Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը

Հայաստանում իրավաբանական անձինք նույնպես կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս ռեժիմը ներմուծվել է հայկական իրականություն 2022 թվականին` նոր քրեական օրենսգրքով: Այս հոդվածում փորձել են բացատրել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության էությունն ու դրանից խուսափելու հնարավորությունները:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ «Օրենսգիրք»), որը պատասխանատվություն է սահմանում նաև իրավաբանական անձանց համար, ի տարբերություն նախկին ՀՀ քրեական օրենսգրքի, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն ֆիզիկական անձնաց համար։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները սկսելու են գործել 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

 

 

Օրենսգրքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ «ՀՀ») ստեղծված, այնպես էլ ՀՀ-ից դուրս ստեղծված իրավաբանական անձինք։ Ընդ որում, եթե ՀՀ-ում ստեղծված իրավաբանական անձի կատարած հանցանքը ուղղված է եղել ՀՀ սահմաններից դուրս, ապա այդ հանցանքի համար իրավաբանական անձը պատասխանատվության է ենթակա տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մինչդեռ, եթե տվյալ երկրի օրենսդրությունն իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն սահմանած չլինի, ապա վերջինս կարող է պատասխանատվության ենթարկվել Օրենսգրքով սահմանված կարգով։ Նման կարգ սահմանվել է անձին միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկելուց խուսափելու համար։

 

 

Ինչ վերաբերում է օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձին, ապա վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական պատասխանատվության կենթարկվի միայն այն դեպքում, եթե օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն հանցանքի համար, և իր կատարած հանցանքը ուղղված է եղել հետևյալ անձանց՝ 

 

 

1) ՀՀ-ին և/կամ 

2) ՀՀ քաղաքացուն, և/կամ 

3) ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին, և/կամ 

4) ՀՀ-ում ստեղծված իրավաբանական անձին և այլ կազմակերպություններին։

 

 

Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 

Իրավաբանական անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միմիայն Օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պարագայում։

 

 

Առաջին հերթին, իրավաբանական անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե հանցանքը կատարվել է այնպիսի անձի կողմից, ով իրավասու է եղել ներկայացնելու իրավաբանական անձին կամ ազդելու վերջինիս կողմից կայացվող որոշումների վրա, և երբ այդ անձը հանցանքը կատարելիս գործել է իրավաբանական անձի անունից և ի շահ դրա, ինչպես նաև իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով)։

 

 

Քրեական պատասխանատվության ենթարկելու մեկ այլ հիմք է հանցանքի կատարումը աշխատողի կողմից կամ իրավաբանական անձի որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կողմից կամ էլ իրավաբանական անձին ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից, երբ հանցանքը կատարվել է իրավաբանական անձի կողմից օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունունները չկատարելու պատճառով։ 

 

 

Այստեղ հարկավոր է անդրադառնալ այն հարցին, թե ինչ ենք հասկանում ասելով «գործել ի շահ իրավաբանական անձի»։ Այսպիսով, հանցանքը համարվում է ի շահ իրավաբանական անձի կատարված, եթե հանցագործության նպատակների մեջ եղել է անմիջականորեն իրավաբանական անձի համար գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտներ առաջացնելը, այդ թվում՝ եկամուտն ավելացնելը, ծախսերը կամ կորուստները նվազեցնելը, իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից ազատվելը, իրավունքներ ձեռք բերելը կամ պարտականություններից ազատվելը:

 

 

Իսկ ո՞վ կարող է համարվել իրավաբանական անձին ներկայացնող անձ։ 

 

 

Իրավաբանական անձին ներկայացնող անձը կարող է լինել ցանկացած անձ, որ որևէ ակտի հիման վրա, (օրինակ օրենքի, պայմանագրի, տվյալ իրավաբանական անձի կանոնադրության և այլն) ստանում է լիազորություն ներկայացնել իրավաբանական անձին։ Այսպիսով, իրավաբանական անձին ներկայացնող անձ կարող է համարվել օրինակ՝ գործադիր մարմինը (տնօրեն, գլխավոր տնօրեն և այլն), գլխավոր հաշվապահը կամ յուրաքանչյուր այլ անձ, ով համապատասխան ակտի համաձայն իրավունք ունի ներկայացնելու տվյալ իրավաբանական անձին։

 

 

Ինչ վերաբերում է  իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձին, ապա ելնելով Օրենսգրքի համապատասխան իրավանորմից՝ կարող ենք նշել, որ այդպիսի անձ է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցության ուժով պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող անձը (կամ այն անձը, ով իրավունք ունի այլ ձևով ներգործելու իրավաբանական անձի գործունեության կամ կայացվող որոշումների վրա)։ Օրինակ՝ իրավաբանական անձի որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձ կարող է համարվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 20 և ավելի տոկոս բաժնեմասնակցություն ունեցող մասնակիցը կամ բաժնետիրական ընկերությունում 20 և ավելի տոկոս բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերը։

 

 

Կարևոր ենք համարում նշել նաև այն, որ Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը, մինչդեռ Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը հիմք չէ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ 

 

 

Օրինակ, եթե հանցանքը կատարվել է իրավաբանական անձի տնօրենի կողմից և այն իր բնույթով այնպիսին է, որ առանձին-առանձին  քրեական պատասխանատվություն է սահմանում և' տնօրենի համար՝ որպես ֆիզիկական անձի, և' իրավաբանական անձի համար, ապա այդ հանցանքի համար տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելը չի նշանակում, որ իրավաբանական անձն այլևս չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ասպիսով, և' տնօրենը և իրավաբանական անձը կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ինչ վերաբերում է տնօրենի՝ որպես ֆիզիկական անձի հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքին, ապա նշվածը հիմք չի կարող հանդիսանալ իրավաբանական անձին ևս  քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Ի՞ՆՉ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

 

Ելնելով իրավաբանական անձանց առանձնահատկություններից, օրենսդիրը վերջիններիս համար նախատեսել է ֆիզիկական անձաnց համար նախատեսված քրեաիրավական պատասխանատվության միջոցներից տարբերվող այլ միջոցներ, դրանք են՝ 

 

 

1) տուգանք, 

2) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, 

3) հարկադիր լուծարում, 

4) ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:

 

 

  • ՏՈՒԳԱՆՔԸ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

 

Տուգանքի հստակ չափ օրենսդրությամբ ամրագրված չէ, և այն որոշվում է դատարանի կողմից՝ հիմք ընդունելով իրավաբանական անձի կողմից թույլ տված արարքի ծանրության աստիճանը, այն վճարելու հնարավորությունը և այլն։ Տուգանքի չափը չի կարող լինել հանցանք կատարած իրավաբանական անձի հանցանքն ավարտելուն նախորդած 1 տարվա ընթացքում ստացված համախառն եկամտի 20 տոկոսից ավել։ Բացի այդ, տուգանքի չափը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի սնանկացմանը կամ լուծարմանը, ինչպես նաև դատարանը, հաշվի առնելով իրավաբանական անձի գույքային դրությունը, կարող տուգանքի վճարումը տարաժամկետել։

 

 

  • Ի՞ՆՉ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ԱՅՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

 

 

Այս տեսակի պատժամիջոցի նշանակման պարագայում իրավաբանական անձին արգելվում է դատարանի կողմից նշանակված որոշակի ժամանակահատվածում (2 ամսից մինչև 2 տարի ժամկետով) զբաղվել գործունեության որոշակի տեսակով։ Նման պատժատեսակ հիմնականում նշանակվում է այն գործունեության տեսակի համար, որի ընթացքում կամ որի իրականացման հետ կապված է եղել հանցանքը։ Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը չի կարող հանգեցնել իրավաբանական անձի սնանկության։

 

 

  • Ի՞ՆՉ Է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ Ո՞Ր ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ

 

 

Այս պատժատեսակի կիրառման դեպքում արգելվում է իրավաբանական անձին ՀՀ տարածքում իրականացնել կոնկրետ որևէ գործունեություն և այն կիրառվում է միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար և միայն այն օտարերկրյա իրավանական անձանց նկատմամբ, ովքեր ստեղծվել են այլ օտարերկրյա պետությունում և իրենց գործունեությունն են իրականացնում ՀՀ-ում։

 

 

  • Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

 

Հարկադիր լուծարումը պատասխանատվության միջոց է, որը կիրառվում է առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելու միջոցով։

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Ե՞ՐԲ է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՄԱՐՎԱԾ

 

 

Իրավաբանական անձի դատվածության մարված լինելու ժամանակահատվածը պայմանավորված է կատարված հանցավոր արարքի ծանրությամբ։ Այն պարագայում, երբ թույլ տրված արարքը եղել է ոչ մեծ ծանրության իրավաբանական անձի դատվածությունը համարվում է մարված նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո, միջին ծանրության հանցավոր արարքի դեպքում՝ երկու տարի հետո, ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ երեք տարի հետո, առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում, եթե չի նշանակվել հարկադիր լուծարում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 5 տարի հետո։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Այն պարագայում, երբ մինչև դատվածության մարվելը իրավաբանական անձը թույլ է տալիս նոր հանցավոր արարք, ժամկետը սկսում է հաշվվել նոր հանցագործության համար նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց հետո:

 

 

 

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՌՎԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆՍ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

 

 

Իրավաբանական անձը կազատվելի քրեական պատասխանատվությունից, եթե նախապես ձեռնարկել է հանցանքի կատարման բացառմանն ուղղված գործողություններ։ Այսպիսով, եթե իրավաբանական անձը ձեռնարկել է բոլոր միջոցները, ներդրել է մեխանիզմներ, որոնք նվազեցնում են հանցանքի կատարման հնարավորությունը, ապա վերջինս չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե նույնիսկ համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո հնարավոր չի եղել կանխել հանցագործությունը։

 

 

Նման մեխանիզմ կարող է լինել օրինակ՝ ընկերության կողմից ներդրված կիրառելի վարքագծի կանոնները,  որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող աշխատակիցների գործունեության պարբերական մոնիթորինիգի մեխանիզմները և այլն։ Այնուամենայնիվ, ի տարբերություն այլ երկրների՝ այս պահին ՀՀ-ում հստակ չափանիշներ ամրագրված չեն, և դրանց բավարար կամ ոչ բավարար լինելը դեռևս անորոշ է։

 

 

Բացի վերոնշյալից, անհրաժեշտ է նշել նաև, որ իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև այն դեպքում, երբ վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, եթե այդպիսիք առկա են, կամ եթե վերջինս հատուցել է պատճառած վնասը և հարթել է ենթադրյալ հանցագործության այլ հետևանքները, վերադարձրել է հանցանքի կատարման արդյունքում ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ստացված եկամուտը, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում, ինչքանով որ դրանք կարող են կիրառելի լինել իրավաբանական անձանց համար։

 

 

Մեր թիմը կարող է Ձեզ օգնել իրականացնել անհրաժեշտ միջոցառումներն ու ներդնել մեխանիզմներ ուղղված հանցավոր ռիսկերի և հնարավոր քրեական պատասխանատվության բացառմանն, իսկ քրեական պատասխանատվության առաջացած լինելու պարագայում ստանձնելու Ձեր պաշտապնությունը։

 

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

 

ԼԵՆԱ ՄԻՏԻՉՅԱՆ

Ավագ իրավախորհրդատու – փաստաբան

 

[email protected]

ՄԻԼԵՆԱ ԹԱՇՉՅԱՆ

Կրտսեր իրավախորհրդատու – փաստաբանի օգնական

[email protected]

 

 

 

 

lena

 

 

 

 

efa3593e-5242-4bc0-b956-4485eca629341-2