Շաբաթական ահազանգ 46

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍԵՅՖ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

ՀՀ կառավարության կողմից հավանություն ստացած օրենսդրական նախագծով նախատեսվում է ՀՀ օրենսդրություն ներմուծել սեյֆ պայմանագրերի գաղափարը։ 

Մասնավորապես առաջարկվում է սեյֆ պայմանագրերի կնքումը սահմանել, որպես ընկերությունում ներդրումների ներգրավման միջոց։ Պայմանագրի էությունը կայանում է նրանում, որ ներդրողը հնարավորություն է ստանում ներդնել դրամական միջոցներ՝ պայմանով, որ ընկերության հաջողության հասնելու դեպքում (հաջողություն հասկացությունը պետք է սահմանվի կողմերի համաձայնությամբ) ներդրողը ապագայում կստանա իր ներդրման դիմաց նախապես որոշված քանակի բաժնետոմսեր։ Ընկերության՝ հաջողության չհասնելու դեպքում ներդրողը հետ կստանա իր կողմից ներդրված միջոցները։

Սեյֆ պայմանագրերի՝ համանման ներդրման միջոցներից (ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետոմասնակցության ձեռքբերում և փոխարկելի պարտատոմսերի գործիքի օգտագործում) տարբերությունը կայանում է նրանում, որ վերջինս Ընկերության համար չի առաջացնում տոկոսների վճարման պարտավորություն և ներդրողին անմիջապես չի տալիս կառավարմանը մասնակցելու իրավասություններ։ Նշենք նաև, որ ընկերության սնանկության դպեքում ներդրողը չի հայտնվում ընկերության բաժնետերերի հետ հավասար պայմաններում՝ ստանալով իր ներդրումը հետ ստանալու առաջնահերթություն։

Նախագիծը ստացել ՀՀ կառավարության հավանությունը։

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ  ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերի 21-ի նիստին հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի փաթեթի, որով առաջարկ էր կատարվել արգելել ՀՀ տարածքում կամ ՀՀ հասանելի ամբողջ համացանցի տիրույթում օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդումը, ինչպես նաև օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը։  

Միևնույն ժամանակ, նոր նախագծով սահմանվում է, որ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարտավոր են արգելափակել օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերը։ Արգելափակման  ենթակա կայքերի ցանկը, ինչպես նաև արգելափակման կարգն ու ժամկետները սահմանվում են իրավասու մարմնի կողմից։

Նշված պարտականությունը չկատարելու համար օպերատորների համար սահմանվում է վարչական պատասխանատվություն, մասնավորապես՝ խախտումը առաջին անգամ կատարելու դեպքում առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով, իսկ նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` նորից կատարելու դեպքում՝ տուգանք՝  յուրաքանչյուր խախտման համաև 500.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը կառաջացնի տուգանք՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։

Մեկ այլ հիմնարար փոփոխությամբ թույլատրվում է ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց որոշակի պայմանների առկայության դեպքում խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով։ 

Առաջարկ է կատարվել նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպչների ֆինանսական հաշվետվությունները աուդիտ իրակաանցնող անձանց համար սահմանել որոշակի չափանիշներ՝ հաշվի առնելով ոլորտի բարձր ռիսկայնության աստիճանը։

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։