Իրավաբանական ակնարկ՝ Վճռաբեկ դատարանը հաստատեց. վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել 24 տոկոսը

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի՝ 24%-ից բարձր լինելն իրավաչափ է։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ստորադաս դատարանների հակառակ մոտեցումն անհիմն է։

Ներածություն

 

Մեր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի հրապարակմամբ, անդրադարձել էինք վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի սահմանափակման հետ կապված իրավական խնդրին, որի էությունը կայանում էր նրանում, որ վարկառուի և վերջինիս վարկատու ֆինանսական կազմակերպության միջև առաջացած վեճի շրջանակներում (տես թիվ ԵԴ/29387/02/19 քաղաքացիական գործով կայացված համապատասխան դատական ակտերը) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ այնուհետև նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանը արտահայտել էին դիրքորոշում, ըստ որի իրավաչափ չէ այն իրավիճակը, երբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն հաշվարկված և վարկային պայմանագրի մեջ արտացոլված տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցում է բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, որը կազմում է տարեկան 24 տոկոս՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասը փաստացի տարածելով նաև վարկերի համար հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ։

           

 

Այս մոտեցումը մեր համոզմամբ իրավաբանորեն անհիմն էր և ավելին՝ լրջագույն իրավական ռիսկեր էր պարունակում ֆինանսական կազմակերպությունների գործունեության համար և կարող էր հարվածել նաև համակարգի կայունությանը։

 

Նշված գործով «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ փաստաբանները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը։

 

2023 թվականի մայիսի 30-ին հրապարակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով բավարարվեց մեր ընկերության փաստաբանների բերած վճռաբեկ բողոքը։ Իր որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ ստորադաս դատարանների մոտեցումն անհիմն է, և տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։

 

Մեր գնահատմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշումը կարևոր նշանակություն ունի ՀՀ ֆինանսական համակարգի համար, քանի որ դրանով վերջնական և արդարացի լուծում է տրվում տարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակման (բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցելու վերաբերյալ) կիրառելիության հետ կապված խնդրին։

 

Համարում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը մեր ընկերության լուրջ ձեռքբերումն է, որի շնորհիվ ՀՀ ֆինանսական համակարգը զերծ կմնա իրավական ռիսկերից կամ առնվազն իրավական անորոշություններից։

 

 

Իսկ ի՞նչ է ասել իր որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը

 

Ստորև համառոտ ներկայացնենք իր որոշման հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։ Մասնավորապես, նշված որոշմամբ.

 

  1. Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ իրավական հարցերին.
    1) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածով սահմանված՝ փոխառության պայմանագրի տոկոսների առավելագույն չափի վերաբերյալ օրենսդրական պահանջը կիրառելի է նաև վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների չափի նկատմամբ, եթե վարկային պայմանագրով նախատեսված է այլ տոկոսաչափ,

2) արդյո՞ք վարկային պայմանագրի առարկա հանդիսացող վարկի նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարը և վարկային պայմանագրի տարեկան փաստացի տոկոսադրույքը նույնական են, ու արդյո՞ք վարկային պայմանագրով սահմանվող տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի նկատմամբ ևս ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածով սահմանված՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափի վերաբերյալ սահմանափակումը:

 

  1. Նշված իրավական հարցերի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է
    պայմանագրի ազատությանը և, վերահսատատելով նախկինում արտահայտված իր դիրքորոշումը, արձանագրել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար
    նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Միաժամանակ վկայակոչելով նաև մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ որևէ անձ, այդ թվում նաև դատարանն իրավունք չունի կամայականորեն միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին` իր հայեցողությամբ պայմանագրային որևէ դրույթ փոփոխելու եղանակով: Դատարանը պայմանագրի որևէ դրույթ իրավասու է փոփոխել միայն համապատասխան հայցապահանջի առկայության պայմաններում:

 

  1. ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում անդրադարձել է նաև նախկինում կայացրած այլ որոշումների ևս։ Մասնավորապես.

- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արթուր Սարգսյանի և մյուսների թիվ ԱՎԴ4/0145/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշման արձանագրմանն առ այն, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգքրի՝ փոխառությանը վերաբերող 46 գլխով նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե վարկային պայմանագրով կողմերը սահմանել են այլ կանոններ:
 - «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշմանը, որով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածին նշվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները «կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն՝ վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը։

 

  1. Վերահաստատելով վարկային հարաբերությունները կարգավորող վերը նշված իրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ի տարբերություն որոշակի կանոնների, երբ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով, այնպես էլ վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելը, վարկային պայմանագրի տոկոսների առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելու համար բավարար է այն փաստի առկայությունը, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով վարկային պայմանագրի տոկոսների վերաբերյալ հատուկ կանոն նախատեսված չլինելու հանգամանքով, քանի որ թեկուզև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ (...) փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից, որպիսի օրենսդրական կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ օրենսդիրը նախատեսել է վարկառուի պարտականությունը՝ վարկային պայմանագրով ստացված գումարից բացի, վարկատուին վճարելու նաև դրանից որոշակի տոկոսներ, սակայն ինչպես նույն հոդվածով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով նախատեսված չէ վարկառուի կողմից վարկատուին վճարման ենթակա տոկոսի առավելագույն չափ:

 

  1. Անդրադառնալով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված «տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով)» ինստիտուտին և նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին առ այն, որ կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.

- կրեդիտավորման պայմանագրում կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ պարտադիր նշման օրենսդրական պահանջը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ կրեդիտավորման պամանագրի էական պայման է հանդիսանում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումը, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքի, այն է՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում օրենքով և կրեդիտավորման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները:

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածով վարկառուի կողմից վարկատուին վերադարձվող տոկոսները վճարվում են վարկային պայմանագրի առարկա հանդիսացող գումարից, այսինքն՝ վարկային պայմանագրի տոկոսագումարի գոյացման աղբյուրը վարկային պայմանագրի առարկա հանդիսացող դրամական միջոցն է (վարկը), մինչդեռ, վարկային պամանագրով սահմանվող տարեկան փաստացի տոկոսադրույքը հանդիսանում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, որի հաշվարկման կարգը և պայմանները նախատեսված են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով:

 

  1. Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշման իրավական պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է վարկային պայմանագրից բխող հարաբերություն, ինչը թույլ է տալիս արձանագրել, որ դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները կիրառման են ենթակա բացառապես այն դեպքում, երբ նույն օրենսգրքի 47-րդ գլխով և վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հաշվի առնելով այն, որ կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշման իրավական պարտականության իրականացումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրում դրա վերաբերյալ դրույթի սահմանման միջոցով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարկային պայմանագրով սահմանված է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափ, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում փոխառության իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր կանոնները, այդ թվում՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափի վերաբերյալ սահմանափակումը, կիրառման ենթակա չէ։

 

 

Ծանուցում. Այստեղ ներկայացված մտքերը չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

Միսակ Բաբաջանյան, ի.գ.թ

Ավագ գործընկեր, փաստաբան

[email protected]

 

misak-babajanyan

Թամարա Մարտիրոսյան

Գործընկեր, փաստաբան

[email protected]

 

whatsapp-image-2023-06-16-at-13541-pm-2