ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը։ Այս առումով շատ կարևոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբեկտիվորեն ձևավորվող իրավիճակներում

Քիչ չեն դեպքերը, երբ փաստաբանը իրավաբանական օգնություն ցուցաբերելու ընթացքում պարզում է, որ իր պաշտպանյալն իրականում կատարել է այն հանցագործությունը, որի համար նրան մեղադրում են, սակայն պաշտպանյալը այն ժխտում է: Կամ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պաշտպանյալը փաստաբանի առջև խոստովանում է իր կատարած հանցագործության մասին, սակայն դատարանում այն ժխտում է: Ինչպե՞ս պաշտպանել մարդուն, որի կատարած հանցագործությունը հակասության մեջ է մտնում քո ներքին համոզմունքների հետ: Ինչպե՞ս նպաստել, որ պայմանականորեն ասած մանկահասակ երեխային բռնաբարող հանցագործը հայտնվի ազատության մեջ և այլն:

Թերևս սրանք հարցեր են, որոնք չունեն միանշանակ պատասխաններ, սակայն այստեղ ուղղակի անհրաժեշտ է անդրադառնալ փաստաբանի վարքագծին:

Ինչպես հայտնի է փաստաբան-պաշտպանյալ/վստահորդ հարաբերություններում փաստաբանից պահանջվում է պաշտպանության համառ և հետեւողական իրականացում: Պաշտպանի գործունեության մեջ էական դեր է խաղում նրա մասնագիտական էթիկան:

Փաստաբանի բարոյական կասկածների ու տառապանքների մասին իր կարծիքն է արտահայտել ռուս փաստաբան Մ. Կազարինովը փաստաբաններ Ազունովի ու Արոնսոնի գործով: Ըստ նրա «Քրեական գործերի բաժանումը փաստաբանների համար ընդունելիների և անընդունելիների, արմատապես սխալ է: Դատարանում փաստաբանության հին ու փորձառու ներկայացուցիչներից մենք լսել ենք համակրելի և անհամակրելի գործերի մասին: Համակրելին այնպիսի գործեր են, որոնցում հասարակական խիղճը ամբաստանյալի կողմն է: Նման գործերը արձագանք չի գտնում դատավորների սրտում հետևաբար արդարացնող դատավճիռն ապահովված է: Սակայն լինում են դեպքեր, երբ ամբաստանյալն խրված է մեղքերի ու հանցանքների մեջ, օրինավորն ու ազնիվն նրանից երես են թեքել, իսկ դատավորների սրտերը լցված են զայրութով: Այս դեպքում մեղադրական դատավճիռն ապահովված է: Նման գործերում անհրաժեշտ է նվիրված և անձնազոհ պաշտպանությունն, որի խնդիրն է ամբաստանյալի և դատավորի միջև վերականգնել խզված բարոյական կապը, ցույց տալ, որ ամբաստանյալը նույնպես մարդ է՝ Աստծո կնիքով և աստվածուրաց գծերով, հարկ է նրա նկատմամբ առաջացնել դատողների կարեկցանքը»:

Փաստաբանը կոչված է պաշտպանելու ոչ թե հանցագործությունն, այլ մարդուն, նրա իրավունքներն ու օրինական շահերը, կանխելու չհիմնավորված դատապարտումն ու անարդարացի պատիժը: Փաստաբանի մասնագիտական էթիկայի գործնական նշանակությունը պայմանավորվում է նրանով, որ նա օգտվում է դատական ամբիոնից, որը նրան հնարավորություն է ընձեռում ներազդելու մարդկային զանգվածի գիտակցության վրա: Որոշակի սահմանափակ դեպքերում փաստաբանը կարող է օգտվել նաև հանրային հարթակներից, երբ դատական ամբիոնը ակնհայտորեն իրեն թույլ չի տալիս արդյունավետորեն ներազդելու մարդկային զանգվածի գիտակցության վրա։ Այստեղից պետք է հետևեցնել, որ փաստաբանի բարոյական նկարագիրը և նրա արժեքային կողմնորոշումները ստանում են անմիջական հասարակական նշանակություն:

Ռուս հայտնի փաստաբան՝ Կոնին այս առումով արդարացիորեն գտնում էր, որ քրեական պաշտպանությունն ավելի շատ առիթներ է տալիս պահանջներ ներկայացնելու բարոյական ոլորտից, քան մեղադրողի գործունեությունը, ամբաստանյալի ու հասարակության միջև առաջացած բարդ ու բազմիմաստ հարաբերությունների պատճառով:

Որպես կանոն, դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավասու է գործի նկատմամբ գրավել այնպիսի դիրք, որը համապատասխանում է իր ներքին համոզմանը: Մինչդեռ փաստաբանը մի շարք դեպքերում ստիպված է լինում խլացնել իր ներքին համոզմունքը, քանի որ նա չի կարող հրաժարվել պաշտպանությունից նույնիսկ այն դեպքում, երբ հանցագործության բնույթը լրիվ հակառակ է այսպես ասած բարոյական զգացումին: Նման դեպքերում պաշտպանյալի շահերը համաձայն փաստաբանի կոչման պետք է ավելի բարձր դասվեն ճշմարտության շահերից, քանի որ փաստաբանն իր կոչմանը հավատարիմ իրավունք չունի բացահայտելու այն հանգամանքներն որոնք մերկացնում են իր պաշտպանյալին:

Փաստաբանի գործունեությունը դատախազականից տարբերվում է նրանով, որ փաստաբանը պարզաբանում է գործի այն հանգամանքները, որոնք արդարացնում կամ մեղմացնում են ամբաստանյալի մեղքը: Հիպոկրատի պատվիրանը (առաջինը չվնասել), վերաբերվում է ոչ միայն բժիշկներին, այլև փաստաբաններին: Նրանք պարտավոր են իրենց գործունեությամբ վնաս չպատճառել պաշտպանյալի շահերին: Այս առումով պետք է փաստել, որ փաստաբանի համար առաջնահերթ խնդիր է իր պաշտպանյալի օրինական շահերը: Այստեղ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ի վերջո փաստաբանը արդարադատություն իրականացնող մարմին չէ և վերջնական որոշում կայացնողը միշտ էլ դատարանն է:

Իրավաբանական բացատրական բառարանների մեջ փաստաբանական գործունեությունը բնորոշվում է հետևյալ կերպ. «Փաստաբանական օգնությունը իրենից ներկայացնում է համալիր գործողություններ, որոնք վստահորդի համար առավել բարենպաստ արդյունքի հասնելու նպատակով ազդեցություն են ունենում իրավահարաբերությունների վրա»: Այստեղից էլ պետք է եզրակացնել, որ փաստաբանի գերագույն գլխավոր նպատակը իր վստահորդի շահերն են:

Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում` առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման` չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը: Այս առումով պարզ է, որ փաստաբանների համար հաճախորդի շահը ավելին է քան բուն արդարադատությունը: Ընդ որում, նմանատիպ նորմ առկա է գրեթե բոլոր զարգացած երկրների օրենսդրություններում:

Իհարկե ես ընդունում եմ, որ շատ մարդիկ կհակադրվեն այս մոտեցմանը, բայց մի բան ակնհայտ է, որ եթե պաշտպանյալը հրապարակայնորեն ժխտում է իր մեղսակցությունը, ապա փաստաբանը օրենսդրորեն կաշկանդված է այն ընդունելու: Տվյալ դեպքում փաստաբանը կարող է հրաժարվել այդ գործից, բայց այն միանշանակորեն կարող է ազդել իր հետագա վարկանիշի վրա:

Մի առիթով ինձ հարցրեցին թե ինչպես եմ ես նպաստելու նրան, որ մեկ տարեկան երեխային վերցնեն մորից և հանձնեն հոգեբանորեն անհավասարակշիռ հորը, որը պատրաստվում է այդ երեխային տանել արտասահման և նրա դաստիարակությունը հանձնել սոցիալական մարմիններին: Երբ  ես մտածեցի այդ հարցի վրա մի պահ վարանեցի, քանի որ բարոյական այն ֆոնը, որը ստեղծում էր զրուցակիցս, անկասկած հիմնվելով բացառապես ենթադրությունների վրա, որոշակի առումով ճնշող էր։ Երբ ինձ հաջողվեց մի կողմ թողնել էմոցիաներն ու ենթադրությունները, ապա հասկացա, որ փաստաբանը երբեք չպետք է խորամուխ լինի գործի այսպես ասած «բարոյական[1]» մասի մեջ, դա փաստաբանի համար ճահիճ է, որից նա դժվարորեն կարող է դուրս գալ: Զգացմունքային դաշտում փաստաբանը անխուսափելիորեն ջախջախվելու է և զգացմունքը փաստաբանի համար թույն է, ուստի ըստ իս փաստաբանը կոնկրետ գործի զգացմունքային մասը պետք է թողնի բանասերներին և լրագրողներին:

Փաստաբանի համար կոնկրետ գործը դա խնդիր է, որը նա պետք է լուծի իրավունքի շրջանակներում ուշադրություն չդարձնելով այդ գործում հանդես եկող անձանց: Այս խնդրի լուծման համար փաստաբանը կարող է օգտագործել օրինական կարգով այն ամենը ինչը հնարավորություն կտա բարելավել իր պաշտպանյալի կարգավիճակը: Սրա հետ միաժամանակ, փաստաբանի համար անընդունելի պետք է լինի այնպիսի միջոցներ ինչպիսիք կրում են անօրինական բնույթ (կաշառք, շանտաժ, նենգ միջոցներ, այլ անօրինականություններ և այլն): Ի վերջո փաստաբանը հանդիսանում է նաև իրավունքի զինվոր, քանի որ բոլոր ժամանակներում փաստաբանները «ոչ ցանկալի» մարդիկ են եղել հատկապես իշխանության ներկայացուցիչների համար: Այս առումով հատկանշական է ռուսական փորձը։ Մասնավորապես, երբ Ռուսաստանի թագավոր Պետրոս I-ը 1698թ.-ին Անգլիայում այցելեց դատարան այնտեղ տեսավ «օրենսգետներին» այսինքն փաստաբաններին՝ պատմուճանով և կեղծամով: Նա հարցրեց՝ «Ովքե՞ր են սրանք և ի՞նչ են այստեղ անում» «Սրանք բոլորը օրենսգետներ են Ձերդ Գերազանցություն» - պատասխանեցին նրան: «Օրենսգետնե՞ր – զարմացավ Պետրոսը: - Ինչի՞ համար են նրանք: Իմ ամբողջ թագավորությունում միայն երկու օրենսգետ կա, որից մեկին, երբ վերադառնամ պետք է կախաղան հանեմ»: Նույն կարծիքին է եղել նաև Եկատիրինա II-ը. «Քանի դեռ ես ողջ եմ փաստաբաններն ու դատախազները ինձ մոտ օրենսդրությամբ չեն զբաղվելու, իսկ իմ մահից հետո կհետևեն այն սկզբին, որը կհիմնեմ ես»: Այս առումով նա լիովին ճշմարիտ էր, քանի որ իմպերատոր Նիկոլայի I-ը նույն հաստատակամ ոճով ասում է կնյազ Գոլիցինինին, որը պնդում էր փաստաբանության ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին. «Ոչ, կնյազ, քանի դեռ ես թագավորելու եմ, Ռուսաստանին պետք չեն փաստաբաններ: Կապրենք նաև առանց նրանց»:

Վերը նշվածը ցույց է տալիս, որ փաստաբանները հաճախորդների շահերից զատ նաև ի լույս են հանում այն մութ գործերը, որոնք իրականացնում են բոլոր ժամանակների իշխանության կրողները, ուստի այդ առումով փաստաբանին կարելի է կոչել նաև իրավունքի զինվոր:

 

[1] «Բարոյական» բառը օգտագործվում է խիստ պայմանական, քանի որ օրենքների միջոցով, որպես կանոն, արտահայտվում է ոչ միայն իրավունքը այլ նաև տվյալ հասարակության կողմից ընդունված բարոյականությունը։