Շաբաթական Ահազանգ 36

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Այսուհետ աշխատողի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն չներկայացնելու դեպքում գործատուն կարող է աշխատողին չթույլատրել գտնվելու աշխատավայրում և այդ ժամանակահատվածի համար չվճարել աշխատավարձ՝ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը։

Նշված հիմքով աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի կողմից պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է աշխատողին հեռացնել աշխատանքից՝ վերջինիս ծանուցելով ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Փոփոխությունն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և կգործի մինչև՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ արտակարգ դրության եւ (կամ) կարանտինի ավարտը:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հարկային հսկողության շրջանակներում ներառել նաև թեմատիկ ուսումնասիրությունը։ Նման դրույթի շրջանակներում հարկային մարմինը կլիազորվի հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ: Ընդ որում, թեմատիվ ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այդ ուսումնասիրությունը կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության:

Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է ՀՀ կառավարության որոշմամբ 11.11.2021 թվականին։

Ավելին՝ հղումով։

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Օրենքի նախագծով նախատեսվում է hարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Բացառություն կկազմեն համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքները, որոնց քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով։

Օրենքի փոփոխության նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից` 09.12.2021 թվականին։

Ավելին՝ հղումով։

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված մաքսային մարմնի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումների բողոքարկման բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է ՀՀ կառավարության որոշմամբ 09.12.2021 թվականին։

Ավելին՝ հղումով։

 

 

ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՏԵՍԱԿ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՏԵՍԱԿ

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգումը ներառել թեմատիկ հարկային ստուգման ցանկում` հարկային մարմնին իրավասություն տալով հարկ վճարողների մոտ ի թիվս այլ ստուգումների իրականացնել նաև պետական տուրքի վճարման ճշտության ստուգում:

Օրենքի փոփոխության նախագծին հավանություն է տրվել է Կառավարության որոշմամբ` 25.11.2021 թվականին։

Ավելին՝ հղումով։

 

 

COVID-19

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն Հրամանում կատարված փոփոխությունների` 2021 թվականի դեկտեմբերի 1-ից աշխատողները, յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Ավելին` հղումով