Աշխատանքային օրենքի փոփոխություններ

2023 թվականի մայիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ծավալուն փոփոխություններ և լրացումներ իրականացնելու օրենսդրական նախագիծը։ Օրենսդրական նախագծով օրենսգրքում կատարվել են մի շարք փոփոխություններ.

 

1. Աշխատանքային հարաբերություններում սահմանվել է բռնության կամ ոտնձգության արգելք.

 

2. Այսուհետ աշխատանքային պայմանագրերում պարտադիր նշման է ենթակա, ի թիվս այլնի, աշխատողին վճարվող աշխատավարձի չափը՝ օրենքով սահմանված հարկերի և պարտադիր այլ վճարների հետ միասին։

 

3. Աշխատանքային պայմանագիրն այսուհետ կարող է կնքվել նաև փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջև փոխանակելով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից:

 

4. Փոփոխության արդյունքում աշխատանքային գործառույթները, լինելով էական պայման, պետք է հստակ սահմանվեն աշխատանքային պայմանագրերում։ Ուստի ստացվում է, որ գործատուները չեն կարող սահմանել ոչ հստակ գործառույթներ, օրինակ, «գործատուի այլ հանձնարարությունների կատարում»։

 

5. Հստակեցվել են այն դեպքերը, երբ աշխատանքային պայմանագիրը լուծված համարելու համար առկա չէ անհրաժեշտություն որևէ իրավական ակտի ընդունման։ Օրինակ, այն պարագայում, երբ ֆիզիկական անձ գործատուն մահանում է, աշխատանքային պայմանագիրը լուծված է համարվում առանց որևէ գրանցման կամ իրավական փաստաթղթի, այն է՝ օրենքի ուժով, ի տարբերություն նախկին կարգավորման, որի շրջանակում ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատողը կարող էր միակողմանիորեն լուծել պայմանագիրը՝ մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի հիման վրա։

 

6. Աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցման ժամկետների խախտման դեպքում սահմանվել է սանկցիա։

 

7. Հաստիքների կրճատման հիմքով ազատվող աշխատողների ընտրության հարցում գործատուն պետք է հաշվի առնի որոշակի հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ,  աշխատողի՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող լինելը, հաշմանդամությունը, ընտանիքի՝ օրենսգրքով սահմանված տարիքի հասած միակ գործունակ աշխատող լինելը և այլն: Հակառակ դեպքում աշխատանքից ազատելու մասին հրամանը կլինի անվավեր։

 

8. Ոչ լրիվ աշխատաժամանակ է սահմանվել մեկի փոխարեն մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով։ Այս աշխատողներին, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Սահմանված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:

 

9. Գործատուներին հնարավորություն է տրվել առանց աշխատողի՝ արձակուրդ տրամադրելու մասին դիմումի որոշել աշխատողին արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը, եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից։

 

10. Սահմանվել է նաև ուսումնական արձակուրդի նոր տեսակ, որը վերաբերում է օտարերկրյա ուսումնական հաստատություններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ուսումնական արձակուրդին։ Ուսումնական արձակուրդը տարածվում է ուսման ողջ ժամանակահատվածի վրա, սակայն չի կարող լինել երկու տարուց ավելի:

 

11. Գործատուին հնարավորություն է տրվում նախքան անձին աշխատանքի ընդունելն իր մոտ կամ այլ վայրում կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշխատանքի ընդունվող անձին վճարելով վարձատրություն՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Մասնագիտական ուսուցումից հետո գործատուի մոտ աշխատանքի ընդունվելուց հրաժարվելու կամ անձի կողմից պարտականություններն իր մեղքով չկատարելու դեպքում, մասնագիտական ուսուցում անցած անձը գործատուի պահանջով կփոխհատուցի մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով։

 

12. Գործատուն իրավունք ունի ներգրավել փորձնակների և իր մոտ կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ մինչև երկու ամիս ժամկետով, ոչ ավելի քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

 

Մեր թիմն ունի աշխատանքային իրավահարաբերություններում իրավական աջակցության տրամադրման մեծ փորձ։ Մեր իրավաբանները մշակում անհրաժեշտ պայմանագրեր և այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովում աշխատանքային վեճերի պարագայում իրավունքների պաշտպանություն։ Դիմեք մեզ՝ ստանալու համար պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն և պաշտպանություն: