Իրավաբանական ակնարկ՝ Նոտարը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմ

Օրենսդրական մի շարք փոփոխությունների նախագծերով առաջարկվում է գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնել նոտարների քննությանը՝ նախատեսելով չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանելու նոտարին ենթակա գործերի շրջանակը:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մի շարք օրենքների նախագծերով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնվում է նոտարների քննությանը, նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը նախատեսվում է որպես նոտարական գործողություն։

 

Այս իրավական ակնարկում փորձել ենք հակիրճ ամփոփել Նախագծով ամրագրված նոր օրենսդրական կարգավորումները՝ հիմնական դրույթներով հանդերձ։

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Սահմանվում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ենթակայության չափանիշներ, որոնք են.

 

  • Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննությունը ենթակա է նոտարին, եթե դիմումով ներկայացվել է միայն գումարի բռնագանձման պահանջ (այդ թվում՝ տուժանքի և տոկոսների բռնագանձում)։

 

  • Նոտարի ենթակայությանը վերապահված են միայն որոշակի դրամային շեմով և որոշակի սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների քննությունը: Այսպես, նշված վարույթի շրջանակներում կարող է ներկայացվել միայն գումարի բռնագանձման պահանջ, որի չափը չի գերազանցում այն  ներկայացնելու օրվա դրությամբ երկու միլիոն դրամը (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների և այլ վճարների)։

 

  • Նշված վարույթի շրջանակներում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին կարող են ներկայացնել բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների  կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

 

  • Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումի հետ չեն կարող ներկայացվել դրամական բնույթ չկրող պահանջներ, բացառությամբ շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների:

 

Սահմանվում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

Ի թիվս այլ պահանջների, Նախագծով սահմանվել է, որ  դիմումը նոտարին ներկայացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։

 

Սահմանվում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության ժամկետը և կարգը:

 

Նախագծով սահմանվել է՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից:

 

Ըստ նախագծի, եթե առկա չեն լինում նոտարին ներկայացված դիմումը վերադարձնելու կամ դիմումը մերժելու հիմքերը, նոտարը դիմումն ստանալու օրվանից յոթօրյա ժամկետում ծանուցում է պարտապանին ստացված դիմումի մասին՝ առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից քսան օրվա ընթացքում կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունները վճարման կարգադրություն արձակելու դիմումի վերաբերյալ: Եթե պարտապանը տրամադրված 20-օրյա ժամկետում առարկում է ներկայացված պահանջի դեմ կամ կատարում է վճարման պահանջը, ապա նոտարը ամբողջովին մերժում է կարգադրություն արձակելու մասին դիմումը: Եթե առարկություն չի ստացվում, ապա նոտարը արձակում է կարգադրություն:

 

Սահմանվում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման և մերժման հիմքերը:

 

Այն դեպքերում, երբ ներկայացված դիմումը չի բավարարում օրենքով ներկայացվող պահանջներին, նոտարը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ հնարավորություն տալով դիմողին այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանում մատնանշված թերությունները վերացնել և այն կրկին ներկայացնել:

 

Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության համար գանձվելու է միայն նոտարական գործողության վճար:

 

Նշած գործերով դիմողները ազատված են լինելու պետական տուրքի վճարումից:

 

Սահմանվում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը) դրա կրկնապատիկի չափով պարտապանից գանձելու կառուցակարգ։ 

 

Այն դեպքերում, երբ առկա է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը՝ պարտապանի կողմից վճարման պահանջը կատարված լինելու հիմքով նոտարի կողմից մերժելու մասին որոշում, և դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)՝ դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:

 

Սահմանվում են գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու և չեղյալ ճանաչելու հիմքերը և ընթացակարգը:

 

Վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվել են կարգավորումներ` գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերի, դիմումին ներկայացվող պահանջների, դիմումի քննության կարգի և ժամկետների մասին։

 

Սահմանվում է, որ նոտարի կողմից արձակված գումարի բռնագաձման պահանջով կարգադրությունը ենթակա է լինելու կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոջով:

 

Նախագծով սահմանվել է, որ կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության հարկադիր կատարման համար նոտարն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշում է կարգադրության հարկադիր կատարման համար անհրաժեշտ տեղեկությունները։ 

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն