Հարկ վճարողն այլևս չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից եթե նոր նախագիծն ընդունվի
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարող ՊԵԿ-ի կողմից առաջարկված նախագծի ընդունման դեպքում կվերանա ներքոնշյալ արարքների համար հարկ վճարողի կողմից չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը ամբողջությամբ վճարելու, պատճառված գույքային վնասը հատուցելու արդյունքում քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունը:
Այդ արարքներն են.
- Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը,
- Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը,
- Կանխամտածված սնանկությունը,
- Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը։
Նման կարգավորման արդյունքում հարկ վճարողը այլևս հնարավորություն չի ունենա չվճարված հարկերը, տույժերն ու տուգանքները ամբողջությամբ վճարելու դեպքում ազատվելու քրեական պատասխանատվությունից։
Նախագիծը այժմ գտնվում է շրջանառման փուլում և դեռևս չի ընդունվել։