Քրաուդֆանդինգ

Հայաստանում արդեն իսկ գործում է քրաուդֆանդինգի վերաբերյալ օրենսդրություն, ու արդեն իսկ լիցենզավորվել է առաջին հարթակը: Այս ակնարկում փորձել ենք ամփոփ ներկայացնել քրաուդֆանդինգի կարգավորումները:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Քրաուդֆանդինգը մեծ թվով անհատների կողմից առցանց հարթակների միջոցով փոքր քանակությամբ կապիտալի ներդրումն է՝ բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Քրաուդֆանդինգը առավել հաճախ օգտագործվում է սկսնակ ընկերությունների կամ աճող բիզնեսների կողմից՝ որպես այլընտրանքային ֆինանսավորման միջոց։

 

ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Աշխարհում, բազմաթիվ կազմակերպություններ և ձեռնարկություններ ամեն օր օգտվում են քրաուդֆանդինգի հարթակներից՝ հավաքելով հասարակության լայն զանգվածների իրենց գաղափարների շուրջ: Քրաուդֆանդինգի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են այս կերպ ֆինանսավորվել, գումար ներգրավելու առաջարկ են ներկայացնում անմիջականորեն հասարակության լայն շրջանակին: Նրանք իրենց գաղափարը փորձում են հասանելի դարձնել հասարակությանը, որի իրականացման համար, տվյալ գաղափարով հետաքրքրված հասարակության կողմից ստանում են ֆինանսավորում՝ դրա դիմաց ներդրողներին տրամադրելով որոշակի օգուտներ՝ արտադրված ապրանքների կամ նվերների տեսքով: 

 

Ի տարբերություն ավանդական ֆինանսավորման տարբերակների, որոնցից է օրինակ բանկի փոխառությունը, քրաուդֆանդինգը հաճախ ավելի հարմար կարող է լինել սկսնակ բիզնեսների համար, քանի որ բանկերի կողմից ֆինանսավորումը կարող է բյուրոկրատիայի առումով այդքան էլ հարմար չլինել։ Ավելին, բանկերի և վարկային կազմակերպությունների մեծ մասը միշտ չէ, որ պատրաստ է կրելու ռիսկեր՝ կապված փոքր և միջին բիզնեսներին կամ ստարտափներին վարկ տրամադրելու հետ։ Ուստի, ռիսկը զսպելու նպատակով նրանք կարող են սահմանել փոխառության առավել բարձր տոկոսադրույք, գրավի պահանջ և այլ պայմաններ, որոնք նոր աճող ձեռնարկության համար կարող են շահավետ չլինել։

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հայաստանում արժեթղթերի հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող քրաուդֆանդինգի (ներդրումային քրաուդֆանդինգ) հետ կապված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման վրա տարածվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  4/07-ը, որը մշակվել է նաև մեր իրավաբանական ընկերության աջակցությամբ։

 

Հարթակի օպերատորը իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում թողարկողներին օգտատիրոջ կարգավիճակ է տրամադրում, եթե թողարկողը ստացել է  հարթակում առցանց գրանցում և օպերատորի հետ կնքել է Կանոնակարգով սահմանված պայմանագիր։

 

Այնուհետև, թողարկողի կարգավիճակ տրամադրելու կամ քրաուդֆանդինգի հարթակում թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկը հրապարակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հարթակի օպերատորը թողարկողից պահանջում է մի շարք փաստաթղթեր, որոնցից են՝

 

  • թողարկողի կարգավիճակ ստանալու կամ քրաուդֆանդինգի առաջարկ իրականացնելու հայտը, 
  • թողարկողի ընտրության չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր, 
  • քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ, 
  • թողարկողի գործարար ծրագիր և այլն։

 

Կարևոր է նշել, որ քրաուդֆանդինգի համապատասխան հարթակի միջոցով առաջարկ իրականացնելու ժամանակ ազդագրի հրապարակման պահանջը չի առաջանում այն դեպքում, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 2,5 միլիարդ ՀՀ դրամը։ 

 

Այս հանգամանքը մեծապես հեշտացնում է քրաուդֆանդինգի հարթակի միջոցով արժեթղթերի թողարկումը, քանի որ ազդագրի հրապարակման պահանջի դեպքում առաջանում է անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների պարտադիր առկայության պահանջ, այսինքն, օրինակ՝ բորսայում բաժնետոմսեր թողարկելու համար առկա է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման պարտադիր պահանջ։

Սակայն, քրաուդֆանդինգի դեպքում գործում է ավելի հեշտացված տարբերակ և ընկերությունը կարող է ներկայացնել վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները՝ առանց աուդիտ իրականացնելու, եթե.

 

  1. մինչև 1 տարի գործող ընկերություն է և 
  2. թողարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը վերջին 12 ամիսների դրությամբ չի գերազանցում 2,5 միլիարդ ՀՀ դրամը

 

Կանոնակարգով հատուկ պահանջներ են նախատեսված ոչ միայն թողարկողների, այլ նաև անմիջականորեն օպերատորի համար։ Օրինակ՝ Կանոնակարգով սահմանված դեպքերում օպերատորի համար սահմանվել է մինչև գործարքի իրականացումը հաճախորդին նախազգուշացնելու պարտադիր պահանջ կամ թողարկողի կողմից քրաուդֆանդինգի հարթակի միջոցով առաջարկ կատարելու ժամանակ, եթե ոչ պրոֆեսիոնալ ռեզիդենտ ֆիզիկական անձի ներդրումը գերազանցելու է 300,000 ՀՀ դրամը, ապա հարթակի օպերատորը պետք է լրացուցիչ նախազգուշացնի կատարվելիք ներդրման հնարավոր ռիսկերի մասին։

 

ՀՀ օրենսդրությունը որոշակիորեն կարգավորում է քրաուդֆանդիգի մասով իրավահարաբերությունները, անհրաժեշտ ընթացակարգեր և պահանջներ սահմանելով ինչպես թողարկողների, այնպես էլ քրաուդֆանդինգի օպերատորների համար։

 

Ուրախ ենք նաև հայտնել, որ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը (լիցենզիայի համար՝ ՆԸ0023)՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ։  ԱՌՖԻ-ն քրաուդֆանդինգային հարթակ է, որը թույլ է տալիս մարդկանց ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավոր բիզնեսներում, և նոր ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։ Հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումը, ներդրողների համար լրացուցիչ եկամուտների ստեղծումը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը։

 

Մեր թիմը կարող է Ձեզ օգնել տրամադրելով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն քրաուդֆանդինգի ոլորտում, ինչպես նաև աջակցել Ձեզ թողարկման հետ կապված գործընթացներում։

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

                                                                                                                

 

Լենա Միտիչյան

Ավագ իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]

Միլենա Թաշչյան

Իրավախորհրդատու, փաստաբան

 

[email protected]

 

 

lena

 

 

8ae06b0c-1444-4b07-b2d1-4c9c759bc448-2