Պարտատոմսերի առանձնհատկությունները, պարտատոմսի տեղաբաշխման փուլերը

Պարտատոմսը ներդրումային (ինվեստիցիոն) արժեթղթի տեսակ է։ Դրա թողարկումը ընկերությունների կողմից գումար ներգրավելու, այսինքն՝ ֆինանսավորվելու միջոցներից մեկն է: Այս ակնարկում փորձել ենք հակիրճ ներկայացնել թողարկման գործընթացը:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է ներդրում կատարելուց հետո համապատասխան ժամկետում պարտատոմս թողարկած Ընկերությունից ազդագրով սահմանված արժեքը ստանալու ներդրողի իրավունքը: 

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Գումար ներգրավելու այլ գործիքներ ընտրելու փոխարեն պարտատոմսեր թողարկելու որոշումը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով: 

 

Պարտատոմս, թե՞ վարկ

 

Պարտատոմսերի թողարկումը ընկերություններին գործելու զգալիորեն ավելի մեծ հնարավորություն է տալիս: Պարտատոմսերը ընկերություններին ազատում են այն սահմանափակումներից, որոնք հաճախ կիրառվում են բանկային փոխառությունների (վարկեր) դեպքում: Օրինակ, բանկերը հաճախ կարող են արգելել ընկերություններին հետագայում ստանձնել ավելի մեծ ծավալով պարտավորություններ այլ անձանց առջև, քանի դեռ ընկերության կողմից չեն մարվել տվյալ բանկի առջև ունեցած պարտավորությունները: Նման սահմանափակումները կարող են խոչընդոտել բիզնես վարելու ընկերության ունակությանը և սահմանափակել դրա գործառնական հնարավորությունները:

 

Պարտատոմս, թե՞ բաժնետոմս

 

Ինչ վերաբերում է բաժնետոմսի նկատմամբ պարտատոմսի ունեցած տարբերություններին, ապա բաժնետոմսերի ձեռքբերումը ներդրողներին տալիս է ընկերությունում իրենց ներդրած գումարին համարժեք չափով ունենալ սեփականության իրավունք ընկերության նկատմամբ։ Նոր բաժնետերեր ներգրավելու միջոցով ընկերությունում փոխվում է որոշում կայացնողների կազմը։

 

Բացի այդ, բաժնետոմսերի քանակի ավելացումը կարող է հանգեցնել մեկ բաժնետոմսից ստացված շահույթի նվազմանը (EPS - earnings per share), ինչը հանգեցնում է սեփականատերերի կողմից ստացվող սպասվելիք շահութաբաժնի նվազման: Մեկ բաժնետոմսի շահույթը այն ցուցանիշներից մեկն է, որին ներդրողները ուշադրություն են դարձնում ընկերության ֆինանսական վիճակը գնահատելիս: Մեկ բաժնետոմսից ստացված շահույթի նվազումը, ընդհանուր առմամբ, դիտվում է որպես իրադարձությունների անբարենպաստ զարգացում: Ուստի, պարտատոմս թողարկելու միջոցով ֆինանսավորվելու դեպքում ընկերությունը կարող է զերծ մնալ հետևանքների նման անբարենպաստ զարգացումից։

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  1. Կորպորատիվ որոշման կայացում

 

Պարտատոմսերի թողարկման առաջին փուլն ընկերության իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշման ընդունումն է։ Այն դեպքում, երբ ընկերության իրավասու մարմնի կողմից ֆինանսավորման համար ընտրվում է պարտատոմսերի թողարկման եղանակը, ընկերության համապատասխան իրավասու մարմինը (ժողովը, խորհուրդը) ընդունում է դրանց թողարկման մասին որոշում։ Որոշմամբ հաստատվում է նաև ազդագիրը (պրոսպեկտուս)։

 

Ազդագիրը ծավալուն փաստաթուղթ է, որը մշակվում է մասնագետների խմբի կողմից, և ներկայացվում է Կենտրոնական բանկում գրանցման։ Առավել պարզ ձևակերպմամբ՝ ազդագիրը թողարկողի և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է, որը ներդրողին հնարավորություն է տալիս այդ պարտատոմսը գնելու կամ չգնելու վերաբերյալ որոշում կայացնել: 

 

  1. Ազդագրի գրանցումը ՀՀ կենտրոնական բանկում

 

Կազմվելուց հետո ազդագիրը պետք է ներկայացվի ՀՀ կենտրոնական բանկ՝  գրանցման նպատակով։ 

 

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացվող ազդագրերը գրանցելը Կենտրոնական բանկի կողմից կարող է մերժվել միայն օրենքով սահմանված ձևական պահանջները չպահպանելու պարագայում, և, չնայած տարածված թյուրըմբռնմանը, որևէ այլ հիմքով ազդագրի գրանցումը մերժելու իրավասություն ՀՀ կենտրոնական բանկը չունի։ Այսինքն՝ Կենտրոնական բանկն ազդագիրը հաստատելով չի հավաստում դրանում պարունակվող տեղեկությունների իսկությունը, այլ առավելապես վերահսկում է օրենսդրության պահանջների պահպանումը, ստուգում՝ արդյոք բոլոր տեղեկությունները ներառված են, թե՞ ոչ։

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո ազդագիրը հրապարակվում է թողարկողի կողմից առնվազն էլեկտրոնային եղանակովթողարկողի կամ տեղաբաշխողի  ինտերնետային կայքում

 

Կենտրոնական բանկը նույնպես պարտավոր է իր գրանցած ազդագիրը հրապարակել իր պաշտոնականինտերնետային կայքում։

 

  1. Կարգավորվող շուկայում առևտրին թույլտվությունը

Առանձնացվում են առևտրի թույլտվության հետևյալ շուկաները.

  

  1. Հիմնական ցուցակ (Abond),
  2. Երկրորդային ցուցակ (Bbond),
  3. Ազատ շուկա (Cbond):

 

Հարկ է ընդգծել, որ նշված շուկաների միջև վերահսկման տեսանկյունից էական տարբերություններ չկան։ 

 

 

  1. Հրապարակային տեղաբաշխում

 

Հրապարակային տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողներին։ 

 

Հրապարակային տեղաբաշխումն սկսելու պահից Օրենքով նախատեսված համապատասխան ժամկետի պահպանմամբ, թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն՝ տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով:

 

Պարտատոմսի նկատմամբ իրավունքները հավաստվում են ռեեստրավարի մոտ նշում կատարելով։ Անվանական պարտատոմսի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:

 

  1. Պարտատոմսերի մարում

 

Պարտատոմսի մարումը թողարկողի կողմից ներդրողներին՝ նրանց ներդրած գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսի (արժեկտրոնի) վճարումն է։

 

Պետք է նշել, որ օրենքներով և ՀՀ կենտրոնական բանկի կարգավորումներով լուծված չէ այն հարցը, թե ինչպես է վերահսկվում հրապարակային եղանակով թողարկված պարտատոմսերի ժամկետի ավարտով պայմանավորված ներդրողներին հետ վճարման գործընթացը։ Օրինակ՝ թողարկողների համար սահմանված չէ ներդրողներին կատարած իրենց վճարումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պարտադիր պայման։ Նշված խնդիրը, մեր կարծիքով, կարգավորման կարիք ունի, քանի որ այս փուլը ներդրողների իրավունքների պաշտպանության կարևոր փուլերից է։

 

Մեր թիմը կարող է Ձեզ օգնել տրամադրելով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն պարտատոմսերի տողարկման հարցում, ինչպես նաև աջակցել` թողարկման հետ կապված գործընթացներում։

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

Նելլի Կիրակոսյան

Գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

Միլենա Թաշչյան

Իրավախորհրդատու, փաստաբան

 

[email protected]

Մերի Համբարձումյան

Կրտսեր իրավախորհրդատու, փաստաբանի օգնական

 

[email protected]  

 

 

 

nelly-kirakosyan

 

 

 

8ae06b0c-1444-4b07-b2d1-4c9c759bc448-2

 

 

 

mary-new