Շաբաթական ահազանգ 39

ՆՈՐ ԻՆՍՏԻՈՒՏՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունիսի 2-ի նիստին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում և այլ հարակից օրենքներում։ Նախագծով առաջարկվում է հաշտարարության ոլորտում ներդրնել նոր ինստիտուտներ. առցանց հաշտարարություն և ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարություն։

 

Մասնավորապես, առաջարկվել է ներդնել առցանց եղանակով հաշտարարություն կողմերի փոխադարձ համաձայնության կամ օրենքով սահմանված դեպքերում։ Նախատեսվել է նաև պարտադիր հաշտարարություն ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով։ Նշված գործերով հաշտարարության իրականացումը կլինի պարտադիր պայման դատարան դիմելու համար։

 

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

 

ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունիսի 9-ի նիստին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում։

 

Առկա կագավորումներով անձի կողմից «բացառիկ ծառայություններ» մատուցելը սույն օրենքի իմաստով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հիմք է հանդիսանում։ Սակայն, ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ ծառայություններն են համարվում «բացառիկ»։

 

Նախագծով առաջարկվել է պարզաբանել «բացառիկ ծառայություններ» հասկացությունը՝ սահմանելով, որ բացառիկ ծառայության չափանիշները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ։

 

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ԵԱՏՄ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

2022 թվականի հունիսի 9-ի նիստին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքին։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

 

ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունիսի 2-ի նիստին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկվում է լրացումներ կատարել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում։

 

Վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների շրջանակում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից կնքվող գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է,  և այն գործարքների համար, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջև, սահմանվել է շեմ, որից ավել վճարումները պետք է կատարվեն անկանխիկ ձևով։

 

Նոր լրացումներով, սահմանվել է որ անկանխիկ ձևով վճարման պահանջը չպահպանելը, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը)  առոչինչ է։

 

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

 

ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսի 13-ի նիստին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում։ Նախագծում սահմանվում է, որ այսուհետ որպես աշխարհագրական նշում հնարավոր կլինի օգտագործել, ոչ միայն աշխարհագրական ծագման երկրի, տեղանքի, բնակավայրի և տարածքի անվանումները, այլ նաև ցանկացած այնպիսի անվանում, որով պայմանավորված է տվյալ արտադրանքի որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները,

 

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

 

Ավելին՝ հղումով։

 

ԱԶԱՏ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄ ՔՈՒՎԵՅԹԻ ՔԱՂԱՔՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ Քուվեյթի քաղաքացիները ՀՀ տարածք կարող են մուտք գործել առանց վիզայի։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՃԱՆԱՉԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Այսուհետ ԵԱՏՄ անդամ պետությունները փոխադարձաբար կճանաչեն անդամ պետությունում տրված գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրմանը։

 

Ավելին՝ հղումով,