ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային ժողովը 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ամբողջությամբ ընդունել է մի ամբողջ օրենսդրական փաթեթ (այսուհետ նաև՝ «Օրենք»)՝ համաձայն որի.

 

  1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման):

 

Այժմյան կարգավորմամբ օրենսդրությունը «հնարավորություն է տալիս» կառուցապատողին առանց շինարարության թույլտվության կատարելու կառուցապատում և այնուհետև դիմելու համայնքին՝ ինքնակամ կառույցը օրինական ճանաչելու խնդրանքով՝ այդպիսով խուսափելով ամբողջ կառուցապատման համար օրենսդրությամբ նախատեսված գործընթացից։

 

Օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում չեն կարող այլևս գործել հանրության մոտ առկա այն հեռանկարային մտքերը, ըստ որի՝ առանց շինարարության թույլտվության կատարվող կառուցապատումից հետո հնարավոր կլինի կատարել ինքնակամ կառույցի օրինականացում։ Խոսքը վերաբերում է նաև կիսակառույց վիճակում գտնվող կառույցներին/կամ շինության հատվածներին։ Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում կարգելվի նաև այդ կիսակառույց շինությունների կառուցապատման աշխատանքները շարունակելու գործընթացը։

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտի բողոքարկումը չի հանգեցնում այդ վարչական ակտի կատարման կասեցմանը։

 

Սա ենթադրում է հետևյալի մասին. Ինքնակամ կառույցի քադման մասին որոշման բողոքարկման մեխանիզմն օգտագործելով հնարավոր չի լինի կասեցնել կառույցի քանդման աշխատանքները, ինչը գործնականում այժմ կիրառվում է[1]։

 

  1. Ինքնակամ կառույցի հեղինակը ենթարկվում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության։

 

Օրենքը չի սահմանափակվում միայն ինքնակամ կառույցների օրինականացման արգելքով։ Ցանկացած անձ նման գործունեություն իրականացնելու արդյունքում ենթակա է վարչական և քրեական պատասխանատվության։ Խստացվել են վարչական պատասխանատվությամբ նախատեսված տույժերի չափը, մասնավորապես դարձնելով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգահարյուրապատիկի չափի։ Տեղի է ունեցել նաև քրեական պատասխանատվության խստացում, մասնավորապես դարձնելով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգահարյուրապատիկից երեքհազարապատիկի չափի, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:

 

Վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսվել նաև համայնքի ղեկավարի, ինչպես նաև  հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ։

 

  1. Օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում վերջինիս հետադարձ ուժ չի տրվելու։

 

Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ տարածվում են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Սա չի ենթադրում, որ դրանք պարտադիր ենթակա են օրինականացման։ Այսինքն, եթե ինքնակամ կառույցի հեղինակը դիմի իրավասու մարմին այն օրինականացնելու նպատակով և օրենսդրությամբ նախատեսված բոլոր պայմաններին համապատասխանեն, ապա այն կարող է օրինականացվել։ Հակառակ պարագայում իրավասու մարմինը կարող է օրինականացման մերժման մասին որոշում տրամադրել։

 

  1. Համայնքի (ներառյալ՝ Երևան քաղաքի) ղեկավարը ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

 

Որպես վերահսկողական լծակ, Օրենքով քաղաքաշինության բնագավառում համապատասխան տեսչական մարմնին (այսուհետ նաև՝ «Տեսչական մարմին») տրվում է համայնքի ղեկավարի կողմից կողմից վերոգրյալ որոշման կատարման ապահովման նկատմամբ վերահսկողական լիազորություն։ Ավելին, Օրենքով Տեսչական մարմինը հնարավորություն է ստանում կայացնելու համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին վարչական ակտ, եթե համայնքի ղեկավարը տեսչական մարմնի կողմից նախատեսված ժամկետում չի կայացրել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կամ իր լիազորությունների շրջանակներում չի ապահովել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

 

Տեսչական մարմնի կողմից կայացված որոշումը ենթակա է լինելու հարկադիր կատարման, իսկ քանդման ամբողջ ծախսերը գանձվելու են ինքնակամ կառույցի հեղինակից։

 

  1. Ինչպե՞ս պետք է վարվեն ինքնակամ կառույցի «սեփանատերերը».

 

Օրենքով սահմանվել է համապատասխան ժամանակացույց, համաձայն որի՝ ինքնակամ կառույցների (ներառյալ ինքնակամ կառույցների) հեղինակները իրենց կառույցները ներկայացնեն հաշվառման ՀՀ Կադաստրի կոմիտե Կառավարության որոշմամբ սահմանված կարգով`

 

  • 2021 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենքն ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում.
  • մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.
  • մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը.
  • մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

 

Ծանոթագրություն` Օրենսդրական փաթեթն ընդգրկում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

Շուշանիկ Վարդանյան

Իրավախորհրդատու, փաստաբան

[email protected]


[1] Նման կարգավորմանը իրավական ուժ տալու հնարավոր ռիսկերի մասին առանձին այլ ակնարկով մեր թիմը կանդրադառնա։