ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՏԱՐԵԿԱՆ 24%-ը: Ի՞ՆՉ ԿԱՍԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Վերջերս, վարկառուի և վերջինիս վարկատու ֆինանսական կազմակերպության միջև առաջացած վեճի շրջանակներում (տես թիվ ԵԴ/29387/02/19 քաղաքացիական գործով կայացված համապատասխան դատական ակտերը) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ այնուհետև նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանը արտահայտել են դիրքորոշում, ըստ որի իրավաչափ չէ այն իրավիճակը, երբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն հաշվարկված և վարկային պայմանագրի մեջ արտացոլված տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցում է բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, որն այս պահին կազմում է տարեկան 24 տոկոս՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասը փաստացի տարածելով նաև վարկերի համար հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ։

 

Համոզված ենք, որ արտահայտված իրավական դիրքորոշումն իրավաբանորեն անհիմն է, և այսպիսի մոտեցումը լրջագույն իրավական ռիսկեր է պարունակում ֆինանսական կազմակերպությունների գործունեության համար և կարող է հարվածել նաև համակարգի կայունությանը։

 

Առաջիկայում սպասվում է այս հարցի վերաբերյալ նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որից, ինչպես նաև նրանից, թե արդյո՞ք բարձրացված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կհամարի, որ իր որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մեծապես կախված է ֆինանսական համակարգը համապատասխան իրավական նոր ռիսկերից զերծ պահելու հնարավորությունը։

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի սահմանափակումների վերաբերյալ ստորադաս դատարանների արտահայտած դիրքորոշումը համարելով լրջագույն խնդիր՝ կարևոր ենք համարում սույն հրապարակմամբ անդրադառնալ մեր գնահատմամբ բավականին ծանրակշիռ համարվող համապատասխան իրավական հակափաստարկներին։ Մասնավորապես.

 

  1. Նախ անհրաժեշտ ենք համարում մեջ բերել խնդրո առարկա հասարակական հարաբերությունները կարգավորող հետևյալ իրավադրույթները.

 

    1.  Քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխի 879-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
    2. Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի համաձայն «1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

2. Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:»

    1. Վճռաբեկ դատարանն իր թիվ ԱՎԴ4/0145/02/08 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշումն առ այն, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` փոխառությանը վերաբերող 46-րդ գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե կողմերն այլ կանոններ են սահմանել վարկային պայմանագրով, և որոնք չեն հակասում վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջներին: Ընդ որում, օրենսդիրը, ելնելով Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով[1]:
    2. «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝
  1. տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում.»։
    1. «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR)՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` հիմք ընդունելով սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևը»։

 

  1. Վերը հիշատակված իրավակարգավորումների ներքո մեր գնահատմամբ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել «տարեկան փաստացի տոկոսադրույք» եզրույթը, քանի որ.

 

(ա) «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքը ոչ թե հաճախորդին տրված գումարի վրա հաշվարկվող «մեկ այլ տոկոսադրույք» կամ «քողարկված տոկոսադրույք» է, այլ այն բոլոր ծախսերի տոկոսային արտահայտումն է, որը սպառողը կատարում է կրեդիտի (վարկի) ստացման, դրա հետագա սպասարկման, օգտագործման, մարման համար։ Այսինքն՝ այն առհասարակ «իրական տոկոս» չէ։

(բ) Ավելին, օրենսդիրն ինքն է պահանջում, որպեսզի սպառողական վարկերի դեպքում վարկառուն պատշաճ տեղեկացված լինի, թե վերջիվերջո վարկառուն վարկը վերցնելու և հետագայում մարելու պարագայում՝ որքան հավելյալ ծախսեր է անելու՝ հաշվի առնելով այն բոլոր ծառայությունները և գործողությունները, որոնք պետք է կատարվեն վարկի տրամադրումը և դրա հետագա սպասարկումը վարկատու կազմակերպության կողմից ապահովելու համար։ Ընդ որում՝ նշված ծախսերին տոկոսային արտահայտում տալը ևս օրենսդրի պահանջն է և պարզապես նպատակ ունի պարզ և մատչելի ձևով, ծախսերին միասնական արտահայտություն տալու միջոցով սպառողին հասկանալի դարձնել իր կողմից կատարվարվող (կատարվելիք) ծախսերը։

(բ) Ո'չ օրենսդիրը, ո'չ ֆինանսական համակարգը կարգավորման և վերահսկողության համար  պատասխանատու պետական մարմինը՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի առաջնային նպատակն էլ հենց ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է, որևէ կերպ նշված տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն սահմանել։

(գ) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան փաստացի տոկոսադրույքի ներառումը վարկային պայմանագրի մեջ ոչ թե բանկի կամ վարկային կազմակերպության իրավունքն է այլ նրա պարտականությունը, դրա սահմանումը վարկային պայմանագրում ոչ թե հետապնդում է նպատակ՝ շրջանցելու բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկից ավել չափով վարկի/փոխառության տոկոս չսահմանելու պարտականությունը (նամանավանդ՝ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ4/0145/02/08 որոշմամբ արտահայտված մեկնաբանության ուժով վարկային պայմանագրի նկատմամբ ըստ էության այդպիսի պարտականության բացակայության պայմաններում), այլ՝ վարկառուների (սպառողների) համար պարզ և մատչելի ձևով հասանելի դարձնելու այն ընդհանուր ծախսը՝ տոկոսային արտահայտությամբ, որը վերջինս կատարելու է վարկ ստանալու, օգտագործելու, ինչպես նաև վարկատուի կողմից կամ երրորդ անձանց կողմից վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում (դրանց հետ կապված) վարկառուներին (սպառողներին) մատուցվող այլ ծառայությունների դիմաց։

  1. Գտնում ենք, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ4/0145/02/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և առավել ևս ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում չեն հիմնավորել օրենքի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը: Մասնավորապես,

 

  • Փաստացի անտեսվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ4/0145/02/08 որոշմամբ արտահայտված՝ մեր կողմից վերը հշատակված իրավական դիրքորոշումը:

 

Այսպես. տոկոսադրույքի սահմանափակման վերաբերյալ իրավանորմը զետեղված է Քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխում (879-րդ հոդված), որն ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ վարկային պայամանգրի նկատմամբ կիրառելի չէ, եթե վարկային պայմանագրով այլ պայման է նախատեսված։ Ըստ ստորադաս (վերաքննիչ) դատարանի սակայն, տվյալ դեպքում վարկային պայմանագրով նախատեսված փաստացի տարեկան տոկոսադրույքը  (որը կոնկրետ գործով կազմել է 59.94%) հակասում է Քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի պահանջին։ Նույնիսկ նշված սահմանափակումը փաստացի տոկոսադրույքի նկատմամբ կիրառելու անհիմն մեկնաբանության պարագայում, դատարանը մեր համոզմամբ պետք է հաշվի առներ այն, որ մյուս կողմից Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն տարեկան փաստացի տոկոսադրույքի այդպիսի չափը պետք է դիտարկել որպես վարկային պայմանագրով սահմանված փոխառության պայմանագրի համար սահմանված կանոններից տարբերվող այլ պայման՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոս, ինչի արդյունքում Քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխի 879-րդ հոդվածի սահմանած պահանջը ավտոմատ կերպով դառնում է ոչ կիրառելի համապատասխան վարկային պայմանագրի նկատմամբ։ Ստացվում է սակայն, որ դատարանի դիրքորոշման համաձայն վարկային պայմանագրով կողմերի կողմից այլ տոկոս սահմանված լինելու պարագայում, այդ պայմանագրի նկատմամբ շարունակում է տարածվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխում զետեղված կանոնը՝ 879-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն առ այն, որ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

 

  • Վերաքննիչ դատարանը, բավական չէ՝ անտեսել է Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումը, ավելին, ինչպես վերը նշեցինք, ՀՀ նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանմամբ, եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փոխառության տոկոսների չափի սահմանափակումը վերաբերում է ոչ միայն իրավակիրառ պրակտիկայում այսպես կոչված «անվանական տոկոսադրույքին», այլև «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային պայմանագրերում արտացոլման ենթակա տարեկան փաստացի տոկոսադրույքին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «տարեկան փաստացի տոկոսադրույքին» վերաբերող իրավակարգավորումները՝ այդպիսով չտարանջատելով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում ներառվող բաղադրիչները (օրինակ՝ հարակից ծառայությունների վճարներ, վարկի սպասարկման վճարներ) անվանական տոկոսադրույքից և ըստ էության նույնացրել է նշված հասկացությունները։

 

  1. Վերաքննիչ դատարանը մեր կարծիքով խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը և 79-րդ հոդվածը, քանի որ իր մեկնաբանությամբ իրավական անորոշություններ է առաջացրել այդ հոդվածով նախատեսված սահմանափակումը վարկային պայմանագրի վրա տարածվելու, այդ հոդվածով նախատեսված տոկոսների տակ տարեկան փաստացի տոկոսադրույքը նկատի ունենալու, տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված վարկի սպասարկման գումար սահմանելու հնարավորության, դեպքերի, չափի սահմանափակումների առումով: Համարելով, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը սահմանափակված է՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այդ սահմանափակման հիմքերին և ծավալին։ Արդյունքում, մեր համոզմամբ այդ անորոշությունը կարող է հանգեցնել նրան, որ վարկատու կազմակերպությունները ի վիճակի չեն լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ։

 

  1. Բացի վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ բարձրացված նյութական իրավունքի վերաբերյալ հարցի, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրի 879-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսային սահմանափակման՝ վարկի պայմանագրի նկատմամբ կիրառելի լինելու դեպքերի (տարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ կիրառելի լինելու հանգամանքի), ինչպես նաև վարկի սպասարկման վճար սահմանելու և դրա չափի՝ օրենսդրությամբ սահմանափակված լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը էական նշանակություն կունենա իրավական որոշակիության և օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից, մասնավորապես քանի որ նշված իրավանորմի և դրա կիրառության վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

  1. Լուրջ մտավախություն է առաջանում նաև այն տեսանկյունից, որ եթե խնդրո առարկա իրավական նորմերը դատարանների կողմից շարունակեն մեկնաբանվել Վերաքննիչ դատարանի պես, կստեղծվի մի իրավիճակ, երբ ֆինանսական համակարգի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն ամբողջությամբ վերանայել իրենց կողմից տրամադրվող վարկային պրոդուկտների տրամադրման նպատակահարմարությունը, իսկ արդեն տրամադրված վարկերի մասով ֆինանսական համակարգում կառաջանան անցանկալի հետևանքներ՝ կապված այդ քանակով անվավեր պայմանագրերի հետագա սպասարկման հետ։ Արդյունքում՝ էական բացասական ազդեցություն կառաջանա ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի, դրա մասնակիցների, ներդրողների և վարկառուների համար, որը կարող է խաթարել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը։

 

Վերջում ցանկանում ենք արտահայտել մեր հույսն առ այն, որ Վճռաբեկ դատարանը վերը նկարագրված խնդրի հետ կապված իրեն ներկայացված բողոքը կընդունի վարույթ և հետագայում կընդունի վեճը լուծող այնպիսի ակտ, որը զերծ կպահի Հայաստանի ֆինանսական համակարգը հնարավոր ցնցումներից։

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերն ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

ՄԻՍԱԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ի.գ.թ

Գործընկեր, փաստաբան

[email protected]

 

ԹԱՄԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավագ իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

 


[1] «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի հայցի ընդդեմ Արթուր Սարգսյանի, Արտակ Հարությունյանի և երրորդ անձինք Արտաշ Արտաշյանի, Սուսաննա Ստեփանյանի և Նելլի Արտաշյանի` 2.417.218,7 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 48.400 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ4/0145/02/08 որոշում