի մասնակիցներն էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն ծավալող կազմակերպություններն են, որոնց գործունեությունը կարգավորվում է օրենսդրությամբ, ենթաօրենսդրական ակտերով, լիցենզիայի պայմաններով կամ համապատասխան պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերով։ Այդպիսիք են՝ էլեկտրական էներգիա արտադրողները՝ անկախ սեփականության ձևից, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք, Երաշխավորված մատակարարը, Մատակարարները, ինքնավար էներգաարտադրողները, սակագնային կարգավորման ենթակա և ոչ ենթակա սպառողները, այդ թվում՝ Որակավորված սպառողները.
  2. շուկային ծառայություններ մատուցողները բոլոր այն կառույցներն են, որոնք պատասխանատու են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների բնականոն գործունեությանն անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար՝ ապահովելով ոլորտի զարգացման պլանավորման և կառավարման, կարգավարման և հաշվեկշռման, համակարգային օժանդակ ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման, ինչպես նաև շուկայի մեծածախ և մանրածախ հատվածներում էլեկտրական էներգիայի առքուվաճառքի ծավալների հաշվառման և հաշվարկների կազմակերպման գործառույթների իրացումը: Այդպիսիք են Համակարգի օպերատորը և Շուկայի օպերատորը, ինչպես նաև Հաղորդողը և Բաշխողը։

 

Այսպիսով, ակնկալվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջովին կարգավորվող կառուցվածքից աստիճանաբար անցում շուկայի ազատականացված կառուցվածքի՝ ներդնելով մրցակցային շուկայի բաղադրիչներ, որը միտված է ապահովելու նոր մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա և հնարավորություն ընձեռելու սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարի ընտրության հարցում, ինչպես նաև խթանելու այլ երկրների հետ էլեկտրական էներգիայի առևտուրը։

 

Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև առկա կարգավորումների ծավալուն լինելը՝ «ԹիՔեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի մասնագետները հաջորդիվ կներկայացնեն էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կարգավիճակի վերաբերյալ առավել մանրամասն վերլուծություն՝ ներկայիս իրավական կարգավորումների շրջանակներում։

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

Շուշանիկ Վարդանյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

shush

 

Դիանա Ղազարյան

Ավագ իրավախորհրդատու

[email protected]

 

din