Եվ բոլորն են հաշվետու. ՀՀ-ում հավանաբար կներդրվի եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգ

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել ռեզիդենտ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարգրման համակարգ։ Համակարգի ներդրումը իրականացվելու է փուլային եղանակով։
Սույն իրավական ակնարկում կգտնեք Օրենսդրական Փաթեթով առաջարկվող փոփոխությունների բուն էության նկարագրությունը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովի ընդունմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին»  օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ «Օրենսդրական Փաթեթ»), որի շրջանակներում նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 

 

Հաշվի առնելով Օրենսդրական Փաթեթի շահառուների լայն շրջանակը, ինչպես նաև հիմք ընդունելով դրա մասին իրազեկվածության կարևորությունը՝ սույն իրավական ակնարկում փորձել ենք հակիրճ և համակարգված կերպով ներկայացնել Օրենսդրական Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունների և լրացումների բուն էությունը:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենսդրական Փաթեթով առաջարկվում է ներդնել համակարգ, որի շրջանակներում որոշակի չափանիշների համապատասխանող ֆիզիկական անձինք պարտավոր կլինեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ «Հարկային Մարմին») ներկայացնել իրենց եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագրեր։ Եկամուտների հայտարարագրերի ներկայացման պարտավորության առաջացման համար օրենսդիրը նպատակադրված է սահմանել երկու հիմնական նախապայման՝

 

  • Ֆիզիկական անձը պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի,
  • ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձը պետք է նաև հանդիսանա ՀՀ ռեզիդենտ: 

 

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում այս պայմանների համապատասխանող յուրաքանչյուր ֆիզիկական անձ (այդ թվում նաև անչափահաս ֆիզիկական անձը՝ օրինական ներկայացուցչի միջոցով) մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը պարտավոր կլինի ներկայացնել համապարփակ տեղեկատվություն այդ տարվա ընթացքում իր ստացած եկամուտների վերաբերյալ։ Օրենսդրական Փաթեթով նախատեսվում է, որ Հարկային Մարմինը իր մոտ առկա տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով, կարող է հայտարարագրում նախալրացնել հայտրարագրման ենթակա որոշակի տեղեկատվություն։ Հարկ է նկատել, որ Օրենսդրական Փաթեթի շրջանակներում հայտարարագրման պարտավորություն է նախատեսվում նաև այն անձանց համար, ովքեր հաշվետու տարվա ընթացքում ընդհանրապես եկամուտներ չեն ստացել։

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՒԼԵՐԸ

 

Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների ծավալը և համակարգի ներդրման համար ադապտացիոն որոշակի ժամանակաշրջանի անհրաժեշտությունը՝ Օրենսդրական Փաթեթով նախատեսվում է հայտարարագրման համակարգի փուլային ներդրում։ Մասնավորապես առաջարկվում է առաջիկա մի քանի հաշվետու տարիների ընթացքում հայտարարագրման պարտավորություն սահմանել միայն որոշակի կատեգորիայի անձանց համար, իսկ հայտարարագրման համընդհանուր համակարգ նեդնել 2026 թվականից։

 

Այսպիսով, 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն քաղաքացիները, ովքեր`

 

  1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ.
  • հանդիսանում են հանդիսացել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեն­­քով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող
  • հանդիսանում են (հանդիսացել են) ռեզի­դենտ նոտար՝ անձնական եկամուտների մասով,
  • հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր (փայա­տեր, անդամ):

կամ

  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
  • 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
  • 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,
  •  2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

 

  1. 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն քաղաքացիները, ովքեր

 

  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացել են հարկվող եկամուտ,
  • 2024 թվականի ընթացքում հանդիսացել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ.
  • հանդիսանում են (հանդիսացել են) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեն­­քով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող
  • հանդիսանում են (հանդիսացել են) ռեզի­դենտ նոտար՝ անձնական եկամուտների մասով,
  • հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր (փայա­տեր, անդամ),

 

կամ 

 

  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
  • 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,
  • 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.

 

2025 թվականի հաշվետու տարվա համար եկամոըտների հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ 

 

Օրենսդրական Փաթեթով նախատեսվում է նաև սահմանել տուգանքներ եկամուտների հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացրած անձանց նկատմամբ։ Յուրաքանչյուր կատեգորիայի անձի համար սահմանված է տուգանքի տարբեր սահմանաչափ. Ընդհանուր առմամբ տուգանքի չափը տատանվում է 20.000 ՀՀ դրամից  մինչև 350.000 ՀՀ դրամի միջակայքում։

 

Օրենսդրական Փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

 

Օրենսդրական փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից

 

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվությու

 

 

 

Շուշանիկ Վարդանյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

shush

 

 

Գոհար Թովմասյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

 

gohar

 

 

 

 

[1] Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր։