ՍԵՅՖ պայմանագրեր. հայկական ներդրումային շուկայի նոր գործիք
Արդեն երկար ժամանակ է ինչ ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերը («ՍԵՅՖ պայմանագիր») հանդիսանում են միջազգայնորեն ընդունված և կիրառելի ֆինանսավորման գործիք՝ ստարտափների և վաղ փուլում գտնվող ընկերություններին ֆինանսավորելու համար։
Չնայած իր տարածվածությանը ամբողջ աշխարհում՝ միայն վերջերս ՍԵՅՖ պայմանագրերը համապատասխան իրավական կարգավորումներ ստացան ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Իր բնույթով հանդիսանալով կապիտալի և պարտքային ֆինանսական գործիքի խառնուրդ՝ մինչև հայկական իրավական դաշտում ուղղակի կարգավորում ստանալը ներդրողների կողմից օգտագործվում էին վերջինիս առանձին հատկանիշները կրող այլ ֆինանսական գործիքներ (փոխառություններ, կապիտալի գործիքի պայմանագրեր, տարաժամկետ վճարմամբ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրեր), սակայն, նշվածներից ոչ մեկը ներդրողին և ընկերությանը չէր տալիս այն ամբողջական արդյունքը, որին կողմերը կհասներին ՍԵՅՖ պայմանագրի օգտագործման պարագայում։
Այսպիսով, այս տարվա մայիսի 30-ին «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում («Օրենք») ուժի մեջ մտած լրացմամբ այսուհետ թույլատրվում է բաժնետիրական ընկերություններին կնքել ՍԵՅՖ պայմանագրեր:
Օրենքի նոր՝ 38.2 հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը, պարտավորվում է բաժնետիրական ընկերության («Ընկերություն») սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր:
ՍԵՅՖ պայմանագրի վերոգրյալ բնութագրումից պարզ է դառնում, որ ներդրողը պայմանագրով սահմանված ժամկետում հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն այդ պահին Ընկերությունում որևէ բաժնեմասնակցություն ձեռք չի բերում։ Ներդրողն այն ձեռք է բերում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված համապատասխան պայմանները վրա հասնելու դեպքում՝ այդ պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման միջոցով։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:
Օրենսդրական այս կարգավորման շրջանակներում ՍԵՅՖ պայմանագրի համար Օրենքում առանձնացվել են նաև այլ յուրօրինակ կարգավորումներ, ինչպիսիք են, օրինակ՝
- 60-օրյա ժամկետ Ընկերության համար ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկելու և ներդրողի օգտին տեղաբաշխելու համար՝ ՍԵՅՖ պայմանագրով սահմանված համապատաասխան պայմանները վրա հասնելու դեպքում,
- Ընկերության այլ բաժնետերերի նախապատվության իրավունքը չի գործում ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա Ընկերության բաժնետոմսերը թողարկելու և ներդրողի օգտին տեղաբաշխելու պարագայում,
- ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում, Ընկերությունում բաժնեմասնակցություն տրամադրելու փոխարեն ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման,
- ՍԵՅՖ պայմանագրով դրամական միջոցների վերադարձման դեպքում (ինչպես նշված է վերևի կետում)՝ Ընկերության կողմից տոկոսներ վճարելու հնարավորություն,
- ՍԵՅՖ պայմանագիրը ՀՀ օրենսդրության իմաստով դիտարկվում է որպես «արժեթուղթ»,
- Ընկերության կողմից ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ժողովի կողմից՝ Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ։
Ճիշտ է, Օրենքի այս լրացմամբ գրեթե բոլոր կարգավորումները, որոնք անհրաժեշտ է դիտարկել ՍԵՅՖ պայմանագրերի կարգավորման համատեքստում ամրագրվել են Օրենքում, սակայն դեռ կան մի շարք հարցեր, որոնք մնում են անպատասխան կամ ենթակա են լրացուցիչ պարզաբաման:
Օրինակ, Օրենքի 38.2 հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությունների (օրինակ՝ ներդրումային ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, փոխանակման կետերի և այլն) կողմից ներդրումների ներգրավման կամ ներդրումների կատարման (այդ թվում՝ ՍԵՅՖ պայմանագրերի միջոցով) հետ կապված հարաբերությունները կարգավորվման հարցերը թողնվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին։ Հարց է առաջանում, իսկ ի՞նչ եթե այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում իսպառ բացակայում են ՍԵՅՖ պայմանագրերին վերաբերող դրույթները։ Արդյո՞ք այս պարագայում կարող են համապատասխան կազմակերպությունները առաջնորդվել:
Օրենքի դրույթներով և կնքել ՍԵՅՖ պայմանագրեր այս ընդհանուր կարգավորման շրջանակներում. հարց, որին, մեր դիտարկմամբ, հնարավոր կլինի պատասխանել միայն ՍԵՅՖ պայմանագրերը ֆինանսական կազմակերպությունների շրջանակում կիրառելիս և կարգավորող մարմնի կողմից համապատասխան պարզաբանման դեպքում։
Բացի վերորգրյալից բաց է մեկ այլ հարց` ինչու՞ է ՍԵՅՖ պայմանագրերին վերաբերող կարգավորումները միայն ընդունվել բաժնետիրական ընկերությունների համար։ Արդյո՞ք նման կարգավորման անհրաժեշտություն չկա նաև սահմանափակ պատասխանատվության ընկերությունների պարագայում՝ հաշվի առնելով, որ ստարտափ և վաղ փուլում գտնվող ընկերությունների մեծ մասը նախընտրում են հենց այս կազմակերպաիրավական ձևը։
Նման և բազմաթիվ այլ հարցեր առաջ են բերվել մեր թիմի կողմից և դրանց համապատասխան մշակվել են իրավաբանական լուծումներ, որոնք հնարավորություն կտան ավելի ապահով` իրավական խոչնդոտներից զերծ կնքել և գործարկել ՍԵՅՖ պայմանագրերը ՀՀ իրավունքի ներքո։