ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳ 14
Հաճախորդի շաբաթական ահազանգ # 14
- Հարկային օրենսդրություն
- Ֆինանսական ոլորտ
- Հայկական տարազ
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հիմնական միջոցների ամորտիզացիայի նոր ժամկետի սահմանում
Ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ սահմանվեց ոչ պակաս, քան մեկ տարին: Այս հնարավորությունը ընձեռվում է բոլոր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին՝ միայն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար: Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումներին թույլ կտա օգտվել արագացված ամորտիզացիայի հաշվարկի հնարավորությունից:
Ազգային ժողովը միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Օրենքի փոփոխությունը` հղումով:
Ավելացված արժեքի հարկից ազատված նոր գործարքի սահմանում
Այսուհետ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը կամ գործառնությունների իրականացումը կդիտվի որպես ավելացված արժեքի հարկից ազատված գործարք ու գործառնություն։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Ավելին՝ հղումով։
Արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման նոր հնարավորություն
Այսուհետ հարկային մարմինը կունենա հասանելիություն տնտեսվարող սուբյեկտի բացած արժեթղթերի հաշիվների, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Ավելին՝ հղումով։
Շահութահարկի գծով նվազեցումներ կատարելու նոր հնարավորություն
Առաջարկվում է շահութահարկ վճարողի կողմից ֆիզիկական անձանց համար վճարված ծախսերը համախառն եկամտից նվազեցնել՝ նախկին 0,25 տոկոսի փոխարեն դարձնելով 0,5 տոկոս։ Այդ ծախսերն են ֆիզիկական անձանց օգնությունը, սննդի կազմակերպումը, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպումը և համանման այլ ծախսեր։
Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում։
Ավելին՝ հղումով:
Անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր կարգ
Առաջարկվում է անշարժ գույքը հարկել՝ հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։
Հարկի չափը ձևավորվելու է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգի հիման վրա։
Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը հավանության է արժանացել ՀՀ Կառավարության կողմից։
Նախագիծը՝ հղումով:
ֆինանսական լիզինգի և դրանից բխող կարգավորումների փոփոխություններ
Նախագծով առաջարկվում է`
- սահմանել և հստակեցնել լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը,
- ապահովել միասնական մոտեցում գործընթացի բոլոր մասնակիցների համար, մասնավորապես հաշվառման մեթոդաբանության մասով՝ թե Լիզինգատուի, թե Լիզինգառուի եւ թե Մատակարար ընկերության մոտ,
- լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների գույքահարկի և վարչական տուգանքների գումարների վճարումն իրականացնել Լիզինգառուի հաշվառման վայրում, այլ ոչ թե Լիզինգատուի, ինչը կնպաստի համայնքների եկամուտների աճին։
- Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովում։
Ավելին՝ հղումով:
ՖԻՆԱՆՍԱԿԱն ՈԼՈՐՏ
Բանկերի և նրանց հաճախորդների էլեկտրոնային հաղորդակցում
Այսուհետ բանկերի և հաճախորդների միջև հաղորդակցումը (ներառյալ` ավանդատուներին քաղվածքների տրամադրումը) կատարվելու է էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային փոստի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ հաճախորդը գրավոր դիմումով պահանջում է փոստային հաղորդակցություն (նշենք, որ ներկայումս գործող կարգավորումներով հաղորդակցությունն իրականացվում է փոստի միջոցով, եթե հաճախորդը չի պահանջում այն կազմակերպել էլեկտրոնային եղանակով): Միևնույն ժամանակ, հաղորդակցման այդ կանոնները չեն գործի Հայաստանում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Մասնավորապես, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակն բանկը կարող է իր ծառայությունների մասին տեղեկություններ հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի պաշտոնական էջում, իսկ անհնարինության դեպքում` հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով: «Բանկային ավանդների ներգրավման», «Սպառողական կրեդիտավորման» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հունիսի 3-ին ընդունվել են առաջին ընթերցմամբ:
Ավելին` հղումով, հղումով և հղումով:
Սպառողական կրեդիտավորում
Սույն թվականի ապրիլի 13-ին շրջանառված Հաճախորդի ահազանգում մենք անդրադարձել ենք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում էր սահմանել, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը պետք է նշի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` ձեռագիր կամ էլեկտրոնային կարգով նշելով այդ տոկոսադրույքը, իսկ Կենտրոնական բանկին իրավասություն էր վերապահվում իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժակետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանել պարտադիր պահանջներ և պայմաններ: Հունիսի 3-ին օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
Ավելին՝ հղումով:
Անպարտաճանաչ պարտապանների անուններն այլևս չեն հրապարակվի
Այսուհետ Կենտրոնական բանկը չի հրապարակի անպարտաճանաչ պարտապանների անունները և անվնումները: «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հունիսի 3-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
Ավելին` հղումով:
Արժեկտրոնների վճարումն արտարժույթով
Ապրիլի 20-ին մենք Ձեզ տեղեկացրել ենք արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների, ռեպո պայմանագրերի և ածանցյալ ֆինանսական գործիքների գծով փոխանցումների վճարումների իրականացումն արտարժույթով թույլատրող` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հունիսի 3-ին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ավելին` հղումով:
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման նոր սահմանաչափեր
Ապրիլի 27-ին մենք Ձեզ ներկայացրել ենք Ազգային ժողով բերված օրենսդրական նախագիծ, որով բանկի անվճարունակության դեպքում ֆիզիկական անձանց ավանդների հատուցման առավելագույն սահմանաչափը կարող է դառնալ տասնվեց միլիոն դրամ դրամային ավանդների, և յոթ միլիոն դրամ՝ արտարժութային ավանդների դեպքում (նախկին տասը միլիոն և հինգ միլիոն դրամի փոխարեն): Հունիսի 3-ին «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ավելին` հղումով:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Ազգային Ժողով ներկայացված` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ այսուհետ ֆինանսական համակարգի հաշտարարին կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև միկրոձեռնարկատիրության սուբեկտ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, հունիսի 3- ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
Ավելին` հղումով: