Իրավաբանական ակնարկ՝ Կորպորատիվ հանցագործությունների կանխման եվ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունից ազատման օրենսդրակկան մեխանիզմները

համոզված էր, որ բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք չեն կարող ներգրավված լինել որևէ հանցագործության կատարման մեջ, որպիսի համոզմունքը հանգեցրեց «սպիտակ օձիքի հանցագործություն» եզրույթի բավականին ուշ ի հայտ գալուն։ Վերջինս առաջին անգամ կիրառվել է 1930 թվականին սոցիոլոգ Էդվին Սաթերլենդի կողմից՝ նկարագրելու համար բարձր սոցիալական կարգավիճակ և/կամ վստահության բարձր մակարդակ և/կամ տեղեկատվության պատշաճ հասանելիություն ունեցող մասնագետների կողմից կատարված հանցագործությունները։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայումս մեծ տարածում են ստացել կորպորատիվ հանցագործությունները, որոնց ընթացքում անձը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, իրավաբանական անձի անունից կատարում է հանցանք։ Կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ տվյալ հանցագործությունը կատարված լինի կամ ի շահ իրավաբանական անձի, կամ իրավաբանական անձին օգտագործելու միջոցով։

 

Կորպորատիվ հանցագործությունները կարող են  մեծ ազդեցություն ունենալ ընկերության աշխատողների և հաճախորդների վրա՝ վնասելով վերջիններիս գործարար համբավին և հեղինակությանը, ինչը կարող է կործանարար լինել բիզնեսի յուրաքանչյուր մասնակցի համար։ Անհրաժեշտ է ընդգծել, որ նման հանցագործությունը կարող է հանգեցնել ընկերության բաժնեմասերի արժեքի նվազմանը, բաժնետիրոջ գույքի բռնագրավմանը և մի շարք այլ անբարենպաստ հետևանքների։

 

Նման հանցագործությունների կանխման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքի՝ իրավաբանական անձանց պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումները, ինչը վկայում է այն մասին, որ ներկայումս իրավաբանական անձինք նույնպես ենթակա են քրեական պատասխանատվության։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԵԼ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Գործող քրեական օրենսգիրքը իրավաբանական անձանց դիտարկում է որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ։ ՀՀ քրեական օրենսգիրքը չի առանձնացնում կոնկրետ հանցագործությունները, որոնց համար իրավաբանական անձինք ենթակա են քերական պատասխանատվության, այսպիսով իրավաբանական անձանց համար կիրառելի են այն բոլոր հանցատեսակները, որոնք կիրառելի կարող են լինել ողջամտության սահմանում իրավաբանական անձանց համար հաշվի առնելով վերջինիս յուրահատկությունը։ Իրավաբանական անձինք ենթակա են քրեական պատասխանատվության մասնավորապես՝ կաշառք տալու և/կամ ստանալու, սնանկության ընթացքում անօրինական գործունեության, կանխամտածված սնանկության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, հակամրցակցային գործունեության և վերջիններիս վերաբերելի այլ հանցագործություններ կատարելու դեպքում։

 

Հաշվի առնելով, որ կորպորատիվ հանցագործությունների համար սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը, ինչպես նաև դրանց արդյունքում ընկերությանը, վերջինիս բաժնետերերին և այլ ղեկավարներին, ընդհուպ ընկերության աշխատակիցներին պատճառված վնասների հետևանքները վերացնելը պահանջում են ահռելի ռեսուրսներ և ջանքեր, կարևոր է ներդնել մեխանիզմներ՝ նախ և առաջ ուղղված նման հանցագործությունների կանխմանը։

 

Մինչդեռ, միջազգային փորձը վկայում է, որ կորպորատիվ հանցագործությունների բացահայտումն ու կանխարգելումը ևս բավականին բարդ ընթացակարգ է և մեծ ջանքեր կարող են պահանջվել վերջիններս կանխելու համար։

 

Այս ոլորտի մասնագետները, հիմնվելով իրենց փորձի վրա, առաջարկում են նման հանցագործությունների կանխարգելման տարբեր մեխանիզմներ, ինչպիսիք են հզոր ծրագրակազմի օգտագործումն իրական ժամանակում աշխատանքի պատշաճ մոնիթորինգ իրականացնելու նպատակով, աշխատակիցների պատշաճ և ճիշտ ժամանակին վերահսկողությունը, ընկերության ներքին աուդիտի իրականացումը, պարտականությունների խիստ տարանջատման պահպանումը և այլն։

 

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Եթե ամեն դեպքում չի հաջողվել խուսափել հանցագործության կատարումից, ապա ինչպե՞ս ազատվել կատարված արարքի համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունից։

 

Քրեական պատասխանատվությունից ազատվելու համար նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի իրավաբանական անձը նախօրոք ձեռնարկած լինի իրենից կախված բոլոր միջոցառումները կորպորատիվ հանցագործությունների կատարումը կանխելու համար։

 

Քրեական օրենսգիրքն ամրագրում է, որ իրավաբանական անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նախապես ձեռնարկել է հանցանքի կատարման բացառմանն ուղղված գործողություններ՝ անկախ այն հանգամանքից՝ ձեռնարկված միջոցները հասել են իրենց նպատակին, թե ոչ։

 

Օրինակ, եթե իրավաբանական անձի ղեկավարը, օգտագործելով իրավաբանական անձը, իրականացրել է կոռուպցիոն գործողություններ, իրավաբանական անձը տվյալ պարագայում ենթակա չի լինի պատասխանատվության, եթե դրանում նախապես ներդրված լինեն բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք ուղղված են կոնկրետ կոռուպցիայի կանխարգելմանը։ Այդպիսի մեխանիզմներից կարող է լինել, համապատասխան կարգերի մշակումը, աշխատակիցների իրազեկման միջոցառումների իրականացումը, ժամանակ առ ժամանակ ներքին վերահսկողության իրականացումը և համապատասխան ներքին վերահսկողության կարգերի առկայությունը, աշխատակիցների կողմից կոռուպցիոն գործողություններին ուղղված արարքների իրականացման կամ նման փորձի պարագայում վերջիններիս նկատմամբ հատուկ պատասխանատվության միջոցների կիրառումը, այդ մասով ներքին ընթացակարգերի սահմանումը և իրազեկումը, աշխատակիցների վարքագծի կանոնների հստակ ամրագրումը, և ցանկացած այլ մեխանիզմ, որը կօգնի ինչ որ չափով նվազեցնել և կանխարգելել կոռուպցիոն դրսևորումները։

 

Հարկ է նաև նշել, որ իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև այն դեպքում, երբ վերացնում է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, եթե, իհարկե, այդպիսիք առկա են, կամ երբ վերջինս հատուցում է պատճառված վնասը և հարթում է ենթադրյալ հանցագործության այլ հետևանքները, վերադարձնում է հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքը, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։

 

Օրինակ, ներկայումս քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելու կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելու կամ հարկման օբյեկտը թաքցնելու կամ խաբեության այլ դրսևորման համար։

 

Տվյալ դեպքում, եթե իրավաբանական անձը նույնիսկ չի կարողացել խուսափել հանցանքի կատարումից, սակայն պատրաստակամ է հատուցելու հանցավորությամբ պատճառված վնասները, հարթում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասները, ինչպես նաև վերացնում է տվյալ հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ապա վերջինս հնարավոր է ազատվի քրեական պատասխանատվությունից։

 

Կամ, օրինակ քրեորեն պատժելի է նաև հակամրցակցային գործունեությունը, մասնավորապես՝ տնտեսական գործունեությունը համակարգելը կամ հակամրցակցային համաձայնություն կայացնելը կամ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահելը կամ համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, որը հանգեցրել է մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման և խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, կամ որի արդյունքով տնտեսավարող սուբյեկտն ստացել է խոշոր չափերի շահույթ։ Տվյալ դեպքում իրավաբանական անձը հնարավորություն ունի ազատվելու քրեական պատասխանատվությունից, եթե վերջինս հատուցի վերոնշյալ սուբյեկտներին հանցանքի հետևանքով պատճառված վնասները, վերադարձնի ստացված շահույթը և վերացնի հանցանքի կատարմանը նպաստած պատճառները և պայմանները։

 

Այսպիսով, յուրաքանչյուր անգամ իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունից ազատման տարբերակները քննարկելիս առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների առկայությանը, արդյո՞ք ընկերությունը ձեռնարկել է հնարվոր բոլոր միջոցները հանցագործությունը կանխարգելելու համար, արդյո՞ք պատրաստակամ է հատուցել հանցագործության արդյունում պատճառված վնասները և ստացված եկամուտները, այդպիսիք լինելու պարագայում։

 

Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատտվությունից ազատման ընդհանուր հիմքերով, այնքանով, որքանով դրանք կիրառելի են իրավաբանական անձի դեպքում։

 

Մեր իրավաբանական գրասենյակը կարող է աջակցել ինչպես նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված համապատասխան մեխանիզմների ներդրման, այնպես էլ հանցանքը կատարվելու դեպքում՝ պաշտպանության իրականացման շրջանակներում։

 

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն