Իրավաբանական ակնարկ` գնումների ոլորտի նոր կարգավորումները

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ են մտել «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը՝ (այսուհետ նաև՝ «Օրենք»), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որոնց համաձայն մի շարք էական փոփոխություններ են կատարվել գնումների ոլորտի կարգավորումներում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Oրենքում կատարված փոփոխությունները, այսպիսով, նոր տրամաբանություն են հաղորդում գնումների գործընթացի կազմակերպմանը։ Ստորև ներկայացվում են հիմնական կարգավորումները՝ առավել ամփոփ տարբերակով։
Գնման գործընթացին մասնակցությունը
Նոր կարգավորումներով այսուհետ գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք են ստանում այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան 50,000 ՀՀ դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ։
Նրանք, որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չեն կարող ստանալ։
Մասնակցի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ցուցակում ընդգրկելը
Նոր կարգավորումների տրամաբանությամբ գնումների գործընթացի մասնակիցը (այսուհետ նաև՝ «Մասնակից») ընդգրկվում է նշված ցուցակում (այսուհետ նաև՝ «Ցուցակ») նաև հետևյալ դեպքերում.
- Մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը։
- Որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից։
Այսուհետ նրանք, ովքեր հայտերը բացելուց հետո հրաժարվում են Գործընթացին հետագա մասնակցությունից, չեն ընդգրկվում Ցուցակում։
Բողոքներ քննողի անձի ինստիտուտի վերացումը
Նոր կարգավորումներով գնումների հետ կապված բողոքներ քննող անձը դադարում է գոյություն ունենալ և դրանով պայմանավորված՝ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք է ունենալու բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները միայն դատական կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով):
Վերը նշված կարգավորումները չեն տարածվում մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը սկսած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա։
ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ
«Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին զուգընթաց՝ որոշակիորեն վերափոխվել է նաև դատարանում գնումների վերաբերյալ վեճերի քննման տրամաբանությունը։ Մասնավորապես, ինչպես արդեն նշել ենք, այսուհետ դատարանները ինչ-որ առումով կատարելու են նաև բողոքներ քննող անձի իրավասությունները։ Նշենք նաև, որ գնումների հետ կապված վեճերը այսուհետ քննվելու են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդրական փոփոխությունների հիմնական տրամաբանությունը ուղղված է դատարանում քննության գործընթացի առավել սեղմ ժամկետներում իրականացմանը։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում գնումների հետ կապված վեճերի քնննության գործընթացի հետ կապված հիմնական փոփոխությունները։
Դատավարական նոր ժամկետները
Գնումների հետ կապված վեճերի քննության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել են առավել սեղմ ժամկետներ։ Մասնավորապես, դատարանը հայցը վարույթ ընդունելու հարցը պետք է որոշի այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմանը զուգընթաց դատարանի կողմից պետք է որոշում կայացվի պատասխանողից՝ իր տիրապետման տակ առկա բոլոր ապացույցները պահանջելու մասին, որոնք պետք է պատասխանողի կողմից ներկայացվեն համապատասխան որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։ Նույն ժամկետում պատասխանողի կողմից կարող է ներկայացվել նաև հայցադիմումի պատասխան։
Ընդհանուր առմամբ գնումների հետ կապված վեճերը դատարանի կողմից պետք է քննվեն և լուծվեն վարույթ ընդունելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում։
Գրավոր ընթացակարգը
Այսուհետ, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որպես ընդհանուր սկզբունք, նախատեսում է գնումների հետ կապված վեճերի քննության գրավոր կարգով իրականացումը։ Գնումների հետ կապված վեճերը կարող են բանավոր կարգով քննվել միայն, եթե դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ հանգել է այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է գործը քննել դատական նիստում։
Ապացուցման պարտականությունը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումների շրջանակներում ապացուցման պարտավորության բեռի առյուծի բաժինը կրում է պատասխանողը։ Մասնավորապես, վերջինս պարտավոր է ապացուցել վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերը։
Գնման գործընթացի կասեցումը
Այսուհետ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման ուժով գնման գործընթացը ինքնաբերաբար կկասեցվի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման ընդունման օրվանից մինչև մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
Վճիռների օրինական ուժի մեջ մտնելը
Նոր կարգավորումների համաձայն՝ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն
Շուշանիկ Վարդանյան Իրավախորհրդատու, փաստաբան
|
Գոհար Թովմասյան Իրավախորհրդատու, փաստաբան
|