Անշարժ գույքի հարկ վճարողների թիվը համալրվում է

Նախագիծը նախատեսում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների համար անշարժ գույքի հարկի կիրառում, ինչպես նաև անավարտ շինությունների համար հարկային բեռի վերանայում։Սույն իրավական ակնարկում փորձել ենք ամփոփել ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական փոփոխությունները։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ նաև՝ «Նախագիծ») նոր կարգավորումներ են նախատեսվում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների նկատմամբ անշարժ գույքի հարկի կիրառման, ինչպես նաև անավարտ շինությունների նկատմամբ հարկային բեռի վերանայման համար։

 

Այս իրավական ակնարկում փորձել ենք ամփոփել ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական փոփոխությունները։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Նախագծի նպատակը պետական և համայնքային սեփականության հողա­մա­սերի և շինությունների, ինչպես նաև անա­վարտ շինու­­թյունների գծով հարկային բեռի վերանայումն է, շինարարության թույլտվությունների երկարա­ձգ­ման համա­ր բավական բարձր տեղական տուրքերի նախատեսումը:

 

Ստորև ներկայացվում են ներկա կարգավորումները և նախատեսվող փոփոխությունները՝ առավել ամփոփ տարբերակով։

 

Գործող և Նախագծով նախատեսվող կարգավորումները 

 

Այսպես, Նախագծի համաձայն՝

 

  • անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են դիտարկվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները։ Այնինչ, գործող կարգավորումներով՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն այն ինքնակամ շինու­թյունը, որը կառուցված է անշարժ գույքի հարկ վճա­րո­ղին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա,

 

  • անշարժ գույքի հարկ են վճարում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները։ Գործող կարգավորումներով՝ անշարժ գույքի հարկ նախատեսված է միայն պետական սեփականության հողամա­սերի մշտա­կան օգտագործողների մասով, 

 

  • անշարժ գույքի հարկ են վճարում նաև կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով։ Գործող կարգավորումներով՝ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայն­քա­յին հողամասերի վրա կառուցված շինությունների այդ թվում՝ ինքնակամ մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններ նախատեսված չեն։

 

  • շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում՝ անկախ շինարարության ավարտվածության աստիճանից [1]։ Գործող կարգավորումներով՝ անավարտ շինությունների մասով անշարժ գույքի հարկի հաշվարկը (չափը) պայմանավորված է միայն շինարարության ավարտվածության աստիճանով. որքան ավարտված է շինարարությունը, այնքան ցածր է վճարվող հարկի չափը։  
  • շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները։ Գործող կարգավորումներով համայնքին վճարվող տեղական տուրք նախատեսվում է միայն համայնքի տարածքում շինարարության թույլտվության տրամադրման համար։

 

  • բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված համայնքին վճարվող տեղական տուրքի դրույքաչափերը:

 

Նախագծի ընդունման դեպքում վերջիններիս կիրառելիության ժամկետները 

 

  • «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է նաև այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտվել է և չի երկարաձգվել, ինչպես նաև այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ և երկարաձգվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Սույն օրենքը չի կիրառվում այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել և երկարաձգվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնել երկարաձգված՝ շինարարության թույլտվության երկարաձգված ժամկետում:

 

  • «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

[1] Նվազեցվող գործակցի կիրառման դեպքում անշարժ գույքի հարկի չափը ուղղակի կախված է շինարարության ավարտվածության աստիճանից։ Մասնավորապես, որքան ավարտված է շինարարությունը  այնքան ցածր է անշարժ գույքի կիրառելի հարկի չափը։

 

 

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

 

 

Շուշանիկ Վարդանյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

shushanik

 

Գոհար Թովմասյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

gohar