Ճշմարտությունը որպես զրպարտությունը բացառող հանգամանք

«Բառը սրից հզոր է»` այսպես է արտահայտվել անգլիացի դրամատուրգ Էդվարդ Բալվեր-Լիթոնը իր` «Կարդինալ Րիշելիո» ներկայացման մեջ: Հայտնի է որ, յուրաքանչյուր արտահայտված խոսք իր մեջ ներառում է այնպիսի ուժ, որը կարող է պարունակել անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող որոշակի տար կամ տարրեր: Սակայն, ոչ բոլոր դեպքերում է, որ արտահայտված խոսքը կամ արտահայտությունը հանդիսանում է զրպարտություն:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում զրպարտությունը և վիրավորանքի համար նախատեսվող նորմերը դեռ 2010 թվականից ապաքրեականացվել և կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի դրույթներով (այսուհետ՝ «Օրենսգիրք»): Սակայն,  ի պատասխան զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերի շարունակական աճին, 2021 թվականի փետրվարի 11-ին, առաջին ընթերցմամբ, Հայաստանի Ազգային Ժողովն ընդունեց Օրենսգրքով նախատեսված  զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրենսդրական փոփոխության նախագիծը` սահմանելով փոխատուցման առավել բարձր շեմ: Վերոնշյալ փոփոխություններն ուժի մեջ են մտել և գործում են 2021 թվականի մարտի 24-ից:

 

 

Ի՞ՆՉ Է ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Զրպարտության շրջանակում առաջացած վեճերով Ձեր իրավունքների ճիշտ պաշտպանությունն իրականացնելու համար, անկախ այն հանգամանքից, դուք եք դարձել զրպարտության զոհ, թե ինքներդ եք զրպարտել որևէ անձի, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ թե ի՞նչ է զրպարտությունը և որ դեպքերում է այս կամ այն արտահայտությունը համարվում զրպարտություն։

 

Ամեն խոսք կամ արտահայտություն չի կարող որակվել զրպարտչական, որպեսզի որևէ մեկի նկատմամբ արված արտահայտությունը գնահատվի, որպես զրպարտություն, անհրաժեշտ է, որ այն պարունակի հետևյալ անհրաժեշտ վավերապայմանները` 

 

1. ԼԻՆԻ ՓԱՍՏԱՑԻ ՏՎՅԱԼ (այսինքն հստակ տեղեկատվություն պարունակի որևէ անձի վերաբերյալ և չլինի վերացական),

2.ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ (լինի ներկայացված գոնե թե մեկ երրորդ անձի ներկայությամբ),

3.ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ (լինի սուտ),

4.ԱՐԱՏԱՎՈՐԻ ԱՆՁԻ ՊԱՏԻՎՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԸ (իրենից պարունակի տվյալ անձի կողմից կատարված որևէ վատ արարք, վերջինիս կողմից կատարված որևէ գործողություն, որն իրենից ներկայացնում է բացասական երևույթ)։

 

DEFAMATION: WHAT ARE AGGRAVATED DAMAGES?Նշված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ուստի վերոնշյալից որևէ մեկի բացակայությունը բացառում է զրպարտության առկայությունը: Հետագայում, վերը նշված վավերապայմանները դատական պրակտիկայի ընթացքում ավելի են ընդլայնվել և մեկ այլ հատկանիշ ևս կարևորություն է ստացել արտահայտությունը զրպարտություն դիտարկելու համար, այն է «ԴԻՏԱՎՈՐՈՒԹՈՒՆԸ»։ Սա նշանակում է, որ զրպարտչական արտահայտություն արած անձը պետք է ունենա նպատակ հենց տվյալ անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, որպեսզի ՀՀ օրենսդրության շրջանակներում համարվի զրպարտություն կատարած։

 

Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ «զրպարտության» որակման համար անհրաժեշտ յուրաքանչյուր հատկանիշին և յուրաքանչյուրի ապացուցման առանձնահատկություններին։

 

ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՎՅԱԼ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ.

 

Ձեր կողմից կամ Ձեր հասցեին արված արտահայտությունը պետք է լինի հստակ, պարունակի հստակ տեղեկատվություն որևէ անձի կողմից կատարված այս կամ այն արարքի վերաբերյալ։ Այն չպետք է լինի վերացական, ոչ հստակ կամ տեղիք տա կասկածի կամ այլ կերպ մեկնաբանման։ Օրինակ՝ ասվել է, որ «Ա.-ն գողացել է ինչ որ մեկի թանկարժեք զարդը», սա հստակ տեղեկատվություն է` փաստացի տվյալ Ա.-ի վերաբերյալ։

 

ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ.

 

«Զրպարտություն» որակվող արտահայտությունը պետք է լինի ներկայացված հրապարակային, այսինքն պետք է արված լինի գոնե թե մեկ երրորդ անձի ներկայությամբ։ Ավելին պատասխանատվության չափը, կախված թե ինչ տարածում է ստացել արված արտահայտությունը, կարող է ավելի մեծ լինել։

 

ԱՆՁԻ ՊԱՏԻՎՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԸ ԱՐԱՏԱՎՈՐՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ.

 

Յուրաքանչյուր սուտ տեղեկատվություն (տվյալ) չէ, որ պետք է համարվի «զրպարտություն»։ Նման գնահատական տալու համար պետք է լինի անձի կողմից կատարված որևէ գործողություն, որն իրենից ներկայացնում է բացասական երևույթ, հասարակության կողմից չընդունվող,  վատ արարք, որը կարող է  որևէ կերպ բացասաբար ազդել  «զրպարտության» զոհ հանդիսացող անձի համբավի, պատվի վրա։

 

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ» ՈՐՊԵՍ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 

Զրպարտության հատկանիշներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղն ու ապացուցման անհրաժեշտությունը, մինչդեռ դրանցից կարևորագույններից է անձի պատիվն արատավորող արտահայտության «իրականությանը չհամապատասխանելը»։ Իրականությանը չհապատասխանող արտահայտություն ասելիս, նկատի ունենք վերջինիս սուտ, անհիմն կամ ոչ հավաստի լինելը: Այսպիսով, եթե նույնիսկ արտահայտությունն իր բնույթով արատավորող է, սակայն համապատասխանում է իրականությանը, ապա այն չի կարող գնահատվել որպես «զրպարտություն»։

 

Մի շարք դեպքերում դատական գործի քննության շրջականում զրպարտության համար մեղադրվող անձն ընդունում է, որ իր կողմից արվել են տվյալ արտահայտությունները, սակայն ներկայացնում է ապացույց առ այն որ տվյալ արտահայտությունները համապատասխանում են իրականությանը։ Որոշ դեպքերում ներկայացված ապացույցը ձեռք է բերվում արտահայտությունը անելուց հետո, օրինակ դատական գործի քննության ընթացքում։ 

 

Հիմնականում, նման դեպքերում, երբ վերջինս տվյալ ապացույցը ձեռքբերած է լինում ավելի ուշ քան արվել է արտահայտությունը, այդ հանգամանքը փորձ է արվում գնահատել ի վնաս զրպարտության համար մեղադրվող անձի, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է վերջինիս կողմից ներկայացված ապացույցների դատարանի կողմից չընդունման և հնարավոր է նույնիսկ ներկայացված հայցադիմումի բավարարման հիմք հանդիսանա։

 

Մինչդեռ սա հակասում է «զրպարտության» ամբողջ տրամաբանությանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ ինքնին «զրպարտություն» նշանակում է սուտ տեղեկատվություն, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, չի կարող այլևս խոսք լինել զրպարտության մասին։ Ուստի, անկախ նրանից, թե անձը երբ է ձեռք բերել իր կողմից ասված արտահայտությունների ճշմարտացիությունը ցույց տվող ապացույցները, դրանք ներկայացնելն արդեն իսկ պետք է հիմք հանդիսանա վերջինիս պատասխանատվության չենթարկվելու համար։

 

Օրինակ, Միացյալ Թագավորության օրենսդրության համաձայն` ենթադրվում է, որ զրպարտչական հայտարարությունը կեղծ է, ուստի հակառակը ապացուցելու բեռը դրվում է պատասխանողի վրա: Վերջինս պարտավորվում է դատարանին ապացուցել հավանականությունների հարաբերակցությամբ, որ հայցի առարկա հանդիսացող հայտարարությունը, ավելի հավանական է, որ իրականությանը համապատասխանում է քան հակառակը: Գործի քննության շրջանակներում, եթե Պատասխանող կողմն ապացուցում է, որ իր կողմից արված արտահայտությունները համապատասխանել են իրականությանը, ապա վերջինս արդարացվում է, նույնիսկ եթե հիմնվում է այնպիսի փաստերի հիման վրա, որոնց մասին հայտարարության կատարման ժամանակ տեղյակ չէր և որոնք տեղի են ունեցել հայտարարությանը հաջորդող ժամանակահատվածում։ 

 

Այսպիսով, այն պարագայում, երբ Ձեր կողմից արվել են ճշմարտությանը համապատասխանող արտահայտություններ անկախ նրանից թե դրանց իրականությանը համապատասխան լինելու մասով ապացույցները, երբ են Ձեռք բերվել, դրանք բացառում են Ձեր կողմից «զրպարտած» լինելու հանգամանքը։

 

Մեր թիմը կարող է իրականացնել Ձեր ներկայացուցչությունը դատարանում և ստանձնել Ձեր պաշտպանությունը՝ վերականգնելով Ձեր բարի համբավն օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցների ու գործիքների կիրառմամբ, ինչպես այն պարագայում, երբ Ձեզ անհիմն մեղադրում են զրպարտության մեջ, այնպես էլ այն դեպքերում, երբ զրպարտել են Ձեզ՝ տարածելով ճշմարտությանը չհամապատասխանող արատավորող տեղեկություններ։