Շաբաթական ահազանգ 43

ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

2023 թվականի նոյեմբերի 25-ից ուժի մեջ կմտնի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանվել են հեռավար աշխատանքի վերաբերյալ նոր կարգավորումներ։

 

Դեռևս գործող կարգավորումների շրջանակում հեռավար եղանակով աշխատանքի իրականացում թույլատրվում է միայն հատուկ ժամանակահատվածներում, մասնավորապես՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում:

 

Նոր կարգավորմամբ հեռավար աշխատանքն արդեն հնարավոր կլինի կազմակերպել հատուկ ժամանակահատվածներից դուրս։ Ըստ նոր կարգավորման՝ հեռավար աշխատանքը իրականացվում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:

 

Փոփոխությամբ նաև սահմանվել են հետևյալ նոր կարգավորումները՝

 

  • hեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, այդ թվում համապատասխան ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվելու են գործատուի ներքին կարգապահական կանոններով, կողմերի գրավոր համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով (առկայության դեպքում),
  • աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի գործատուի համար իր հասանելիությունը, ինչպես նաև պատշաճ իրականցնի իր աշխատանքային պարտականությունները. աշխատողի մեղքով սույն պահանջի չկատարումը համարվելու է աշխատանքային կարգապահության խախտում,
  • գործատուի մոտ ՀՀ տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների նկատմամբ այլևս չի տարածվելու կացության կարգավիճակ ունենալու պահանջը։

 

Ավելին՝ հղումով։

 

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2023 թվականի նոյեմբերի 30-ից ուժի մեջ կմտնեն  ՀՀ Աշխատանքային օրենսգրքում դեռևս մայիսին ընդունված մեծածավալ օրենսդրական փոփոխություններից վերջինները։

 

Ուժի մեջ մտնող փոփոխությունների շարքում են հետևյալ կարգավորումները՝

 

  • կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման պարտավորություն համապատասխան տեսչական մարմնում,
  • աշխատողին «հարկադիր» արձակուրդ տրամադրելու հնարավորություն գործատուի համար, եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում (բացառությամբ օրենքով սահմանված որևէ հանգամանքների առկայության դեպքում),
  • նոր հնարավորություն՝ «աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից». գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցումը մինչև 5 ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշխատակցին վճարելով առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն:
  • մեկ այլ նոր հնարավորություն՝ գործատուի կողմից «պրակտիկա»-ի կազմակերպում. գործատուն իրավունք կունենա իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով պայմանագիր մինչև ոչ ավելի, քան մեկ անգամ` 2 ամիս ժամկետով (առանց երկարաձգման իրավունքի) աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ:

 

Ավելին՝ հղումով։

 

ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

 

2022 թվականին ՀՀ Կառավարության ընդունած բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակներում, որով նախատեսվել է, ըստ սահմանված չափանիշների, կազմակերպություններին փոխհատուցել բարձր որակավորում ունեցող մասնագետի ամսական աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 20-70%-ը, գործարկվել է նոր հարթակ։ Այս հարթակի միջոցով կազմակերպությունները հնարավորություն կունենան ստուգել  մասնագետի համապատասխանությունը սահմանված չափանիշներին, ինչպես նաև գտնել մանրամասն բացատրություն ընդունելի դիմումատուների, դիմումի տրամադրման գործընթացի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ։

 

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թվականի սեպտեմբերի 22-ի նիստում հաստատել է «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու եւ դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

 

Համաձայն կատարված փոփոխությունների և լրացումների՝ արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` թույլարտվում է իրականացնել նաև ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն։

 

Ավելին՝ հղումով։

 

ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է

 

Քաղաքացիական օրենսդրության նախկին կարգավորումների շրջանակներում բաժնեմասի հավատարմագրային կառավարումը որակվում էր որպես գործունություն, որը կարող է իրականացվել ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից[1]՝ առանց լրացուցիչ գրանցման կամ թույլտվությունների ստացման պարտավորության։

 

Օրենսդրի կողմից ընդունված համապատասխան փոփոխությունների արդյունքում ներկայումս բաժնեմասի հավատարմագրային կառավարում կարող է իրականացվել միայն այն իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև՝ ֆիզիկական անձը), որը մինչ այդպիսի գործունեություն ծավալելը նախապես ծանուցել է լիազոր մարմնին և վճարել է համապատասխան պետական տուրքերը։ Նշենք, որ օրենսդրությամբ դեռևս ամրագրված չէ, թե որ պետական մարմինն է հանդիանալու ծանուցման սուբյեկտ և նշված կարգավորումները կսկսեն գործել միայն նման մարմնի օրենսդրական ամրագրումից հետո։

 

Օրենսդրությամբ նաև նոր պարտավորություն է սահմանվել բաժնեմասի հավատարմագրային կառավարման մասին տեղեկատվությունը տրամադրել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրին։

 

Ավելին՝ հղումով և հղումով։

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Արժեթղթերի շուկայի մասին օրենքի համաձայն ներդրումային ծառայություն է համարվում նաև արժեթղթերի փաթեթի կառավարումը։ Նախկին խմբագրությամբ օրենքում սահմանվում էր, որ ներդրումային ծառայություններ կարող են մատուցել միայն լիցենզավորված կամ նման թույտվություն ունեցող սուբյեկտները՝ բացառությամբ նույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների։ Նշված հոդվածում ամրագրված բացառություններից էին հանդիսանումհանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարումը իրականացնող սուբյեկտները։

 

Օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում այլևս չի նախատեսվում որևէ բացառություն և ներկայիս կարգավորումների շրջանակներում հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատկաող արժեթղթերի հավատարմագրային կառավարումը ևս կարող է հանձնվել միայն ներդրումային ծառայություններ մատուցելու թույտվություն ունեցող սուբյեկտներին։

 

Ավելին՝ այստեղ։

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

 

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերությունները այսուհետ կարգավորվելու են Կամավոր աշխատանքի մասին օրենքով։

 

Նոր ընդունված օրենքը մասնավորապես կարգավորում և հստակեցնում է  կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ:

 

Մասնավորապես, առանձնակի կարևորություն ունի նոր օրենքի շրջանակներում  կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող սուբյեկտների հստակեցումը (hանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ (այդ թվում` հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, կուսակցություն և այլն) կամ հիմնարկ, ինչպես նաև հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ)։ Հիշատակված հստակեցումը թույլ է տալիս   կամավորությունը տարանջատել մեկ այլ՝ պրակտիկանտի ինստիտուտից (որը կարգավորվում է աշխատանքային օրենսդրության շրջանակներում) և հասկանալ կամավորության շրջանակներում կատարվելիք աշխատանքների բնույթը։

 

Նշված օրենքի կարգավորումներին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա իրավական ակնարկներում։

 

Ավելին՝ հղումով։

 

[1] Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ֆիզիկական անձի կողմից։