Նոր սահմանափակումներ կադաստրային տեղեկատվություն ստանալու գործընթացում

Օրենսդրական փոփոխության արդյունքում կսահմանափակվեն իրավատեր չհանդիսացող անձանց կողմից կադաստրային տեղեկատվություն ստանալու իրավունքները, այդ թվում՝ փաստաբանների և նոտարների համար։ Սույն իրավական ակնարկում փորձել ենք ամփոփել նախագծի բովանդակությունն ու քննարկել վերջինիս ընդունման բացասական հետևանքները։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ «Նախագիծ») առաջարկվում է օրենքով սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից իրավատեր չհանդիսացող անձի կողմից տեղեկությունների ստացման պայմանները, ինչպես նաև փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: Այժմյան կարգավորումների համաձայն՝ ինչպես փաստաբանները, այնպես էլ նոտարները օրենքով հնարավորություն ունեն ազատորեն ստանալու ցանկացած կադաստրային տեղեկատվություն՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով իրենց վերապահված իրավազորություններ շրջանակը։

 

ՆԱԽԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում առկա է լինելու հետևյալ իրավիճակը.

 

  1. Կադաստրային տեղեկատվության կազմից տեղեկատվությունը այլ անձանց այսուհետ տրամադրվելու է բացառապես իրավատիրոջ (սեփականատեր, վարձակալ, և այլն) կողմից գրավոր և նոտարական վավերացված համաձայնության առկայության դեպքում, և
  2. Փաստաբաններն ու նոտարներն այլևս հնարավորություն չեն ստանալու առանց համապատասխան համաձայնության կադաստրային տեղեկատվության կազմից հանելու տեղեկություններ։

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Նախագծում տեղ գտած փոփոխությունները հեղինակները հիմնավորվում են տեղեկատվության ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացման երաշխավորմամբ և անձնական տվյալների պատշաճ պաշտպանությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ քաղաքացիների և փաստաբանների ու նոտարների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում: 

 

Ըստ հիմնավորման՝ փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, իսկ վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել նրան տրված լիազորագրի հիման վրա:

 

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Սահմանադրության 64-րդ հոդվածը հստակ նախատեսում է յուրաքանչյուր անձի՝  իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորում է փաստաբանության գործունեությունը, որը հիմնված է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա:

Միաժամանակ,  «Փաստաբանության մասին» օրենքը նախատեսում է փաստաբանի՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց դիմելու իրավունքը: Հաջորդաբար, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն էլ պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:

Նախևառաջ, նման կարգավորումների համատեքստում կարելի է առնվազն փաստել, որ փաստաբանին տրամադրվող հնարավորությամբ է պայմանավորված վերջինիս գործունեությամբ ստացված արդյունքի և օգտագործված ռեսուրսների հարաբերակցությունն ու լիաժեք իրավաբանական օգնություն ցուցաբերելու արդյունավետությունը։ Ուստի, նման պայմաններում հիմնավորել, որ «փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ», առնվազն անհարկի է՝ էականություն տալով ՀՀ Սահմանադրությամբ փաստաբանի կողմից անձին արդյունավետ և որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելու իրավական երաշխիքները։

Բացի այդ, դեռևս միջազգային փորձը վկայում է այն մասին, որ պետության կողմից վարվող տեղեկատվական բազաները պետք է հասանելի լինեն հանրությանը, քանի որ այդպիսով պետության մեջ առկա է լինում տեղեկատվության ազատության ու ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հանրային վերահսկողություն,:

Վերջապես, նման կարգավորում ամրագրվելու արդյունքում էլ ավելի թանկ են դառնալու անշարժ գույքի հետ կապված գործարքները և ստեղծվելու է անհարկի բյուրոկրատիա։

Նախագծի հեղինակը իր հիմնավորումներում նման փոփոխության ընդունման համար ներկայացնում է անձնական տվյալների պատշաճ պաշտպանության հանգամանքը։ Հարկ է նշել, որ նման հիմնավորումը տեղին կլիներ, եթե որևէ այլ օրենսդրական կարգավորում օրենսդիրը նախատեսած չլիներ։ Սակայն, ինչպես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը  այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը մատնանշում են նման կարգավորման մասին, ավելին՝ անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելու համար նախատեսում են պատասխանատվություն։

Ուշադրության է արժանի այն հանգամանքըմ, որ այժմյան կարգավորումները գործել են տարիներ շարունակ և նախագծի հեղինակները չեն տվել որևէ հիմանվորված և փաստարկված բացատրություն, թե ինչով և ինչպես է խոչընտոտվել հանրության կամ պետության շահը:

Փաստորեն, կարող ենք նշել, որ Նախագծի ընդունմամբ.

  • վերացվելու է կադաստրային գործերի մասով հավուր պատշաճի (due diligence) ուսումնասիրություն իրականացնելու հնարավորությունը, որը խոչընդոտ է հանդիսանալու անշարժ գույքի շուկայում ներդրումներ և մի շարք այլ գործընթացներ կատարելուն։ 
  • անհիմն ծանրաբեռնվելու է դատական համակարգը՝ հաշվի առնելով, որ փաստաբանը ստիպված է լինելու դատական կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
  • օրենքով կասկածի տակ է դրվելու փաստաբանի կողմից նշված տեղեկատվության ստացման և օգտագործման բարեխղճությունը։
  • էականորեն նվազելու է իրավաբանական օգնության տրամադրման դեպքում արդյունքների որոշման կանխատեսելիությունը։
  • անհարկի բյուրոկրատիա է առաջանալու ցանկացած անշարժ գույքի գործարք իրականացնելու համար։
  • նվազելու է անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարքի մասով պետության նկատմամբ վստահության մակարդակը։

 

Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

 

 

                                 Շուշանիկ Վարդանյան                         

                             Իրավախորհրդատու, փաստաբան,                                  [email protected] 

 

shushanik