Տնաշխատների հետ կնքվող պայմանագիր

Download

Հարգելի΄ գործատուներ,

 

Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ՀՀ կառավարությունը հորդորում է քաղաքացիներին հնարավորության դեպքում դուրս չգալ ու աշխատել տանից։ Օրեր առաջ նաև Ազգային ժողովն ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չպահպանելու համար պատասխանատվություն նախատեսող օրենքներ:

Այս պարագայում առաջանում է ձեր աշխատակիցների կողմից իրականացվող հեռավար աշխատանքը պայմանագրային կարգավորման ենթարկելու անհրաժեշտություն` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքրի 98-րդ հոդվածի (Տնաշխատների հետ կնքվող պայմանագիր)։ Մեր թիմը պատրաստել է աշխատակիցների կողմից տանից կատարվող աշխատանքը կարգավորող հիմնական իրավադրույթներ պարունակող օրինակելի փաստաթուղթը, որն անվճար է ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ բիզնես հանրության համար: Այս փաստաթուղթը, կնքվելու դեպքում, կհամարվի ձեր և ձեր աշխատակցի միջև կնքված հիմնական աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մասը և ուղղված կլինի տանից կատարվող աշխատանքը ձեր կողմից վերահսկելի դարձնելուն։ Իհարկե այն կարելի ըստ կազմակերպության գործունեության բնույթի փոփոխել ու կատարել համապայասխան ու անհրաժեշտ լրացումներ:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հեռավար աշխատանքը կարգավորելու նպատակով, մշակել ու շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ: Ազգային ժողովի կողմից նախագծի ընդունման պարագայում մենք կվերանայենք այս փաստաթուղթը:

Բացի այդ, տանից կատարվող աշխատանքի կազմակերպման գործընթացը դյուրացնելու նպատակով, ցանկանում ենք ստորև ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ օգտակար հավելվածներ և հղումներ՝

 DocuSign* ծրագրի միջոցով դուք հնարավորություն կունենաք ապահովել օնլայն հարթակում ձեր փաստաթղթերի ստորագրումը։

 CamScanner** հավելվածը ձեզ թույլ կտա հեռախոսի միջոցով իրականացնել ցանկացած փաստաթղթրի սկանավորում:

Authenticator*** հավելվածի շնորհիվ ձեր աշխատակիցների կողմից օգտագործվող գաղտնաբառերը կլինեն պաշտպանված:

Zoom**** հավելվածի միջոցով դուք կկարողանաք կազմակերպել հեռավար տեսակոնֆերանսներ:

Լրացուցիչ աջակցության անհրաժեշտության պարագայում՝ խնդրում ենք դիմել մեր ընկերության գործընկերներից մեկին կամ ձեզ սպասարկող իրավաբանին: