ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը 2021 թվականի վերջին նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ «Բաժնետիրական ընկերության մասին» ՀՀ օրենքում («Օրենք»), որով ներդրվեցին փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության հավելյալ մեխանիզմներ։

Օրենքում կատարված ամենամեծ փոփոխությունը, որը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից, վերաբերում է բաժնետիրական ընկերությունում շահագռգռվածության առկայությամբ գործարքների կնքման կարգին։ Մասնավորապես, փոփոխությամբ հստակեցվել է շահագրգռվածություն ունեցող բաժնետիրոջ ներգրավվածության աստիճանը նման որոշումների ընդունման գործընթացում։

Այսուհետ այն գործարքների կնքման հարցում, որում առկա է շահագռգռվածություն, և որի ընդունումը հանձնված է ընդհանուր ժողովի իրավասությանը, այն է՝

  • գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի հաշվարկված շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.
  • գործարքը կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

 

Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա լինելու գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ նրան պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ։ Այս դեպքում գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է միայն քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերոգրյալ կարգավորումը կիրառելի չէ, եթե ընկերության բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը։

Կատարված փոփոխությունները ավելի հեշտ նկարագրելու համար եկեք պատկերացնենք, որ բաժնետիրական ընկերությունն ունի երկու բաժնետեր, որից մեկին՝ Ա-ին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 91%-ը, իսկ մյուսին Բ-ին՝ 9%-ը (փոքր բաժնետեր)։ Ընկերությունը որոշում է կայացնում թողարկել և տեղաբաշխել լրացուցիչ բաժնետոմսեր (ընկերության արդեն իսկ տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից ավելի բաժնետմոսեր) ։

Ըստ նոր կարգավորման՝ լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման նպատակով կնքվող գործարքների կնքման մասին որոշման քննարկմանը և ընդունմանը իրավունք չունի մասնակցել այդ հարցում շահագռգռվածություն ունեցող բաժնետերը։ Այսինքն, եթե միայն բաժնետեր Ա-ն իրականացնում է իր նախապատվության իրավունքը և ցանկանում է ձեռք բերել լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը, ապա վերջինս իրավունք չի ունենում ներկա գտնվել գործարքի վերաբերյալ ընդհանուր ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը, և որոշումը (քննարկվում) կարող է ընդունվել բացառապես բաժնետեր Բ-ի կողմից։

Նոր կարգավորումներից ելնելով՝ մեր թիմի կողմից մշակվել են իրավաբանական լուծումներ, որոնք հնարավորություն կտան բաժնետիրական ընկերություններին և բաժնետերերին խուսափել նոր կարգավորումներով ներդրված խոչընդոտներից։

Ծանուցում. Այստեղ ներկայացված մտքերը չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

Լիլիթ Հակոբյան, իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

client-note-40-lilit